Սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում Լատվիայի Ռադիո երգչախումբը և հայազգի մենակատարներ Հովհաննես Ներսիսյանն ու Արմեն Բադալյանը դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ կատարեցին Կոմիտասի Պատարագի համերգային տարբերակը:
Միջոցառումը և դրան հաջորդող «Պատարագի» ձայնագրությունը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Ռիգա)` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, “OrganiQ” ընկերության, «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամի աջակցությամբ, նվիրված էր մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակին, ինչպես նաև ՀՀ անկախության 28-ամյակին։
Հանդես գալով բացման խոսքով՝ Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը՝ Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարելու, իսկ այնուհետև ձայնագրելու է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը՝ հավելելով, որ համերգին հաջորդելու է նաև Պատարագի ձայնագրությունը աշխարհահռչակ “Delos” ընկերության կողմից, որը կներկայացվի միլիոնավոր մարդկանց՝ վայելելու և գնահատելու համար։
Ներկայացնելով համերգի և ձայնագրության նախապատմությունը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի և կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին հաջողել է հրաշալի կերպով փոխադրել ի սկզբանե միայն արական երգչախմբի համար նախատեսված կոմիտասյան գլուխգործոցը, ինչն էլ ավելի կբարձրացնի համաշխարհային երաժշտական հանրության հետաքրքրությունը Կոմիտասի նկատմամբ։
Խոսելով Կոմիտաս վարդապետի կյանքի և գործունեության մասին՝ դեսպանը նշեց, որ Կոմիտասն իր Սուրբ Պատարագն ավարտել է 1915 թ․ ապրիլի 24-ից մի քանի շաբաթ առաջ, և հավելեց, որ այդ օրը հայ մտավորականները, ներառյալ Կոմիտասը, ձերբակալվեցին, ինչով սկիզբ դրեվց Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանությանը։
Դեսպանն իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց հայազգյի մենակատարներին և Լատվիայի Ռադիո երգչախմբին՝ նշելով, որ խմբավար Սիգվարդս Կլյավան Կոմիտասի երաժշտությանը մոտեցել է անհավանական նվիրումով ու այսօր պարոն Կլյավան և իր երգչախումբը անջնջելի հետք են թողնում հայ-լատվիական մշակութային հարաբերությունների պատմությունում, և մենք մշտապես երախտապարտ կլինենք նրանց այս ազնվագույն առաքելության համար։
Ողջույնի խոսք ասաց նաև Լատվիայի մշակույթի նախարարի տեղակալ Դացե Վիլսոնեն, ով իր ելույթում ընդգծեց Կոմիտասի ավանդը համաշխարհային երգարվեստում, կարևորեց Լատվիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների դերը Կոմիտասի արվեստին լատվիացիներին առավել մոտիկից ծանոթացնելու գործում։
Նա նաև ընդգծեց, որ բացի Կոմիտասի 150-ամյակից ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոնում է նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, և լատվիացի ընթերցողն անհամբերությամբ է սպասում նրա հեքիաթների լատիշերեն թարգմանության ներկայացմանը, որը կազմակերպվում և իրականացվում է Լատվիայում ՀՀ դեսպանության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում՝ արժանանալով բուռն ընդունելության։ Համերգին նախորդող փուլում լատվիական մամուլը բավական լայնածավալ կերպով ներկայացրեց այս միջոցառման առանձնահատկությունները և բացառիկությունը։