Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի:
Պարոն Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին:


Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց հյուրերին՝ ուրախություն հայտնելով հայրենիքում բանաստեղծի ժառանգներին միասնական և համախմբված տեսնելու առիթով: Քաղցրությամբ հիշելով բանաստեղծի զավակների հետ Մոսկվայում իր հանդիպումներն ու զրույցները` Նորին Սրբությունն ընդգծեց, որ Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է և անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կյանքում` հավելելով, որ նրա ստեղծագործությունները սիրելի և ուսանելի են յուրաքանչյուր հայորդու համար: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս տոնախմբվելու են մեր ժողովրդի երկու մեծերի` Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները:


Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց Թումանյանի ժառանգներից յուրաքանչյուրի գործունեությամբ, ծանոթացավ վերջին հոբելյանական հրատարակություններին, ապա մաղթեց, որ մշտապես նախանձախնդիր լինեն բանաստեղծի թողած ժառանգության հանդեպ:

Նշենք, որ Թումանյանի ժառանգների այցը Հայաստան նախաձեռնել է »Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, ի դեմս նրա ղեկավար Սերգո Երիցյանի։ Հաջորդիվ կներկայացնենք նաեւ , թե ինչ ծրագրեր ունեն Հայաստանում Թումանյանի ժառանգները եւ ինչ միջոցառումներ են նախատեսվում։ 

 

ՕՐԵՐ