Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը առաջին հերթին ԱՄՆ Հայ Դատի համակարգի եւ հատկապես Վաշինգտոնի գրանսենյակի երկարատեւ ու հետեւողական աշխատանքների արդյունքն է։ Բնականաբար, կա նաեւ քաղաքական ժամանակահատվածի գործոնը, հատկապես Վաշինգտոն-Անկարա հարաբերություների ներկա համապատկերը, միջին արեւելյան տարածաշրջանում շահերի բախման որոշակի կետերն ու հատկապես Սիրիայում վերջին ռազմական գործողությունների համատեքստը նկատի ունենալով։

Քաղաքագիտական այբուբենը հիշեցնում է, որ  երկկողմ ուղղությունների  շահերի բախման կամ  համընկնման կետերի հատման պահի օգտագործումը երրորդ կողմի համար ստեղծում է նպաստավոր պայման՝ առավելություն ձեռք բերելու համար։ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը փաստորեն քաղաքական արվեստի տիրապետման փաստ հրամցրեց եւ ճիշտ պահին խբեց թիրախին։

Արժե հիշել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 1975-ին եւ 1984-ին հանդես է եկել ճանաչման բանաձեւերով․ 1982-ին նախագահ Ռեյգանը իր ապրիլքսանչորսյան ուղերձում հիշատակել է ցեղասպանություն եզրը։

Երեսունհինգ տարի անց ներկայացուցիչների պալատը ամրագրում է ցեղասպանության ճանաչումը եւ դրան զուգահեռ կարեւոր դրույթներ արձանագրում, որոնք պատմաբարոյականից ավելի որոշակի կիրառական նշանակություն են նախանշում։

  1. Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը՝ պաշտոնապես ճանաչելու եւ հիշատակելու ճանապարհով.
  2. Արգելել  ԱՄՆ կառավարության՝ Հայոց Ցեղասպանության կամ որեւէ այլ ցեղասպանության ժխտման գործընթացում  ներգրավվելու, ներառվելոււ կամ որեւէ ձեւով առնչվելու փորձերը։
  3. Խրախուսել Հայոց Ցեղասպանության փաստերի, ներառյալ մարդասիրական օգնության գործում ԱՄՆ դերի եւ մարդկության դեմ  ներկայիս իրականացվող հանցագործություններին եւ Հայոց ցեղասպանության միջեւ առնչությունների վերաբերյալ  կրթությունը եւ հանրային իրազեկությունը։

Առաջին կետը բաւական ճանապարհ է անցել․ ԱՄՆ նահանգներից 49-ը արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ հերթականորեն ոգեկոչում զոհերի հիշատակը։ Երկրորդը դեպի ժխտողականության քրեականացում  նախանշող ուղու որդեգրմանը նպաստող դրույթներ է պարփակում իր մեջ։ Մինչ երրորդը անկախ կրթական ծրագրերի Հայոց ցեղասպանության պատմականը ներառելու կոչից քաղաքական խիստ ուղերձ է պարփակում ուղղված Անկարային։ Դա պարզորեն մեկնաբանվում է  միեւնույն պետության ուղղակի եւ միջնորդավորված ցեղասպանություն կամ ցեղային զտումներ կատարելու հանգամանքին։ 20-դ դարում ուղղակի կազմակերպելով, 21-րդ դարում աջակցելով եւ ֆինանսավորելով իսլամական ահաբեկչական խմբավորումներին։

Նոր կարեւոր հանգամանք եւս դիտարկվում է այս բանաձեւի որոշման առիթով։ Դա Արցախի Հանրապետության արտգործնախարարի անձամբ ներկայությունն է ներկայացուցիչների պալատի նիստին։ Նախարարի արձագանքմամբ՝  Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Այստեղ արդեն հստակ է Անկարայի աջակցությունը ռազմական հանցագործություններով, ցեղասպանական ծրագրերով  պետական ահաբեկչական միավոր՝ Ադրբեջանին։ Իսկ ԱՄՆ-ը համանախագահող միջնորդ է արցախյան բանակցություններին։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր