Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Հունաստանի Կրետե կղզում մասնակցեց Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցու 350 ամյակին նվիրված միջոցառումների շարքի փակմանը:
Հիշեցնենք, որ տեղի հայկական եկեղեցու 350 ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել էր դեռևս 2019թ. մայիսի 4-ին, հանդիսապետությամբ հովվապետական այցով Կրետե ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Կրետեում Տաթև Սրբազանին դիմավորեցին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդին, ծխական խորհրդի անդամներ ու հավատացյալներ:
Հոկտեմբերի 6-ին սուրբ Պատարագ մատուցեց գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և իր օրհնությունը բաշխեց ներկա հավատացելոց և ուխտավորաց: Նշենք, որ Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարից Սրբազանն իր հետ Կրետե էր տարել Սուրբ Հովհաննես Մկրտչի Սրբազան մասունքը և երեք օր շարունակ հայերը, հույները և բոլոր ուխտավորները առիթ ունեցան երկրպագելու և դիմելու սուրբի բարեխոսությանը:
Հոկտեմբերի 7-ին Հույն Ուղղափառ Եկեղեցու Կրետեի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Իրենեոսն ընդունեց հայոց պատվիրակությանը, բարի գալստյան և օրհնության խոսք ուղղեց և շնորհավորեց հայոց եկեղեցու 350 ամյակի առիթով:
Կրետեում հայերի հաստատումը թվագրվում է դեռևս 961 թվականով, բյուզանդական ժամանակաշրջանում: Հետագայում, Վենետիկյան իշխանության ժամանակաշրջանում՝ 1211-1669թթ., Սևծովյան շրջանի և ընդհանրապես Մերձավոր ու Միջին Արևելքի հայերը, ենթարկվելով թուրքերի և մոնղոլների ճնշումներին, հաստատվում են Կանտիայում (այսօր՝ Հերակլիոն) 1363թ-ից հետո, Դորիանոյի Ս. Գևորգ եկեղեցու շուրջ, որն էլ հիմք հանդիսացավ ,,Հայկական թաղամաս,, անվանարկմանը: 1669թ. Կանտիան անցավ թուրքական տիրապետության տակ: Թուրքահպատակ մի հայ վաճառական՝ Աբրոն, գնեց Ս. Գևորգ եկեղեցին և նվիրեց քաղաքի հայերին: Եկեղեցին նվիրվեց Ս. Հովհաննես Կարապետին: Այն մեկն է Հերակլիոնի երեք եկեղեցիներից, որ թուրքական տիրապետության ժամանակ արտոնվեց գործել:
Եկեղեցին չափերով մեծ չէ, եռանավ է և տարիների ընթացքում կրել է փոփոխություններ: Նախնական տեսքից պահպանվել է միայն հարավային մուտքը, իսկ 1981թ. կառուցվել է հայկական տիպի զանգակատուն: Եկեղեցու բակում տեղադրված են գրեթե 30 մարմարե տապանաքարեր, որ թվագրվում են 1669թ-ից մինչև 1854թ-ը: Դրանք ունեն հայերեն, երբեմն էլ հունարեն ու թուրքերեն գրություններ: Հիշատակվում են հոգևորականների և աշխարհիկների անուններ, որոնք հավանաբար ծխական խորհրդի անդամ են եղելև թաղվել են թուրքական տիրապետության տարիներին: Եկեղեցու հյուսիս-արևմտյան մասում կա Հայոց Ցեղասպանության նահատակաց նվիրված հուշաքար:
1922թ. 2000 հայերի նոր հոսք է տեղի ունենում դեպի կղզի: Ստեղծվում է ծխական խորհուրդ, կազմակերպվում է օգնություն հայ ներգաղթյալների համար, հիմնվում է սպորտային միություն և անվճար դպրոց՝ եկեղեցու տարածքում՝ զմյուռնացի հարուստ վաճառական Հակոբ Միքայելյանի կողմից: Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը այստեղ գործել է մանկապարտեզ և տարրական դպրոց:
Հայերի նոր հոսք է նկատելի եղավ 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո: Կրետեի հայ համայնքն այսօր, հակառակ փոքրաթիվ լինելուն, շարունակում է արթուն և աշխույժ պահել իր հավատքը` հավատարմությունը պահպանելով իրենց հայրերի սրբազան ավանդների ու ժառանգության նկատմամբ: Կրետեն պատկանում է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությանը, որն էլ հոգևոր խնամք է տանում իր հոտի հանդեպ: Հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ավելին` երկու հավատակից ժողովուրդները դարեր շարունակ կողք կողքի են ապրել, արարել ու հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին ընկած փորձություններն ու տառապանքները, վերապրել նաև ցեղասպանությունը` հանուն հավատքի հեղելով իրենց արյունը, նահատակվելով հանուն Քրիստոսի:
Ռումանիոյ Հայոց Թեմի մամլո դիվան