Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում են գտնվում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգները, ովքեր մասնակցում են հոբելյանական միջոցառումներին։ Մասնավորապես՝ նրանք այցելեցին Թումանյանի Երևանի թանգարան,ու նրանց սիրով ընդունեցին և ծանոթացրին թանգարանի ցուցադրություններին։ Ողջունելով թանկագին այցելուներին տնօրեն Անի Եղիազարյանը ասաց, որ նրանք իրենց տուն են եկել՝ հաղորդակցվելու այն նշխարների հետ, որոնք թանգարանին են նվիրել թումանյանները։
Հաջորդ բանախոսը Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանն էր։ Նա շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ տեղեկացնելով ,որ թանգարան են եկել թումանյանական նոր հրատարակություներով՝ Թումանյանի հայերեն և ռուսերեն լեզուներով հատընտիրներով։
Գրքերը հովանավորել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը և «Ապավեն» ընկերությունը։ Նա ներկայացրեց նաև այլ հրատարակություններ, որոնց տպագրությունը իրականացրել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը։ Մասնավորապես Իրմա Սաֆրազբեկյանը հեղինակել է «Օլգա Թումանյան» գիրքը՝ նվիրված մեծ բանաստեղծի կնոջը և գերդաստանի տատին։
Հոբելյանական մի քանի գրքերի հեղինակ է թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը, ով այդ օրը ընթերցողի սեղանին դրեց «Թումանյանի կյանքը» մեծածավալ գիրքը ռուսերենով։ Իր եութում Սուսաննա Հովհաննիսյանը այն ուղերձները, որ հղել էր Թումանյանն իր ժամանակակիցներին ու գալիք սերունդներին։ Թումանյանագետ Ազատ Եղիազարյանը արժևորելով թումանյանական գրական ժառանգությունը, ընդգծեց, որ Թումանյանը իր ժողովրդի հավատարիմ ու անհանգիստ զավակն էր։ Նա ուզում էր, որ պետականություն ունենայինք՝ իր համալսարանով, գիտությունների ազգային ակադեմիայով և այն անհրաժեշտ կառուցվածքներով, որ կապահովի ազգի զարգացումը և ազգային խնդիրների լուծումը։
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն իր ելույթում նշեց, որ թումանյանական ժառանգությունը անընդհատ պետք է ներկայացնել նոր սերունդներին՝ ինչպես պոլիգրաֆիական ժամանակակից մակարդակով, այնպես էլ՝ համակարգչային տեխնոլոգիաների հնարավորություններով։
«Ողջունելի է նաև այն իրողությունը, որ թումանյանագիտությունը զարգացում է ապրում, բայց այդտեղ մի բան է պակասում՝ չկան երիտասարդ թումանյանագետներ»,- իր խոսքը եզրափակեց Սերգո Երիցյանը։
Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը տեղեկացրեց,որ պատրաստվում է «Թումանյան» հանրագիտարանը, որն իր տեսակի մեջ առաջին փորձն է և ավելի քան համոզված է, որ այն հաջողություն կունենա՝ բազմակողմանիորեն ընթերցողին ներկայացնելով մեր ժողովրդի արժանավոր զավակին։
Թումանյանների ժառանգների հանդիպումն ուներ նաև հետաքրքիր գեղարվեստական ուղերձներ։
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը կատարեց Թումանյանի խոսքերով ու երաժշտությամբ գրված «Ախ’,ինչ լավ է» երգը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Սահակյանը և Արմենուհի Սեյրանյանը կատարեցին հատվածներ «Անուշ» օպերայից, իսկ դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը թիֆլիսյան մանրանվագներ ներկայացրեց։ Միցոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում բարերար Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է ֆինանսավորել թումանյանական գրքերը, օգնել ու աջակցել, որ Թումանյանի ժառանգությունը միշտ հասանելի լինի ժողովրդին։
«Շատ հետաքրքիր ցերեկույթ էր,- մեր թղթակցին ասաց Թումանյանի ծոռը՝ Արեգ Թոթոլյանը Սանկտ Պետերբուրգից,-ևս մեկ անգամ տեսանք այն անհատնում սերը, որ կա մեր մեծ պապի նկատմամբ։ Երախտապարտ ենք «Լոռվա ձոր» հայրենակցական կազմակերպությանը, մյուս կազմակերպիչներին նման հանդիպումների համար՚։
Կարինե Տիտանյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար