Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Պատմում է »Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը

Ամենայն հայոց  բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  150-ամյա հոբելյանի առիթով նրա 17 ժառանգները ժամանել են Հայաստան։ Վերջին անգամ նման հավաք  տեղի էր  ունեցել 9 տարի առաջ։ Ինպչես նշում է ՕՐԵՐ-ի հետ զրույցում ՙԼոռվա ձոր՚  հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր  Սերգո Երիցյանը, այս անգամ Թումանյանի ժառանգները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կհանդիպեն Ամենայն Հայոց կաթողիկոսին, կլինեն Երեւանի թանգարանում, այնուհետեւ Դսեղի տուն-թանգարանում, կմասնակցեն Թումանյանին նվիրված նոր գրքերի շնորհանդեսին։

Սեպտեմբերի 13-ին Թումանյանի ժառանգներին արդեն ընդունեց  Գարեգին Բ Վեհափառ  Հայրապետը, ծանոթացավ նրանց գործունեությանը, նաեւ վեհափառի հետ լուսանկարվեցին։

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ժառանգները կհավաքվեն  իրենց ավանդական հանդիպմանը՝ Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի  հայրական ամառանոցում՝ Արգել գյուղում,ավելի մոտիկից կճանաչեն միմյանց։  Կիրակի օրը կմեկնեն Դսեղ եւ կմասնակցեն հոբելյանական հանդիսություններին, որոնց ներկա կգտնվեն նաեւ Լոռու մարզպետը եւ թեմի առաջնորդը։  Բացի Դսեղի դպրոցականներից, հանդես կգա նաեւ  Գյումրիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված մանկական թատերախումբը՝  ներկայացնելով Թումանյանի հեքիաթների հերոսներին։ Կհնչեն մեծ լոռեցու ստեղծագործությունները,կլինեն ելույթներ։ Այդ օրը Դսեղում կբացվի նաեւ տիկնիկային միջազգային փառատոնը՝ նվիրված Թումանյանի 150-ամյա հոբելյանին։ Ժառանգներից շատերը առաջին անգամ կծանոթանան նաեւ Հայաստանի տեսարժան վայրերին։

Սերգո Երիցյանի ասելով, այս ամենում, իհարկե, մեծ է կազմակերպիչներից մեկի՝ Թումանյանի  թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախանձախնդիր աշխատանքը։

Ինչպես նշում է ՕՐԵՐ-ի զրուցակիցը, 84-ամյա Իրմա Սաֆրազբեկյանի կյանքի նպատակը Թումանյանի ստեղծագործություններն ու ոգին բարձր պահելն է, դրանց հրապարակումները։ Այս տարի նա հրապարկել է ՙԿոմիտասը եւ Թումանյանը՚ հոդվածը (ՙԼիտերատուրնայա Արմենիա՚ ամսագիր),որում անդրադարձել հայ ազգի երկու մեծերի փոխհարաբերություններին, նրանց բարեկամության դրվագներին։  Պատահական չէ նաեւ, որ  Թումանյանին նվիրված բոլոր միջոցառումների ընթացքում հնչում է նաեւ Կոմիտասի երաժշտությունը։

Թումանյանի թոռնուհին նաեւ անակնկալ է պատրաստել Երեւանի ու Դսեղի թանգարանների համար։ Այս անգամ էլ նա թանգարաններին նվիրելու է դեռեւս իր մոտ գտնվող  թումանյական որոշ մասունքներ։

Ի դեպ, այստեղ պետք է նշել նաեւ այն ցուցահանդեսի մասին, որը բացվել է Երեւանի Թումանյանի թանգարանում, որտեղ Թումանյանը ներկայացված է իբրեւ լուսանկարիչ։ Թումանյանն ինքն է լուսանկարել իր ընտանիքի անդամներին եւ նաեւ ինքն իրեն, որ այսօրվա ընդունված  է ասել ՙսելֆի՚։  

Նշենք, որ  թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանը, ով Թումանյանի աղջկա՝ Սեդայի դուստրն է, ժամանել է Գերմանիայից իր որդու Ռուբենի հետ։ Ցավոք, առողջական խնդիրների պատճառով չեն կարողացել գալ մյուս թռնուհին ՝ Սուրմա Թումանյանը եւ իր ամուսինը Սանկտ Պետերբուրգից, բայց եկել են նրանց երեխաները՝ Արեգն ու Անահիտը իրենց ընտանիքներով։ Արեգ Թոթոլյանը հայտնի գիտնական է, ակադեմիկոս։  Ժառանգներ են եկել նաեւ Դանիայից , Վրաստանից։

 

Սերգո Երիցյանի ասելով, մեծ լոռեցու հոբելյանի առիթով  հրատարակվել են  Թումանյանի ՙՀատընտիրը՚ հայերեն եւ ռուսերեն լեզուներով, Իրմա Սաֆրազբեկյանի ՙՕլգա Թումանյան՚ գիրքը, Սուսաննա Հովհաննիսյանի  Թումանյանի կյանքին նվիրված գիրքը, նաեւ Թումանյանին նվիրված հուշանվերային գիրք, առանձին վերահրատարկվել են քառյակները, տպագրվել է նաեւ սեղանի օրացույց։ Այս ամենը կազմակերպել է ՙԼոռվա ձոր՚ հասարակական կազմակերպությունը՝ մեկենասների աջակցությամբ։  Գրքերի տպագրությանը աջակցել են Մուլտի գրուպը՝ Գագիկ Ծառուկյանը, Ապավեն ընկերությունը՝ Գարիկ Աղաջանյանը եւ Արսեն Ղազարյանը, Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ Հակոբ Անդրեասյանը։

Առաջիկայում նախատեսվում է նաեւ հրատարակել ՙԹումանյանը քննադատ՚ ծավալուն ժողովածուն,որն առաջին անգամ հրատարակվել է դեռեւս 1939թ. եւ այժմ լույս կտեսնի 700 էջով, որից 200 էջը ավելացրել է Իրմա Սաֆրազբեկյանը՝ զետեղելով Թումանյանի մինչ այդ գրքի մեջ տեղ չգտած հոդվածները։  Այստեղ հավաքված են Թումանյանի ուղերձները բոլոր ժամանակների հայերին։

Կհրատարակվեն  նաեւ Գառնիկ Շախկյանի Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ժողովածուն, Սուսաննա Հովհաննիսյանի ՙՎերնատուն՚ գիրքը։  Չի բացառվում նաեւ ՙԹումանյանը թամադա՚ գրքի հրատարակությունը, որում կներկայացվեն հետաքրքիր պատմություններ Թումանյանի կյանքից։

Շուտով նաեւ լույս կտեսնեն Թումանյանի հատընտիր գանձերը՝ հուշանվերային ՝ՙԳրպանի գրքեր՚ ձեւաչափով։ Այն լույս կտեսնի ընդամենը 1500-2000 տպաքանակով։

Իր հերթին Երեւանում Հովհաննես Թումանյանի թանգարանը  շարունակում է մեծ գրողի ստեղծագործությունների լիակատար 10 հատորյակի տպագրությունը։ Արդեն լույս է տեսել երկու հատոր, երրորդը  լույս կտեսնի մինչեւ տարեվերջ։

Բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանի  կարծիքով, ընդհանրապես Թումանյանի ստեղածգործությունների հրատարակությունը պետք է շարունակական լինի եւ միայն հոբելյաններով չսահմանափակվի։ Նախկինում մեծ տպաքանակներով տպագրել են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, սակայն  պոլիգրաֆիական առումով այն մակարդակը չեն ունեցել, որն այսօր կարելի է ապահովել։ Քանի որ այն գրքերը, որոնք  հրատարակվել են 90-ականների սկզբին, ցուրտ ու մութ տարիներին, երբեմն շատ փոքր տառատեսակներով  են, դժվար ընթեռնելի եւ պատիվ չեն բերում Թումանյանին։

Սերգո Երիցյանի ասելով, իհարկե, կարելի էր Թումանյանի հոբելյանական տարին ավելի արժանավայել անցկացնել, բայց 150-ամյակով չպետք է կանգ առնել, այլ պետք է շարունակվեն Թումանյանի մասին հրապարակումները, պետք է տպագրվեն գրքեր եւ դրանք մեծ տարածում գտնեն, որպեսզի չկտրվի Թումանյանի եւ տարբեր սերունդների միջեւ կապը։  Ինչպես Թումանյանի, այնպես էլ մեր մյուս մեծերի գրքերը պետք է դրվեն նաեւ համացանցում, որպեսզի ավելի մեծ տարածում գտնեն։

Պետք է շարունակվեն նաեւ Թումանյանի ժառանգության ուսումնասիրությունները։ Միայն Թբիլիսի թանգարաններում կատարված ուսումնասիրությունների ընթացքում գտնվել են Թումանյանին եւ մեր այլ մեծերին նվիրված հետաքրքիր փաստաթղթեր։ Սերգո Երիցյանը միայն մեկ օրում Թիֆլիսի հայկական թատրոններին նվիրված 500 ազդագրեր է հայտնաբերել, որոնք պատմում են 19-րդ դարում վրացական մայրաքաղաքում գործող հայկական  թատրոնների մասին։  Մի նամակ է գտնվել նաեւ, որ Թումանյանը գրել է Թիֆլիսի թատրոնի տնօրենին, որպեսզի նա աջակցի Պոլսից  ժամանող հայկական թատերախմբին եւ հայտնի դերասան Պետրոս Ադամյանին՝ փորձեր անցկացնելու համար։

 ՙՄենք պարտավոր ենք Թումանյանական գանձերը պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին։ Թումանյանը միշտ մեր կողքին է լինելու, քանի որ մեզ հետ են նրա պատգամները՚,- ասում է ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը։

 

Հ.Ա.

ՕՐԵՐ ամսագիր