Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

,,Թավշյա հեղափոխության,, 30 տարիները ամփոփվեցին Պրահայի ,,Ֆորում 2000,,ում

 

Լուսանկարում՝ Գայանե Աբրահամյանը քննարկման պահին

Հոկտեմբերի 14-ին Պրահայի Ժոֆին պալատում անցկացվեց նախկին այլախոհ, ապա՝ նախագահ Վացլավ Հավելի հիմնած ,,Ֆորում 2000,, միջազգային քաղաքական 23-րդ խորհրդաժողովը, որին մասնակցեցին աշխարհի հայտնի իրավապաշտպաններ ու Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նախկին ու ներկա ղեկավարներ, լրագրողներ ու  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Այս տարվա խորհրդաժողովի խորհրանիշը բանալիններն են, որոնք 30 տարի առաջ բացեցին ազատության դռները։ Ինչպես միշտ խորհրդաժողովի եւ դրան կից անցկացվող ժողովրդավարության փառատոնի թեմաները բազմազան են՝ Հարավային Ամերիկայից մինչեւ Չինաստան, մշակութային դիվանագիտությունից մինչեւ մամուլ եւ քաղհասարակություն։

Այս տարի աննախադեպ մասնակցություն ունի նաեւ Հայաստանը։ Զգացվում է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, ակտիվացել են հայ-չեխական հասարակական-քաղաքական կապերը, Հայաստանը ձեռք է բերել  ժողովրդավարություն ճանապարհով  զարգացող պետության վարկանիշ։

Երեկ, հոկտեմբերի 14-ին ֆորումի բացման նիստի գլխավոր զեկուցողը Մոլդովայի վարչապետ, Հարվարդի շրջանավարտ Մայա Սանդուն էր, ով ներկայացրեց ժողովրդավարական ճանապարհով իշ,անության եկած իր նոր կառավարության տեսլականը՝ Մոլդովան դարձնել կոռուպցիայից ու մենատիրական օրենքներից զերծ երկիր, հաստատել լիարժեք ժողովրդավարություն։ Նրա ասելով, դեմոկրատիայի հաստատաման ճանապարհը շատ դժվար է, քանի որ հասարակությունը երկփեղկված էր ավտորիտար ռեժիմի եւ ժողովրդավարության միջեւ։ Նա այն կարծիքին էր, որ  տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող երկիրը հեշտ չի առողջացնել` միայն ժողովրդավարություն ասելով։ Ամեն օր եւ ամեն ժամ պետք է կառուցել այդ ժողովրդավարությունը, իսկ այս ծանր խնդրում նա հակված է օգտագործել մոլդովական սփյուռքի հնարավորությունները, այն մոլդովացիներիր, ովքեր ունեն փորձառություն եւ կրթություն։ Այս հարցում նա մեծ տեղ է տալիս կրթության  համակարգի բարեփոխմանը եւ նոր սերնդի կրթական խնդիրներին։

Ի դեպ, գլխավոր բանախոսի ելույթին հաջորդած քննարկումներից մեկի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ հարկադրաբար օտարության մեջ հայտնված  ադրբեջանցի լրագրող, այժմ Ստամբուլում բնակվող Արզու Գեյբուլաեւան, ներկաներին հարց ուղղեց Խաղաղության եւ դեմոկրատիայի ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսովան, ով կոչ արեց Եվրոպական Միության անդամ երկրներին եւ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Ալիեւի ռեժիմի նկատմամբ, որի օրոք 170 քաղաքական բանտարկյալներ ամեն օր  ենթարկվում են անասելի տանջանքների եւ նրանցից շատերը մեռնում են բանտերում։

Հայաստանը ներկայացնող մեր երեք ներկայացուցիչները ելույթներ ունեցան խորհրդաժողովի տարբեր նիստերում։ Հայաստանի առաջադեմ երիտասարդություն կազմակերպության նախագահ, Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը մասնակցեց Եվրոպայի ապագային՝ հաջորդ 30 տարիներին նվիրված քննարկմանը, որը վարում էր հայտնի չեխ տնտեսագետ եւ դասախոս Տոմաշ Սեդլաչեկը։  Քննարկմանը մասնակից խորվաթ Դեյվան Կովաչը պարզվեց իբրեւ ընդդիմադիր թեկնածու մասնակցում է Խորվաթիայի նախագահական ընտրություններին եւ ցանկություն ունի վերափոխել տարիներ շարունակ հաստատված ռեժիմը։

Լուսանկարում՝ Գրիգոր Երիցյանը քննարկման պահին

Գրիգոր Երիցյանը կիսվեց անձնական փորձառությամբ, նշելով, որ ԽՍՀՄ վերջին տարիներին ծնված սերունդը 30 տարի անց Հայաստանում իրականացրեց Թավշյա հեղափոխություն եւ երիտասարդության մեջ վերականգնվեց հավատն ապագայի նկատմամբ։ Իտալացի երիտասարդ ակտիվիստ, Երիտասարդ Եվրոպական ֆեդերալների գլխավոր քարտուղար Անտոնիո Արգենզիանոն հետաքրքիր գնահատական տվեց Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ առակա հարաբերություններին, նշելով, թե համաեվրոպական մակարդակով պետք է ուժեղ դեմոկրատիա հաստատել։ 30 տարի անց մնացել են կարծրատիպերը Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպաների մասին, մինչդեռ պետք է վերացնել այդ պատը։ Եվրոպայում ուժեղ առաջնորդների կարիք կա։ Իսկ դրա համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ անել կրթության վրա։ Իտալացի քաղաքագետը այն կարծիքին է, որ երիտասարդությունը հիասթափություն է ապրում  նաեւ Եվրամիությունից, քանի որ ոչինչ չի փոխվում։ 

Դրա վկայությունն է նաեւ խորվաթ Կովաչի խոսքը, որ միայն վերջին տասնամյակներին 300 հազար երիտասարդ է հեռացել Խորվաթիայից, իսկ ռումինուհի իրավապաշտպան Ալինա Աֆլեկքայլորի ասելով, այդ հիասթափությունը նաեւ ԵՄ կիրառած երկակի ստանդարտների արդյունք է, ինչի հետեւանքով նաեւ բազմաթիվ ռումինացիներ լքում են երկիրը։

Հայաստանից մյուս զեկուցողը, նախկին լրագրող, Հայաստանի խորհրդարանի անդամ, Հայաստան-Չեխիա պատգամավորական խմբի նախագահ Գայանե Աբրահամյանն էր, ով հանդես եկավ ,, Ինչպես կարող են զանգվածային լրատվամիջոցները օգնել ժողովրդավարության նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանը,, քննարկմանը։ Նա ն.եց, որ 20 տարի զբաղվել է ակտիվ լրագրությամբ, եւ միայն վերջին 8 ամիսներին՝ քաղաքականությամբ, իբրեւ ԱԺ անդամ։ Նա իր առաքելությունը տեսնում է  Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը օժանդակելու մեջ։

Անդրադառնալով ԶԼՄ-երի դերակատարությանը, Գայանե Աբրահամյանն ընդգծեց, որ եթե չլինեին առցանց լրատվամիջոցները, 24-ամյա համացանցային ուղիղ եթերները, ապա դժվար է պատկերացնել, որ Հայաստանում տեղի ունենար Թավշյա հեղափոխություն։ Նա նշեց, որ թեեւ ներկա իշխանությունների համար խոսքի ազատությունը շատ կարեւոր արժեք է, սակայն դրա հետ մեկտեղ շատացել են կեղծ լուերերն ու ներկա իշխանությունների դեմ կազմակերպված լրատավական արշավները, քանի որ նախկին իշխանությունները վերահսկում  էին հեռուստաընկերությունների 90 տոկոսը, եւ մնացյալ լրատվամիջոցների 70 տոկոսը։ Այժմ խորհրդարանում ցանկություն ունեն փոփոխելու մամուլի մասին օրենքը եւ մեծացնել մեդիայի թափանցիկությունը։

Վացլավ Հավելի պատսխանատվության գաղափարախոսությանը նվիրված քննարկմանն էլ մասնակցեց ,,Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների,, իրավապաշտպան կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով այս տարի Պրահայում արդեն մասնակցել էր Թավշյա հեղափոխության 1 տարվան նվիրված հանդիպմանը։ Նրա հետ հարցազրույցը համաժողովի մասին կներկայացնենք առանձին։ Ի դեպ, գարնանային  այդ քննարկմանը մասնակից էր  նաեւ ,,Ալիք Մեդիայի,, համահիմնադիր, լրագրող  Արսեն Խառատյանը, ով այս համաժողովին  հանդես եկավ  դիպուկ հարցադրումներով եւ գնահատակններով։ 

 Հիմնական զեկուցող մասնակիցներից զատ այս տարվա համաժողվին ներկա էին նաեւ Հայաստանից ժամանած այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Վիշեհրադյան քառյակի ծրագրով Պրահա ժամանած 19 հայ ուսանողները, որոնք կլինեն նաեւ Լեհաստանում եւ Սլովակիայում։  Համաժողովին ներկա էր նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Երեկ  խորհրդաժողովի աշխատանքները եզրափակվեց Սլովակիայի նախագահ Զուզաննա Չապուտովայի  ելույթով։

 

Հ.Ա. Օրեր

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ Ֆորում 2000-ի

Լուսանկարում՝ Արսեն Խառատյանը հարց է ուղղում քննարկման մասնակիցներին

Լուսանկարում՝ Գայանե Աբրահամյանը՝ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ դեսպանության 1-ին քարտուղար Անահիտ Կարապետյանի հետ

 

Լուսանկարում՝ Հայկուհի Հարությունյանը քննարկման մասնակիցների հետ

Լուսանկարում՝ ելույթ է ունենում Մոլդովայի վարչապետը 

Լուսանկարում՝ Հայաստանից ժամանած երիտասարդների խումբը

Լուսանկարում՝ ՕՐԵՐ-ի խմբագիրը, Ալիք մեդիայի խմբագիրը եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրենը