Սեպտեմբերի 14-ին Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը մեկնեց Բուլղարիա՝ Բուրգաս քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրվան և Խաչվերացի տոնին նվիրված միջոցառումները հանդիսապետելու համար:
Բուրգասի հայոց եկեղեցին տեղի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Դեռևս 1673թ. Բուրգասում կառուցվել է Ս. Ստեփանոս անունը կրող մատուռ, որի մասին տեղեկություններ է հաղորդում Ղրիմի հայոց թեմի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոս Ղրիմեցին, որը դեպի Երուսաղեմ ճամփորդության ժամանակ հանգրվանել է Բուրգասում և Սուրբ Պատարագ մատուցել տեղի հայկական եկեղեցում: 1853թ. մատուռի տեղում կառուցվում է արդեն քարաշեն եկեղեցի և եկեղեցում պահվող Տիրոջ Խաչափայտի մասունքի անունով կոչվում Ս. Խաչ եկեղեցի: 1878թ., երբ Բուրգասն ազատագրվում է թուրքական լծից, հայկական եկեղեցի է այցելում ռուս գեներալ Լերմոնտովը, մասնակցում Պատարագին և հոգեհանգիստ պատվիրում պատերազմի ժամանակ զոհված հայ և բուլղար զինվորականների համար:
Եվ ահա պատմական այս եկեղեցում ս.թ. սեպտեմբերի 15-ին, կիրակի առավոտյան, 11:00-ին, ձեռամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և մասնակցությամբ Բուրգասի հոգևոր հովիվ արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի, սարկավագաց և դպրաց դասի, հանդիսավոր պատարագ մատուցվեց Ս. Խաչ եկեղեցում: Ներկա էին Բուրգասի փոխմարզպետը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայկական կառույցների ներկայացուցիչներ ու համայնքի անդամները:
Տաթև Սրբազանն իր պատգամը բերեց ներկա բարեպաշտ ժողովրդին, բացատրեց Խաչի խորհուրդը՝ մասնավորապես նշելով. ,,Մեզ համար խաչը փրկության ճանապարհն է, և ընթանալ փրկության այդ ճանապարհով՝ նշանակում է պատրաստ լինել զոհողությունների հանուն Քրիստոսի, որոնք միայն մաքրում են մարդու հոգին և վերափոխում նրան: Պողոս առաքյալն ասում է, որ մեզ համար, փրկվածներիս համար, խաչը Աստծո զորությունն է, այսինքն`ամեն անգամ, երբ մենք խաչակնքվում ենք, խաչի նշանն ենք դրոշմում մեզ վրա, զգում ենք Քրիստոսի ներկա զորությունը մեր կյանքում: Մենք հավատում ենք խաչի զորությանը, քանզի Քրիստոս Ինքը Իր արյունը թափեց խաչի վրա և փրկագնեց մեզ: Ս. Խաչի փրկարար զորությունը մշտապես ներկա է եղել և այսօր էլ շարունակում է ներկա լինել հայ պետականության և հայի ինքնության կերտման ու պահպանման սրբազան առաքելության մեջ: Դարեր շարունակ մենք Ս. Խաչի նշանով հաղթանակել ենք ոչ միայն չարի աներևույթ զորությունների դեմ, այլ նաև հայ ժողովրդի տեսանելի թշնամիների ու զավթիչների դեմ, որոնք ցանկանում էին բնաջնջել հայի տեսակը: Սակայն ինչպես Քրիստոս խաչի վրա չմնաց ու հարություն առավ, այդպես էլ հայ ժողովուրդը մշտապես Տիրոջ Ս. Նշանով հառնել է մոխիրներից և հարություն առել՝ որպես Տիրոջ ընտրյալ ժողովուրդ: Այսօր էլ Մենք պետք է հետևյալ չորս հարցադրումները անենք և դրանց պատասխանները տանք` ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ պետք է անենք և ուր պիտի գնանք: Մենք Քրիստոսի հետևորդներն ենք, Աստծո ճանապարհով քայլող ժողովուրդը, գալիս ենք դրախտից, մեր ծննդավայրից, իբրև ճշմարիտ քրիստոնյա բարիք պիտի գործենք, աղոթենք միմյանց և նույնիսկ մեզ անիծողների համար, և եթե այս ամենը անենք պիտի վերադառնանք մեր ծննդավայր` դրախտ: Սուրբ Խաչի խորհուրդը օգնում է, որ մեք այս բաները հասկանանք և պատվով անցնենք խաչի ճանապարհը և հասնենք փրկության նավահանգիստը: Խաչը մեր կյանքի բանալին է, որի միջոցով մեր առջև պիտի բացվեն կենաց բոլոր դռները: Մենք պետք է հավատարիմ մնանք այն խաչին, որ մեր նախնիներն իրենց ամեն հոգով, սրտով, նույնիսկ նահատակության գնով պաշտպանեցին և մեզ հանձնեցին, որպեսզի մենք էլ մեզանից հետո եկող սերնդին նույն հպարտությամբ ու նախանձախնդրությամբ հանձնենք այն առ ի վայելում և ի պահպանություն: Փշոտ ճանապարհներ են անցել մեր նախնիները հանուն մեր սրբությունների պաշտպանության, և այսօր մենք եկեք անտարբեր չգտնվենք այն նվիրական արժեքների հանդեպ, որոնց համար արյուն է թափվել և նահատակություններ են եղել: Եկեք վերադառնանք այն ճշմարիտ արժեքներին, որոնց համար արյուն է հեղվել, ճակատագրեր են խեղվել, որոնց համար խաչի ճանապարհ է անցել մեր ժողովուրդը, բայց միևնույն ժամանակ հարության ու լուսավոր ապագայի տեսլականով, հզոր ու անկախ պետականություն ունենալու երազանքով՝ համախմբված Հայ Առաքելական մեր Մայր Եկեղեցու սրբազան կամարներից ներս»:
Տաթև Սրբազանը եկեղեցուն ընծայաբերեց գեղեցիկ և պատկերազարդ Սկիհի ծածկոց, իր շնորհակալությունը հայտնեց ծուխի հոգևոր հովվին, ծխական ու թեմական խորհուրդների անդամներին, Թեմական Պատգամավորական ժողովի անդամներին, բոլոր հայկական կառույցներին ու կազմակերպություններին, բարերարներին ու նվիրատուներին, Բուլղար պետությանն ու իշխանություններին, ներկա բարեպաշտ ժողովրդին և մաղթեց անձանձրույթ աշխատանք և Աստծո օգնականությունը` ի շահ Հայ Եկեղեցու և ի զորացումն տեղի հայ համայնքի:
Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց նաև չորս սրբապատկերների օրհնության ու օծման կարգ` Սուրբ Աստվածածնին նվիրված երկու սրբանկար, Աստվածամոր թագադրման սրբանկարը, Ս. Պողոս Ս. Պետրոս առաքյալների սրբանկարը, ապա օրհնվեց մատաղը:
Այսօր էլ Սուրբ Խաչ եկեղեցին Սրբազան Հոր առաջնորդությամբ և տեղի հոգևոր հովիվ արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանի նվիրյալ աշխատանքի շնորհիվ բարգավաճում է և զորանում: Անցյալ տարվանից Տեր Հոր ջանքերով եկեղեցուն կից գործում է Վազգեն Վեհափառի անունը կրող թանգարան, ուր ցուցադրվում են հնատիպ գրքեր, պատարագամատույցներ, Ավետարաններ, խաչեր, թագեր, եկեղեցական զգեստներ և սպասքներ և այլն, որոնցից կարող ենք առանձնացնել 1686թ. Վենետիկում հրատարակված Ավետարանը, 1686թ. Վենետիկում հրատարակված երկու Ճաշոցները, 1757թ-ի շուրջառ և այլն: Բուրգասի Ս. Խաչ հայկական եկեղեցին, գտնվելով քաղաքի կենտրոնում, շարունակում է սիրված աղոթատեղի մնալ ինչպես հայերի, այնպես էլ բուլղար ժողովրդի համար:
Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան