Այսօր Լոնդոնում երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը։
Նա ընդամենը 7 ամիս առաջ՝ 2018թ նոյեմբերի 28-ին էր նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):
Հայաստանի դիվանագիտության հմուտ ու փորձառու ներկայացուցիչներից մեկը բոլորովին երիտասարդ տարիքում՝ ընդամենը 63 տարեկանում հրաժեշտ տվեց կյանքին։
ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմն իր խորին ցավակցություններն է հայտնում սիրելի Արման Կիրակոսյանի ընտանքի անդամներին՝ տիկնոջը, որդուն , հարազատներին ու բարեկամներին։ Մենք կորցրեցինք մեր սիրելի ավագ ընկերոջն ու իր հայրենիքին նվիրված անձնվեր քաղաքացուն։ Աստված հոգին լուսավորի։
Պաշտոնական կենսագրությունը
Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ սեպտեմբերի 10-ին։ Անվանի հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, հայտնի պատմաբան, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանի որդին է։
- 1992 - 1993 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը։
- 1994 - 1999 թվականներին եղել է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
- 1999 - 2005 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
- 2005 - 2011 թվականներին եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
- 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[1]։
- 2011 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 2011 թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար[3]։
- 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ[4]։
- 2012 թ. մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է ՀունգարիայումՀայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]։
- 2018 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)[6]:
Արման Կիրակոսյանը բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ Անգլերեն են թարգմանվել և հրատարակվել նրա «Հայկական ջարդերը 1894-96 թթ.» և «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գրքերը։ «Բրիտանական դիվանագիտությունը և հայկական հարցը» գիրքը հայերեն հրատարակվել է 1999 թ. և հանդիսացել նաև Արմանի դոկտորական դիսերտացիան։ Գրքում վեր է հանվում անգիլական դիվանագիտության սկզբունքները և թուրքերի ջարդարարական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Ներկայացվող փաստացի տեղեկությունները հեղինակը զետեղել է դեռևս 80-ական թթ.-ին՝ գրադարաններից և պահոցներից։ Գիրքն անգլերեն վերահրատարակվել է ԱՄՆ-ում գործող «Կոմիտաս» ինստիտուտի կողմից, իսկ վերը նշված «Հայկական ջարդերը1894-96 թթ.» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 35 հոդված, հրատարակվել է 2004 փետրվարին՝ Դետրոյթի «Վանի» պետական համալսարանի կողմից։