Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր լրանում է ժամանակակից հայ գրականության ու մշակույթի բացառիկ ներկայացուցիչներից մեկի՝  գրականգետ, հրապարակախոս,դրամատուրգ, արձակագիր  եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի 80-ամյա հոբելյանը։

Այնքան բազմազան է եղել Թոփչյան անհատի գործունեությունը հայ մշակույթի ու գրականության անդաստանում, որ երկար էջեր  են պետք նրա կատարած հսկայական աշխատանքի մանրամասն բնութագրումը ներկայացնելու համար։  

Լինելով Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Թոփչանի որդին, նա մանկուց եղել է գրական աշխարհի մեջ, մեծացել է հայտնի գրողների ու մտավորակնների շրջապատում, համալսարանական  տարիներից հետո աշխատանքի անցնելով նախ ՙՀայաստան՚ հրատարակչությունում, ապա  դառնալով ՙԳարուն՚ ամսագրի հիմնադիր կազմի անդամ, հետագայում՝ 70-80-ականներին աշխատելով նաեւ ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայում։

Բացի գրական գործունեությունից,նա անկախության տարիներին  իբրեւ հրապարակախոս ու լրագրող հանդես էր գալիս Հայաստանի, սփյուռքի եւ արտասահմանյան մամուլում, հավասարապես գրելով հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն, թղթակցում էր նաեւ ՙԱզատություն՚ ռադիոկայանի ռուսական ծառայությանը, հանդես գալով լուրջ քաղաքագիտական մեկնաբանություններով։

Փարիզ տեղափոխվելուց հետո կապը Հայաստանի հետ չկտրվեց, սակայն  այդ  տարիներն արդյունավետ դարձան ոչ միայն Թոփչյան գրող-թարգմանչի համար, այլեւ ժամանակակից հայ գրականության համար։  Ֆրանսիական գրականությունից  կատարած նրա կատարյալ թարգմանությունները դարձան թարգմանչական գործի փայլուն օրինակներ։ Այդ ընթացքում նա հարստացրեց նաեւ իր գրականությունը։  Այդ գրականության պսակը դարձավ պոլսահայ հայտնի բանաստեղծ Ռուբեն Սեւակին նվիրված ՙԵվ անգամ մահից հետո՚ վեպը։

Մոգական լեզվով եւ ազդեցիկ սյուժետային հենքով գրված 600 էջանոց վեպը իրավամբ կարելի է համարել ժամանակակից հայ գրականության գոհարներից մեկը։ Այն պետական մակարդակով արժանացավ բարձր գնահատականի, սակայն, ցավոք,  համընդհանուր տարածում չստացավ։ Այնինչ այն կարող էր դառնալ  դպրոցական պարտադիր ընթերցման դասագիրք, նաեւ Հոլիվուդյան մակարդակի ֆիլմի սցենար կարող էր ծառայել։ Հետագայում ծնվեցին նոր գործեր՝  ՙԲանկ Օտոման՚ը, պատմվածքների ժողովածուն, սակայն, եթե նա նույնիսկ միայն Ռուբեն Սեւակին նվիրված վեպը գրեր, միեւնույն է, կդասվեր հայ դասականների շարքը, առանց որեւէ չափազանցության։

Մեր ժամանակների հայ մտավորականության բացառիկ դեմքերից մեկն է Ալեքսանդր Թոփչյանը։ Նրա գրական լեզուն, վերլուծական ճկուն միտքը, բարձրաճաշակ մոտեցումը արվեստի ու գրականության ամենատարբեր հարցերին, խորքային գիտելիքները, հանրագիտարանային հիշողությունը եւ  հայ ազգային մտքի շարունակական արծածումը միայն խորը հարգանքի եւ ակնածանքի են արժանի։

Ալեքսանդր Թոփչյանն իրավամբ շարունակեց իր ծնողների գործը,դարձավ իր երկրին ու ժողովրդին,նրա  մշակույթին նվիրված մշակ, ով ուր էլ գնաց, ինչ գործ էլ նախաձեռնեց, միայն հարստացրեց հայկական աշխարհը,միաժամանակ ստեղծելով իր՝ թոփչյանական բացառիկ աշխարհը։

Մեծանուն մտավորականին, հայ գրականության երեւելի դեմքերից մեկին մաղթում ենք առողջ ու երկար տարիներ, եւ գրական նոր գործեր, որոնք կզարդարեն հայ գրականությունը։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր

Պրահա Չեխիա

07.09.2019