Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Օգոստոսի 31-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» եռալեզու (հայերեն, անգլերեն, գերմաներեն) ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ցուցադրության հեղինակ, ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, Ավստրիայի դեսպանության ներկայացուցիչ Ալֆրեդ Բրատրանեկը (նստավայրը՝ Վիեննա):

Ցուցադրության բացմանը ներկա կլինեն հայ ռազմագերիների ժառանգներ, հյուրեր` ինչպես Հայաստանից, այնպես էլ Ավստրիայից (պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ և այլ հրավիրյալներ):

Ցուցադրությունը կազմված է երկու հիմնական խորագրերից՝ Ավստրո-Հունգարիայի հայ ռազմագերիների հետքերով և Հայրենիքից հեռու. Անվերադարձ, ինչպես նաև 10 օժանդակ խորագրերից՝ Առաջին աշխարհամարտ. պատճառներ և հետևանքներ, Միլիոնավոր մարդիկ՝ թշնամու ձեռքերում, Ռազմագերիների ճամբարներն Ավստրո-Հունգարիայում. զորանոցային քաղաքներ, Աշխատանք և զբաղվածություն, Հիվանդություն և մահ, Ազատություն և վերադարձ հայրենիք, Ռուդոլֆ Փյոխը և մարդաբանական հետազոտությունները, Մարդաբանական ուսումնասիրությունների իրականացումը, Հնչյունագրություն, Ռուդոլֆ Փյոխը և հայերը:

Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով և ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ է արվելու վեր հանել զինվորների ոչ սովորական կյանքի ուղին: Ցուցադրության կարևոր մաս են կազմելու 100 տարվա վաղեմություն ունեցող հայ ռազմագերիների երգն ու արտասանությունը: Հատկապես հուզիչ է ռազմագերիներից Արշակ Մանուկյանի ձայնագրության արձանագրությունը, որտեղ նշվում է հետևյալը. հայ՝ ծնվել է Լծենում, ապրել Եկատերինոսլավում, 30 տարեկան, մասնագիտությամբ՝ հրուշակագործ: Երգում է «Կռունկ Հայաստանի» երգը՝ կոչելով այն «դժբախտ գերու թռչուն», 15 օգոստոսի, 1915 թ.:

Այս և ներկայացվողվող մյուս ձայնագրություններն այցելուներն ականջակալով ունկնդրելու հնարավորություն կունենան:

Ցուցադրության մեջ բացառիկ են հատկապես ռազմագերիների ձեռքով պատրաստված իրերը գերության ընթացքում, ժամանակաշրջանը պատկերող քարտեզները, բացիկները, ռուսական բանակի տարբեր զորատեսակների անագե զինվորիկները, ռազմագերիների ինքնության քարտերը, սահմանափակ տարածքում տեղաշարժվելու արտոնագրերը, ճամբարի դրամական միավորները, ճամբարային թերթերը և այլն:

Սույն ցուցադրության մեջ և համանուն պատկերագրքում օգտագործված նյութերի զգալի մասը ձեռք է բերվել Ավստրիայի, Հայաստանի և Ռուսաստանի արխիվներից։

Հետազոտական թիմին հաջողվել է Հայաստանի գյուղերում գտնել նախկին ռազմագերիների բարեկամների հետքերը, նրանց անմիջական ժառանգներին: Վերջիններիս հիշողությունները, նրանց տրամադրած ընտանեկան լուսանկարները, տարբեր արխիվային փաստաթղթերը թույլ են տվել ամբողջացնել ու շարադրել հայ ռազմագերիների կյանքի պատմությունները: Ռազմագերիների ժառանգներից շատերը գիտեին իրենց բարեկամների՝ գերության մեջ եղած լինելու մասին, սակայն ոմանց համար դա նորություն էր:


Հյուրերը հնարավորություն կունենան ձեռք բերելու ցուցադրության համանուն  պատկերագրքից օրինակներ՝  հեղինակի մակագրությամբ:

Ցուցադրության հեղինակ՝ Յասմին Դում-Թրագուտ
Ցուցադրության կազմակերպման պատասխանատու՝ Սեդա Պարսամյան
Ցուցադրության գեղարվեստական ձևավորող՝ Քրիստինե Վարդանյան
Հանրայնացման և մամուլի պատասխանատու՝ Արևիկ Ավետիսյան



ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին