Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հուլիսի 15-ից 22-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում անցկացվեց «4Ps4YOUth» կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիրը:

Վերջինիս իրականացման նախաձեռնությունը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությանն էր, իսկ հայաստանյան գործընկերը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրն էր:

Ուսուցողական դասընթացին մասնակցում էին եվրոպական տարբեր երկրների քաղաքացիական հասարակության, կրթության համակարգի ներկայացուցիչներ, որոնք համատեղ քննարկեցին հանրային կապերի զարգացման միտումները, հաղորդակցային արդի գործիքներն ու դրանց կիրառումը գործնականում:

«Հայկական PR ասոցիացիայի» նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի խոսքով, նմանատիպ ծրագրերը յուրօրինակ հարթակ են մասնակիցների փորձի փոխանակման, գիտելիքների և հմտությունների ձեռքբերման համար:

«Երբ պատրաստվում էինք դիմել Եվրամիության «Erasmus+» ծրագրին, ուսումնասիրեցինք և պարզեցինք, որ հասարակական կազմակերպությունները, երիտասարդական կառույցները, բուհերը բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, սակայն ոչ միշտ են կարողանում դրանք հասցնել մեծ լսարանին, հանրայնացնել, տեսանելի դարձնել, որն էլ, բնականաբար, կապահովի ծրագրերի շարունակականությունն ու հաղորդակցման տարատեսակ մոդելների ու գործիքների կիրառումը,- պարզաբանեց Աստղիկ Ավետիսյանը:- Իտալիայում կայացած նախապատրաստական հանդիպման ժամանակ կարևորվեց թեմայի արդիականությունը, ու ամբողջ ծրագիրը կառուցվեց՝ հաշվի առնելով և ներգրավելով մասնակից երկրների կազմակերպություններում  և համալսարաններում առկա մարտահրավերների ուսումնասիրության և դրանք հաղթահարելու մեխանիզմների վերաբերյալ համապատասխան թեմաները»:  

Ծրագրի համակարգող, «Հայկական PR ասոցիացիայի» փոխնախագահ Արման Գրիգորյանն ընդգծեց ծրագրի՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ծրագրի ընթացքում մասնակիցներին տեղեկատվություն փոխանցեց տրամաբանական կառուցվածքով հաղորդակցության, հանրային կապերի, արդի գործիքների և տեխնոլոգիաների մասին:

Ծանոթացման և թիմի ձևավորման վարժանքներն ավելի ջերմացրին մթնոլորտը: Եվրամիության երիտասարդության հարցերով փորձագետ, միջազգային ուսուցանող Ատոմ Մխիթարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ժողովրդավարության և մասնակցության գործընթացների վրա, պարզաբանեց, թե ինչպես կարելի է մասնակցել որոշումների կայացմանը, ժողովրդավարության ինչպիսի մոդելներ գոյություն ունեն:

Դասընթացի համար հրավիրվել էր նաև հատուկ բանախոս՝ հայտնի ճառագիր, հաղորդակցության և հանրային կապերի խորհրդատու, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի անդամ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը: Նա կարևորեց հաղորդակցության մեջ լռության դերը:

Կազմակերպվեց նաև շրջայց Բեռլինի հաղորդակցության թանգարան, որտեղ մասնակիցները ծանոթացան հաղորդակցության զարգացման պատմությանը և արդի տեխնոլոգիաների կիրառման նորարարական լուծումներին:

Խմբային աշխատասրահներում քննարկվեցին տարբեր իրավիճակներ հաղորդակցության ռազմավարության մշակման, քարոզարշավներ իրականացնելու մասին:

Ծրագրի ուկրաինացի մասնակից Սոֆիա Պինչուկը մեզ հետ զրույցում նշեց, որ «4Ps4YOUth»-ը «Erasmus+»-ի առաջին ծրագիրն է, որին ինքը մասնակցում է իր բուհի ընձեռած հնարավորության շնորհիվ:

«Դասընթացն ամբողջովին փոխեց իմ տեսակետը PR և հաղորդակցային տեխնոլոգիաների մասին,- նշեց  Սոֆիա Պինչուկը,- ես անգնահատելի փորձ և գիտելիքներ ձեռք բերեցի PR արշավներ կազմակերպելու, ինչպես նաև կերպար ձևավորելու, վերբալ և ոչ վերբալ հաղորդակցման մասին»:

Սոֆիա Պինչուկը հավելեց, որ ծրագրի անցկացման ոչ պաշտոնական ձևաչափը նույնպես արդյունավետ էր. վերջինս ոչ միայն հետաքրքիր էր, այլև անմիջական:

Ծրագրի մեկ այլ մասնակից՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Վարդանյանը, նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում հասցրել է զարգացնել  հաղորդակցային  հմտություններն ու  ձեռք բերել նոր գիտելիքներ ոլորտի մասին։

«Ինձ համար անգնահատելի էին միջմշակութային շփումն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև նոր կապերի ստեղծումը, այս ամենին գումարած՝ նաև համեղ ուտելիքներն ու Գերմանիայում շրջելու հնարավորությունը»,- պատմեց Սոնա Վարդանյանը։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աստղիկ Ավետիսյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ միջազգային համագործակցության շնորհիվ Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ընդլայնում է հնարավորությունները, խրախուսում ուսանողներին և դասախոսներին, հնարավորություն ընձեռում լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու:

Հիշեցնենք, որ «4Ps4YOUth. #Public, #Popular, #Progressive and #Productive» կարողությունների զարգացման ծրագրի հաջորդ փուլում գործընկեր կառույցների ներկայացուցիչները ձեռքբերած գիտելիքների և հմտությունների շնորհիվ իրենց երկրներում իրականացնելու են քարոզարշավներ, իսկ ծրագրի ամփոփիչ փուլը տեղի է ունենալու Հայաստանում: