Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հերթական, 12-րդ անգամ Լեհաստանում Հայկական Հիմնադրամի ջանքերով լեհահայերի մի խումբ այցելեց Կուտի բանակավայրը: Երբեմնի հայաշատ ու ծաղկուն Կուտին և շրջակա այլ բնակավայրերը սովետական իշխանության օրոք, դեռ 2-րդ համաշխարհային պատերազմի սկզբին, բռնի ուժով զավթվեցին Լեհաստանից ու Ռումինիայից, հայազերծ արվեցին ու նվիրվեց Ուկրաինային:

 Խումբը, որը կազմված էր ինչպես մեծահասակներից, այնպես էլ մանուկներից ու պատանիներից,  չսահմանափակեց իր այցը միայն մեկ բնակավայրով: Այցելեց շրջապատի նախկին հայաբնակ ու բարգավաճ այլ գյուղերն ու քաղաքները:

Արդեն ավանդույթ դարձած ուղևորության ժամանակ խմբի անդամները միայն զբոսաշրջիկության համար չէին լեհահայերի նախկին փոքրիկ մայրաքաղաք  Կուտի այցելել : Նրանց նպատակներն ավելի վեհ ու հայրենասիրական էին:

Նրանք մեկ-մեկ այցելեցին մերձակայքի այն բոլոր բնակավայրերը, որտեղ կար լեհահայերի որևէ հետք - ավերված ու լուռ կամ դեռ քիչ, թե շատ կանգուն' մատուռներ, եկեղեցիներ, պալատներ  ու ի վերջո' գերեզմանոցներ: Այս վերջինները հատկապես մեծ օգնության կարիք ունեն -  օրեցօր, մեկիկ-մեկիկ քանդվում են ու ժամանակի ահավոր դագանակին երբեմն գումարվում են նաև տեղական բնակչության բարբարոսական ավերիչ գործողությունները:

Այստեղ ահա անգնահատելի է լեհահայերի տարիներ տևող համառ և մանրակրկիտ աշխատանքը: Գերեզման առ գերեզման ցուցակագրում են բոլոր հայերի վերջին հանգստավայրերը, վերանորոգում ու ամրացնում դրանք՝ նոր կյանք տալով անցյալի հիշատակներին: Համառ ու ծանր աշխատանք է դա, սակայն կործանվելու վտանգից հայերի գերեզմանները փրկելու միակ միջոցն է:

,, Հաճախ պետք է մաքրել այս կամ այն, օրինակ, 200-ամյա, գերեզմանաքարը, փորձել վերծանել քարի վրայի հայերեն, լեհերեն կամ ռումիներեն արձանագրությունը, որ նրա տակ հանգչող հայի հիշատակը չանէանա, - ասում են խմբի անդամներն ու ավելացնում: - Դե մեր երեխաներն էլ են իրենց ուժերի սահմաններում, մեզ օգնում, որ հիշեն իրենց հայրնենակիցների կամ գերդաստանների նախնիների անունները: Այս երեխաներից շատերի նախնիներն այս բնակավայրերից են սովետական բանակի արշավանքների ժամանակ արդի Լեհաստան փախել: ՈՒ այսօրվա մանուկները պիտի հիշեն, թե որտեղից ենք եկել ու ուր ենք գնում, ուր են մեր արմատները: Իհարկէ լեհ ենք, բայց նախ և առաջ հայ ենք»,- ասում են նրանք: 

Իրավացի են, լեհահայերի նյութական արժեքներից շատ բան չի մնացել, որ նոր սերունդը տեսնի, սովորի ու հիշի: Ինչն էլ մնացել է, էլ հայկական չէ կամ այնքան քիչ է հայկական, որ կարելի է շփոթել ուկրաինականի հետ: Կուտիի հայ եկեղեցին դարձել է  ՈՒկրաինական ուղղափառ եկեղեցի: Չերնիովիեցի Հայկական փողոցի վրա գտնվող հայ տաճարը՝ մի փոքր մասը հայկական է մնացել, իսկ մնացածը ուկրաինական Ֆիլհարմոնիայի է վերածվել: Կարապչևսկի պալատն այժմ մեծ ու գեղեցիկ ուկրաինական եռաստիճան դպրոց է: Բոհոսևիչների գերեզմանատան մատուռի միայն հիմքն է մնացել ... Եվ այսպես կարելի է դեռ երկար-երկար թվարկել:

Խմբի բոլոր երեխաները երկու շաբաթ ամեն առավոտ պարտադիր մասնակցում էին նախ հայոց լեզվի, ապա լեհահայերի պատմության դասերին, ի թիվս այլոց սովորելով, թե Լեհաստանի պատմությունում որքան մեծ դեր են իրենց հայրենակիցներն ու նախնիները խաղացել: Իսկ մեծահասակները ... Նրանք մեծ հաճույքով էին մասնակցում երեկոյան հայագիտական հանդիպում-զրույցներին, որոնք անց էին կացնում հայկական ծագում ունեցող գիտնականները:

Հուսանք, որ հաջորդ տարի այս հայասեր „արշավը” դեպի ՈՒկրաինա կկրկնվի 13-րդ անգամ: Ավանդույթ է, իսկ ավանդույթը պետք է փայփայել և գուրգուրել:

orer.eu