Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 15ին բացվեց «Արարատ. Սրբազան լեռը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն թանգարանի հավաքածուում պահվող հայ դասական և ժամանակակից նկարիչների, այդ թվում՝ Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադևոսյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հովհաննես Զարդարյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գրիգոր Խանջյանի, Սեյրան Խաթլամաջյանի և Ռուբեն Գրիգորյանի 36 գեղանկարչական և 10 գրաֆիկական աշխատանք, որոնց մեծ մասը կցուցադրվի առաջին անգամ։

Յուրաքանչյուր արվեստագետի կտավում բիբլիական լեռը ներկայանում է յուրովի՝ արտահայտելով հեղինակի անհատական ընկալումներն ու ապրումները: Ցուցահանդեսի անցկացման գաղափարի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge համաշխարհային շարժումը։

Ցուցահանդեսը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում և կգործի մինչև նոյեմբերի 14-ը: #nationalgalleryofarmenia #AuroraForum #AuroraPrize #AraratChallenge #Ararat #holymount #exhibition

Ներկայացնում ենք նաեւ Քնարիկ Ավետիսյանի մեկնաբանությունը ցուցահանդեսի մասին։ 

Բիբլիական Արարատը, որպես հայ ժողովրդի ինքնության և հայրենիքի խորհրդանիշ, իր արտացոլումն է գտել հայ արվեստում` գրականության, երաժշտության մեջ և, հատկապես, կերպարվեստում:

«Արարատ. Սրբազան լեռը» այս բացառիկ ցուցահանդեսում ընդգրկված են հայ դասական և ժամանակակից նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադևոսյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հովհաննես Զարդարյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գրիգոր Խանջյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Մարտին Պետրոսյանի, Ռուբեն Գրիգորյանի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, որոնց գերակշիռ մասը «զուտ» բնանկար է։

Արարատի ու Արարատյան դաշտի նույն մոտիվի ընդհանրությամբ հանդերձ յուրաքանչյուր արվեստագետի կտավում բիբլիական լեռը ներկայանում է յուրովի՝ արտահայտելով հեղինակի անհատական ընկալումներն ու ապրումները, ծնում է ազգային ոգու, հայրենիքի նկատմամբ սիրո ու հպարտության նվիրական զգացումներ, որոնք սնել ու դաստիարակել են բազում սերունդներ։ Մասիսը, որպես մարդկության բնօրրան, հառնում է նախաստեղծ վեհությամբ (Հովհ. Այվազովսկի,
«Նոյն իջնում է Արարատից», 1889, Գ. Բաշինջաղյան, «Արարատ», 1912, Հ. Զարդարյան, «Արարատ», 1968), մի շարք նկարներում, որպես հայրենիքի հավաքական կերպարի կարևորագույն բաղկացուցիչ, ամբողջացնում է բնության գեղեցկությունը (Մ. Սարյան, «Արարատ», 1929, Գ. Յակուլով, «Հայաստան», մոտ. 1927, Ե. Թադևոսյան, «Արարատ», 1914, Փ. Թերլեմեզյան, «Մասիսը աշնանը», 1922, Ս. Խաթլամաջյան, «Արարատ», 1985), որոշ կտավներում ներկայանում է որպես անցյալի ու ներկայի կապի դարավոր վկա (Ստ. Աղաջանյան, «Երևանը Արարատի ֆոնի վրա գարնանը», 1923, Գ. Գյուրջյան, «Արարատը մայրամուտին», 1961, Վ. Կարապետյան, «Խոր Վիրապը և Փոքր Արարատը», 1968)։

Արարատի պատկերը տեղ է գտել նաև մի շարք թեմատիկ հորինվածքներում և դիմանկարներում. արտահայտում է հայրենի հողի և այն շենացնող մարդու ներդաշնությունը (Հովհ. Զարդարյան, «Սովխոզի աշխատող Արաքս Պողոսյանի դիմանկարը», 1953, Պ. Կոնտուրաջյան, «Վերադարձ հայրենիք», 1953), երբեմն՝ մարմնավորում է արհավիրքներին դիմակայելու ու գոյատևելու անկոտրում ոգին և հայրենիքի ապագայի տեսիլը (Գ. Խանջյան, «Մահվան վիհից դեպի կյանքի ափ եմ գալիս», Գ. Էմինի «Սասունցիների պարը» պոեմի նկարազարդում, 1975, Մ. Պետրոսյան, «Արարատի ստորոտում», 1985, Ռ. Գրիգորյան, «Խնդիրներ», 1987)։

Հատկապես վերջին շրջանում «Ararat Challenge» նախագծի շնորհիվ Արարատի շուրջ ծավալվել է մեծ հետաքրքրություն։ Ցուցահանդեսը հանրության լայն շրջանակներին ներկայացնում է հայ արվեստի նշանավոր վարպետների այն ստեղծագործությունները, որոնք անանց արժեքներ են թե՛ ինքնին և թե՛ որպես ինքնաճանաչման ու հայրենասիրության վառ օրինակներ։

Քնարիկ Ավետիսյան