Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել են Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: 

Գյումրու Սև բերդում  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք ներկա  են գտնվել «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է առաջին անգամ: 

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, պանրագործ Արման Միքայելյանին, բիովառելիքի արտադրությամբ զբաղվող Ստեփան Ավագյանին, ոլտերման Ազատ Թովմասյանին, փայտագործ Սամվել Գասպարյանին, կիսաթանկարժեք քարերի արտադրությամբ զբաղվող Արտակ Բոջիկյանին, թեյի արտադրությամբ զբաղվող Աստղիկ Գալստյանին, կավագործ Ռուբեն Գևորգյանին, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արտակ Ղարանլղցյանին, կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Արփինե Բարսեղյանին, գործիքներ պատրաստող Լյուդվիգ Միքայելյանին, ռեստորանային բիզնեսով զբաղվող Վարդա Ավետիսյանին և «Վարդենիս կար» ընկերության տնօրեն Լենա Երանոսյանին: Նրանք մարդիկ են, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում և ապագան կապում Հայաստանի հետ:

 Նախագահ Սարգսյանը եւ վարչապետ Փաշինյանը մրցանակներ են  հանձնել 13 մրցանակակիրներից երկուսին։

Մասնակիցներից մեկին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է․ «Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել վարչապետին նախ և առաջ այս հոյակապ գաղափարի, դրա իրականացման և այն փաստի համար, որ բոլորս այսօր հավաքվել ենք այստեղ՝ Գյումրիում ու պատվում ենք մեր այսօրվա հերոսներին»։

Մրցանակաբաշխության անվանման հետ կապված հիշելով իր դպրոցական տարիները՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Ուզում եմ խոսել իմ 8-րդ դասարանի մասին: Սրանից մի քանի տասնյակ տարի առաջ ռուսաց լեզվի և գրականության դասի ընթացքում, քանի որ Լերմոնտով էինք անցնում, առաջարկվեց գրել «Մեր ժամանակների հերոսը» վերնագրով շարադրություն: Ես գրեցի շարադրությունը, բայց չհանձնեցի, որովհետև շատ անկեղծ էի գրել:

Տասնյակ տարիներ հետո՝ հիմա, ուզում եմ պատմել, թե ինչ էի գրել: Ես գրել էի, որ իմ ժամանակների հերոսն իմ հայրն ու իմ մայրն են, և նրանց հազարավոր ընկերները ու տասնյակ հազարավոր ուրիշ հայեր, ովքեր 1946-1948 թվականներին պատերազմից հետո վերադարձան ավերված Հայաստան: Երկիրն աղետալի վիճակում էր: Նրանք վերադարձան Հայաստան՝ առանց վախենալու, իմ հայրիկի, մայրիկի սերունդը, 1946-47 թթ․ հայրենադարձության սերունդը, որոնք եկան, բնակվեցին այստեղ՝ Գյումրիում և ստեղծեցին մեծ արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն: Իմ խորին շնորհակալությունը ուզում եմ հայտնել նաև նրանց և նաև կոչ անել մեր բոլոր հայերին՝ վերադարձեք հայրենիք: Ժամանակն է տուն գալու:

Իսկապես շնորհակալ եմ հայրիկիս և նրա ընկերներին, որովհետև փոքր տարիքից՝ 5 տարեկանից ինձ իրենց հետ տանում էին հանրապետության տարբեր շրջաններ՝ մինչև Արցախ, և փոքր տարիքից ծանոթացնում մեր ճարտարապետությանն ու բնությանը:

Գյումրի եմ եկել հենց այդ տարիքից՝ 5 տարեկանից: Առաջին անգամ Սև բերդը, Ձիթողցոնց տունը և Չերքեզի ձորն այդ ժամանակ եմ տեսել: Մտածելով այսօրվա մեր ժամանակի հերոսների մասին՝ ինձ համար մեկ ուրիշ հերոս էլ ունեմ: Այդ հերոսը Գյումրին է և գյումրեցին, որ համբերատար 30 տարի սպասել է այս օրվան: Կորցնելով իր քաղաքի, իր բնակչության կեսը, հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել, և իր ժամանակը չէ, արժանապատվությամբ կրել է իր դժվարությունը:

Ժամանակը եկել է, և ես կարծում եմ, պարոն վարչապետ, այսօր առաջին օրն է Գյումրու և գյումրեցու ապագայի, նոր, ազատ և ստեղծագործ կյանքի: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ կառավարությանն այն որոշման համար, որ Անկախության օրը պետք է տոնվի Գյումրիում: Ուրախ եմ, որ մեր ժամանակի այսօրվա հերոսները մի տեղից չեն, որովհետև մեր հայրենիքը միայն Երևանը չէ: Գյումրին, Գորիսը, Վանաձորից մինչև Իջևան, Արցախ, ամեն տեղ է:

Ես չգիտեմ, թե իմ հերոսը որտեղից կլինի, բայց վստահ եմ, որ նա հայ է, հայաստանցի է, իր երկրի և ժողովրդին նվիրված և ազատ, անկախ, ամուր մի կին է կամ տղամարդ, որ նվիրված է իր հայրենիքին»:

Մրցանակաբաշխության ծրարը բացելուց հետո նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել հաղթողներից մեկին՝ մարգահովիտցի փայտագործ Սամվել Գասպարյանին։ Խոսելով մրցանակակիրների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրն իսկապես հերոս է իր գործունեությամբ: «Տարբեր մարդիկ են, բայց նրանցից յուրաքանչյուրն իր գործի վարպետ է և շատ խորն անձնավորություն: Ուրախ էի տեսնել, որ մեր այսօրվա հերոսների մեջ կային նաև հայրենադարձներ»,-ասել է նա: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունն ավանդույթ կդառնա։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Հյուրեր

Այսօրվա մրցանակաբաշխությունը և իրադարձությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին են: Մենք այսօր հարգանքի և մեծարանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը: Նոր Հայաստանի ամենակարևոր առանձնահատկությունը սա է, որ մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ: Ընդհանրապես Հայաստանում միշտ եղել է այդ հարցը, թե ով է հերոսը Հայաստանի Հանրապետությունում, ով է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները: Այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում:

Աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին և սպաները, մեր զինված ուժերը, մեր գեներալները: Երեկ Հանրապետության նախագահը կոչումներ և մեդալներ շնորհեց մեր բազմաթիվ զինվորականների: Աներկբա է, որ մեր ժամանկների և բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստը և մշակույթը ստեղծած մարդիկ: Աներկբա է, որ բոլոր ժամանակների մեր հերոսներն են մեր գիտնականները, մեր բազմաթիվ պետական և քաղաքական գործիչները, բայց Նոր Հայաստանի կերպարն ամբողջացնելու համար հարկավոր է նաև հերսական այդ համայնապատկերի ևս մի կարևոր շտրիխ ավելացնել: Դա աշխատող և արարող մարդու կերպարն է: Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն` տնօրինել իրենց ճակատագիրը: Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն` իրենց ձեռքը վերցնել իրենց և իրենց հայրենիքի ճակատագրի ղեկը: Դրանք այն մարդիկ են, ովքեր չեն սպասում, որ որևէ մեկից որևէ բան ստանան, նրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են տալ, կիսվել իրենց տաղանդով, իրենց գիտելիքով, իրենց հմտություններով` կառուցելով իրենց ընտանիքի և ուրիշների բարեկեցությունը, հայրենիքի բարեկեցությունը:

Մենք քաղաքական հեղափոխությունն սկսել, իրականացրել և նախապատրաստել ենք մի կարգախոսով` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ասել ենք` Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ մենք այսօր` տնտեսական հեղափոխության այս շրջանում, նույն ուղերձն ենք հղում ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ մեր երկրի բարեկեցությունը, մեր երկրի տնտեսական զարգացվածությունը, նաև մեր բանակի հզորությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է, որովհետև պետք չէ մոռանալ, որ բանակն ամուր է իր թիկունքով, բանակն ամուր է իր տնտեսությամբ, բանակն ամուր է աշխատանքով, բանակն ամուր է բարեկեցիկ ժողովրդով:

Մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարեկեցիկ քաղաքացիների երկիր, և լինելու է բարեկեցիկ քաղաքացիների երկիր, որտեղ մարդիկ ունեն բավարար ինքնագնահատական, որտեղ մարդիկ բավարար չափով հավատում են իրենց ուժերին և մարդիկ սեփական ձեռքերով կառուցում են իրենց, իրենց ընտանիքների, իրենց միջավայրի և իրենց հայրենիքի բարեկեցիկ ներկան, և բարեկեցությունը բավարար է արդեն, որ լինի ապագա: Բարեկեցեթյունն արդեն պետք է լինի ներկա, և այս միջոցառումը հենց այդ բարեկեցիկ ներկայի մասին է, որը մենք ոչ թե կերտելու ենք, այլ մենք կերտում ենք և կերտում են մեր ժամանակների հերոսները: Ես ուզում եմ ասել, որ ամենադժվարը 45 հաղթոսղներից 13-ին ընտրելն էր, նրանք բոլորը հավասարաբար մեր ժամանակների հերոսներն են:

Եվ, այո, մենք հարգանքի տուրք ենք տալիս յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր ստեղծող մարդու, և ես անձամբ խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր գիտեն, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը իրենք են, և իրենք պատրաստ են աշխատել և աշխատում են հանուն այդ ապագայի:

Հիմա ես կազդարարեմ մրցանակակրի անունը: Անկեղծ ասած, սա անվանել ենք գլխավոր մրցանակ և այդ գլխավոր մրցանակակիրը, իմ կարծիքով, հավաքական կերպարն է այդ բոլոր ժամանակների հերոսների: Նա մի մարդ է, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել` քաղաքից տեղափոխվել է գյուղ: Այստեղ կրկին այդպիսի մասնակիցներ ունեինք: Նա մի մարդ է, ով լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքն անելիք չունի, որ ինքը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել: Նա հավատացել է իր ուժերին, և ստեղծել է ձեռնարկություն: Այս մրցանակը նաև այն ընտանիքներին է պատկանում, այն ամուսիններին, այն որդիներին, ովքեր չեն սահմանափակում իրենց կանանց կամ մայրերի ինքնադրսևորվելու հնարավորությունը, և այս մրցանակը նաև մրցանակակրի ընտանիքին է պատկանում: Այս մրցանակը նաև խորհրդանշում է մեր ժողովրդի, մեր ազգի ստեղծարար հավաքական կերպարը, և այդ մրցանակակրի անունն է Ռիտա Մարտիրոսյան»:

Այնուհետև բեմ են բարձրացել «Մեր ժամանակի հերոսը» շարքի բոլոր մասնակիցները: Դիմելով նրանց` Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Որպես ՀՀ վարչապետ` շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ դուք հավատում եք ձեր ուժերին, ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք աշխատանքը համարում եք ձեր, մեր երկրի խնդիրների լուծման ճանապարհը: Այստեղ իհարկե, ոչ բոլորին, բայց շատերին ես հյուրընկալել եմ և տեսել եմ նրանց իրենց աշխատանքի մեջ, իրենց առօրյայի մեջ, և իսկապես այս մարդկանց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում ուզում եմ արձանագրել, որ մեծացնում է իմ վստտահությունը` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ մենք կլուծենք բոլոր այն խնդիրները, որ մեր առաջ դրված են:

Ընդհանրապաես Հայաստանի Հանրապետության տարբեր փուլերում երբեք լավատեսական կանխատեսումներ չեն եղել: Հոռետեսությունը եղել է Հայաստանի հիմնական կանխատեսումը, բայց այս մարդկանց գոյությունն իմ խորին համզոմամբ, արձանագրում է մի երևույթ, մի փաստ: Իմիջիայլոց, նրանցից շատերը սկսել են աշխատել 2000, 2003, 2004, 2005 թվականից, վերջին 15 տարում, և այս մարդիկ իմ կարծիքով իրենց աշխատանքով կաթիլ առ կաթիլ կերտել են լավատեսության հաղթանակը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում հայ ժողովդրի շրջանում, Հայաստանի Հանրապետությունում լավատեսության հաղթանակի համար: Դուք հաղթել եք, դուք մեր ժամանակների հերոսներն եք»: