Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Սեպտեմբերի 29-ին մեծ շուքով նշվեց Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցու ուխտի օրը: Այդ առիթով դեռևս սեպտեմբեր 28-ին, Ս. Գևորգ զորավարի տոնի հիշատաության օրը, Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի և տեղի ծխական խորհրդի հրավերով մեկնեց Բուլղարիա, Պլովդիվ քաղաք` բոլոր միջոցառումները հանդիսապետելու համար:

Կիրակի առավոտյան, սեպտեմբերի 29-ին, ձեռամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսավոր պատարագ մատուցվեց Ս. Գևորգ եկեղեցում, մասնակցությամբ և սպասավորությամբ Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի: Պատարագին ներկա էին Պլովդիվի Ավագ քհն. արժ. Տ. Գևորգ Խաչերյանը, տեղի պատկան մարմինների ներկայացուցիչներ ու պետական այրեր, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, ուխտավորներ:

Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը խոսեց Հայ Եկեղեցու և հայ հոգևորականի կարևոր առաքելության մասին` մասնավորապես նշելով. ,,Իրենց հոգևոր ու ազգային արժեքների պահպանման ու սերնդեսերունդ փոխանցման, հայ մնալու, իրենց հավատը, լեզուն ու մշակույթը, ինքնությունը պահելու բարձր գիտակցությամբ է, որ մեր զավակները վեր են խոյացրել այս հրաշակերտ եկեղեցին: Այս հոյակերտ եկեղեցին է, որ ամփոփել, հավաքել և սերնդսերունդ է փոխանցել տեղի հայության բոլոր ավանդությունները, ինչպես ծնող իր թևերի տակ առնելով և քրիստոնեական ոգիով դաստիարակելով:  Ինչպես նախկինում, այնպես այսօր Հայ Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը` մնալով այն միակ ու անփոխարինելի վայրը, ուր օտարության մեջ, հայրենիքից հեռու մեր հոգիները նորոգվում են և հաղորդակցվում աստվածային հետ:

Հայերիս համար եկեղեցին պարզ աղոթատեղի չէ, ուր գալիս ենք միայն աղոթելու, քրիստոնեությունը պարզ կրոն չէ, որի դավանանքը ընդունում ենք սրբորեն, այլ քրիստոնեությունը մեզ համար մաշկի գույն է, իսկ եկեղեցին` կյանքի աղբյուր: Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր այն գաղութները, ուր հայությունը հեռացել է մայր եկեղեցուց, վերացել են պատմության էջերից: Ի վերջո եկեղեցին է այն գլխավոր կամուրջը, որով հայ սփյուռքը կապվում է Մայր Հայրենիքին: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայ հոգևորականն էլ, իբրև քաջ և իմաստուն հովիվ ու առաջնորդ, շարունակում է իր առաքելությունը, որը եղել է և կա Տիրոջ փրկարար խոսքի քարոզչությունը և լույսի տարածումը, ազգային ու քրիստոնեական բարոյական արժեքների պահպանումն ու տարածումը:

Այսօր բոլորիս սրբազան պարտականությունն է աջակցել և զորավիգ լինել մեր քահանա հայրերին` իրենց կարևոր առաքելության իրականացման ճանապարհին, հոգ տանել Մայր Եկեղեցու և մեր բոլոր սրբությունների համար` թույլ չտալով որևէ ոտնձգություն: Ժամանակն է արթնանալու թմբիրից և որդիական խոնարհությամբ հոգ տանելու Մայր Եկեղեցու հանդեպ:

Ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ հաճախ, մանավանդ Սփյուռքի մեջ մարդիկ սխալ են հասկանում եկեղեցու իմաստը` կարծելով, որ այն միայն քարեղեն շինություն է, գեղեցիկ սրբանկարներով ու որմնանկարներով, ոմանք, որոշ աշխարհականներ նույնիսկ փորձում են կառավարել եկեղեցին` մտածելով, որ այն սոսկ մի կազմակերպություն է: Սիրելիներ, եկեղեցու գլուխը Քրիստոս է, որևէ մեկը չի կարող կառավարել Քրիստոսին և ավելի վեր դասել իրեն Աստծուց: Մենք բոլորս, հոգևորական ու աշխարհական, ծառա ենք Քրիստոսին, ուխտել են ծառայելու և մեր կարողությունների չափով նպաստելու եկեղեցու զորացմանն ու պայծառացմանը: Ուրեմն դուք էլ, յուրաքանչյուրդ ձեր կարողությամբ, պահեք ու պահպանեք Մեր ազգային արժեքները, բաց պահեք հայկական եկեղեցիները, հարգեք հոգևորականներին և երբեք մի կարծեք, որ առանց հոգևորականի նվիրական ծառայության և Մեր Սուրբ Եկեղեցու կարող եք հայ մնալ և պահել ազգային ինքնությունը:

Եկեք մեր ուխտը վերանորոգենք առ Աստված, վերափոխվենք, ինքնաքննությամբ մաքրվենք և դառնանք Մեր եԵեղեցու և Մայր Հայրենիքի արժանավոր զավակներ, մեր ուխտը վերանորոգենք առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, առ Ամենայն Հայոց Հայրապետը, որի հայրական խնամքի և մշտական հոգածության ներքո ենք, մեր ուժն ու եռանդը ներդնենք Հայրենիքի և Մայր Եկեղեցու բարգավաճման ու առաջընթացի համար: Թող Աստված անսասան պահի այս հոյակերտ եկեղեցին, որ կարողանա անցնել դարերի բովով և իր մայրական հոգածության տակ առնի բոլոր գալիք սերունդներին ի փառս Քրիստոսի և ի պայծառություն Առաքելական մեր Մայր Եկեղեցու,,:

Հավարտ Պատարագի Սրբազան Հայրը օրհնեց մատաղը, որից հետո եկեղեցու պարտեզում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան ,,Երևան,, ,,Աստղիկներ,, ,,Երազանք,, և ,,Նռենի,, պարային համույթները:

Տոնական օրն ավարտվեց սիրո ճաշով և ավանդական ճաշկերույթով:

 

Ռումանիոյ Հայոց Թեմի