«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ նախագահ Թոմ Քաթինան Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում կմիանան «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր եւ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին։
Սեպտեմբերի 4, 2019թ. - «Խաղաղության տուն» (Maison Shalom) միջազգային հասարակական կազմակերպությունը, որը հոգ է տանում պատերազմից տուժած հազարավոր որբ երեխաների եւ փախստականների մասին, այժմ նշում է իր հիմնադրման 25-րդ տարեդարձն այնպիսի թեմաների հանրային քննարկումներով ու ելույթներով, ինչպիսիք են մարդասիրությունը, կրթությունը եւ այլ հրատապ համաշխարհային հարցեր՝ բարեգործների եւ փորձագետների մասնակցությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը եւ նախաձեռնության նախագահ, «Գթության մայր» հիվանդանոցի բժշկության գծով տնօրեն, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան սեպտեմբերի 5-7-ը կլինեն Ռուանդայում՝ մասնակցելու միջոցառումներին:
«Մեծ պատիվ է միանալ «Խաղաղության տան» (Maison Shalom) 25-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչպես որ մեծ պատիվ էր այդ խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեի՝ 2016թ. «Ավրորա» մրցանակի անդրանիկ դափնեկիր դառնալը», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Մարգարիտն իսկական հերոս է եւ «Ավրորայի» ոգու կենդանի մարմնացումը: Նրա նման մարդկանց շնորհիվ է, որ «Ավրորայի» բացառիկ մարդասերների համայնքը շարունակում է մեծանալ եւ օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ տարածելով «Երախտագիտությունն՝ ի գործ» ուղերձը»:
2016թ. Մարգարիտ Բարանկիցեն ճանաչվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ հազարավոր մարդկանց կյանքը փրկելու, Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին որբերի եւ փախստականների մասին հոգ տանելու հարցում գործադրած իր բացառիկ ջանքերի համար: Որպես «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ Մարգարիտ Բարանկիցեն ստացավ 100.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.000.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին հատկացնելու նպատակով:
««Ավրորա» մրցանակը հսկայական ազդեցություն է ունեցել ինձ վրա, «Խաղաղության տան» վրա և հարյուրավոր մարդկանց վրա, որոնց կարողացանք օգնել այդ մրցանակի շնորհիվ: Առանց ձեզ մենք դա չէինք կարող անել: Այն սերն ու մարդկային արժանապատվությունը խորհրդանշող հրաշք էր: Հիմա մենք պատրաստ ենք աշխարհին ցույց տալու, թե ինչի ենք հասել այս 25 տարիների ընթացքում, եւ դա ընդամենն սկիզբն է», - ասել է «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: «Սիրով սպասում եմ՝ ողջունելու «Ավրորայի» պատվիրակությանը Կիգալիում եւ ցույց տալու միեւնույն հյուրընկալությունը, որին արժանացա Հայաստանում, որտեղ բոլորն ինձ վերաբերվում էին ինչպես ընտանիքի անդամի»:
Մարգարիտ Բարանկիցեն «Խաղաղության տունը» հիմնել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի ունեցող վայրագությունների ընթացքում՝ իր խաղաղ տանիքի տակ պատսպարելով առաջին 25 որբ երեխաներին և նրանց օգնելով վերակառուցելու իրենց կյանքը: 1993 թվականից՝ իր ստեղծումից ի վեր, ոգեշնչված խաղաղության եւ հաշտության մշակույթով, Maison Shalom խնամքի տան առաքելությունն ընդլայնվել է՝ խնամք հատկացնելով ՁԻԱՀ-ի պատճառով որբացած ինչպես Բուրունդիի, այնպես էլ Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երեխաներին:
***
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն իրենց փրկողների: Այն ձգտում է հնարավորություն տալու մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, և այդպիսով շարունակելու մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի՝ 1915-1923 թթ. տեւած Հայոց ցեղասպանության) աջակցելու մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Այդ նպատակն իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի՝ «Ավրորա» մրցանակի, Aurora Dialogues քննարկումների շարքի, «Ավրորա» մարդասիրության ցուցիչի, Երախտագիտության նախագծերի եւ 100 LIVES նախաձեռնության օգնությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, հենվելով վիրաբույժի, վետերանի, մարդասիրական գործունեության եւ 2017 թ. Ավրորա մրցանակակրի իր փորձառությունների վրա, սփռելու է «Ավրորայի» «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ։ Նախաձեռնությունը ողջունում է բոլոր նրանց, ովքեր ստանձնում են համընդհանուր մարդկայնության շուրջ միավորվելու պարտավորությունը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 LIVES հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):
Ավելին. www.auroraprize.com