Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 


Ընթերցողները հազիվ էին մարսել այս վեպի պարսկերեն թարգմանության լուրը, երբ, ահա, գրեթե երկու ամիս անց իմանում ենք մի նոր թարգմանության մասին, այս անգամ Սերբիայում: Ինչպես նախորդ թարգմանությունը, սա ևս կարելի է հաճելի անակնկալների շարքում դասել:


Ալ. Թոփչյանի կարծիքով, սա, անշուշտ, հաճելի է, բայց դժվար է ասել, թե երկուսն էլ կատարյալ անակնկալներ են: Մանավանդ Սերբիայի պարագայում: Իրանցիները հիմա հետաքրքրված են մեր մշակույթով, և վերջին տարիները հայ հեղինակների մի քանի գրքեր լույս տեսան պարսկերեն և լավ ընդունվեցին: Ինչ վերաբերում է ՙԲանկ օտոմանի՚ թարգմանությանը, ապա ընդունելությունն իսկապես հրաշալի էր: Գիրքը, որպես բեստսելեր, ներկայացվեց Թեհրանի գրքի տոնավաճառում և տեղում էլ փառահեղ շնորհանդես արվեց` Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ լիազոր-դեսպան Արտաշես Թումանյանի ներկայությամբ: Իսկ Սերբիայի պարագան փոքր-ինչ տարբեր է: Վեպն` իր բովանդակությամբ, լիովին համահունչ է այդ երկրի և ժողովրդի պատմա-մշակութային համատեքստին: Սերբերը, ինչպես բալկանյան բոլոր ժողովուրդները, ՙբախտ՚ են ունեցել դարեր շարունակ տառապելու օսմանյան լծի տակ: Այսինքն, նրանց համար այս վեպը պիտի որ լիովին հասկանալի լինի, և ՙթարգմանել՚ բառը տվյալ դեպքում զուտ լեզվական իմաստ ունի: Եվ, վերջապես, գուցե ավելորդ չէ ընթերցողներին հայտնել, որ Սողոմոն Թեհլիրյանը մինչև Սան-Ֆրանցիսկո մեկնելը, երկար տարիներ ապրել է Բելգրադում: 
Նրանք մի ամբողջ գրականություն ունեն` նվիրված այդ ողբերգական շրջանին: Բավական է հիշել Նոբելյան մրցանակակիր, հանճարեղ գրող Իվո Անդրիչի ՙԴրինայի կամուրջը՚ և ՙՏրավնիկյան տարեգրություն՚ փառահեղ վեպերը: Գործեր, որոնք առ այսօր, զարմանալիորեն, թարգմանված չեն հայերեն: Պետք է հիշեցնել նաև պատմական մեկ այլ ուշագրավ փաստ, որը վկայում է, որ Ալ. Թոփչյանի վեպը ոչ միայն հասկանալի, այլև պիտի հոգեհարազատ լինի բալկանյան ժողովուրդներին: 1903թ., հունական Սալոնիկ քաղաքում, մակեդոնացի հեղափոխականները գրավեցին ՙԲանկ Օտոմանի՚ բաժանմունքը և, ի տարբերություն հայ հեղափոխականների, պայթեցրին: Ասել է, թե մեր դառը դասն օգտակար եղավ նրանց համար: 

Գիրքը լույս է ընծայել Սերբիայի առաջատար հրատարակչություններից մեկը` ՙՖիլիպ Վիշնյիչը՚: Վեպը սերբերեն է ՙհնչեցրել՚ փորձառու թարգմանիչ Միլիվոյե Բաչովիչը: 
Վեպը թարգմանվել է երկրորդ լեզվից` ռուսերենից: Սակայն Ալ. Թոփչյանը պնդում է, որ այս դեպքում ռուսերենը երկրորդ լեզու չէ: ՙՆախ, ես երկլեզվյան հեղինակ եմ, - ասում է նա: - Բազմաթիվ հոդվածներ ունեմ գրված ուղղակի ռուսերեն`ռուսական մամուլի համար: Վեպը ռուսերեն թարգմանեց Անահիտ Թոփչյանը` իմ մշտական, ստեղծագործական ներկայությամբ, և այնքան անթերի, որ մոսկովյան հրատարակչությունում որևէ դիտողություն չեղավ: Մի խոսքով, ռուսերեն տարբերակը ավելի կատարյալ է և որոշ առումով առավելություններ ունի հայերեն բնագրի հանդեպ ՚:
Այսպիսով, սա եղավ հինգերորդ թարգմանությունը` ռումիներենից, ֆրանսերենից, ռուսերենից և պարսկերենից հետո: ՙԻսկ վեցերորդ թարգմանությանը երկա՞ր պիտի սպասենք՚, - հարցրեցինք հեղինակին: ՙՇատ չէ, - ասաց նա: - Հավանաբար մինչև Նոր Տարի, եվրոպական երկրներից մեկում՚:
Ըստ երևույթին, կարող ենք ասել, որ ՙԲանկ Օտտոմանը՚ անկախությունից հետո լույս տեսած գեղարվեստական երկերից ամենաթարգմանվածն է:


Զրույցի վերջում, Ալ. Թոփչյանն ավելացրեց, որ վեպի պարսկերեն և սերբերեն թարգմանությունները համարում է լավագույն նվերներն իր մոտալուտ, հոբելյանական տարեդարձին: Գրողը 80 տարեկան կդառնա ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին:
Մեր կողմից ավելացնենք, որ, վստահորեն, մեզ` ընթերցողներիս մատուցված, ութսուներորդ տարեդարձի նվեր կարող ենք համարել վերջերս լույս տեսած Ալ. Թոփչյանի ՙՉարիքի զավակները՚ պատմվածքների և վիպակների ծավալուն ժողովածուն:

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր 

Պրահա

 

Սերբերեն հրատարակության շապիկը 

Պարսկերեն հրատարակության շապիկը