Արարատ Մարզական Միությունը Ավստրիայից գուժում է, որ այսօր՝ հունիսի 25-ին Վիեննայում երկարատեւ հիվանդությունից հետո 99 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց հայտնի գործարար, ազգային բարերար, հասարակական ու համայնքային գործիչ Կարպիս Փափազյանը։ Նրա ցանկությամբ է Ավստրիայում հիմնվել ՀԲԸՄ ,,Կարպիս Փափազյան,, մրցանակը։
2016 թվականին ՕՐԵՐ եվրոպական ամսագրում Ավստրիահայ համայնքին նվիրված համարում ներկայացրել ենք պարոն Փափազյանի անցած ուղին։
Ծնվել է 1920 թվականին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։ 1940 թվականին տեղափոխվել է Վիեննա։ Մեզ հետ զրույցում պարոն Փափազյանը հիշում է.
,,Այդ տարիներին այստեղ հայություն չկար։ Միայն 1-ին թաղամասում,
Դոմինիկաներբասթայ փողոցի թիվ 10-ում մի մատուռ ունեինք։ Ամեն մեկն իր
պարտականությունը կատարում էր եւ ծախսերը հոգում էինք։ Ես զբաղվում էի
էքսպորտ-իմպորտի հարցերով։ Հիմա հայությունը շատ է՝ վերջերս են շատացել,,։
Նրա կարծիքով, սփյուռքում հայ մնալն է ամենակարեւորը եւ
կազմակերպություններին օգտակար լինելը։
1988 թվականից նա հայությանն ու հայ մշակույթին աջակցած օտար անհատներին
տալիս է ՀԲԸՄ ,,Կարպիս Փափազյան,, մրցանակը։ ,,Այս որոշումը ընդունեցի,
երբ ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի հետ հանդիպեցի եւ ասացի, որ նման
մտահղացում ունեմ։ Օտարները, ովքեր մեզ համար աշխատում են, պետք է
գնահատել։ Եվ որոշեցի Բարեգործականի հովանու տակ հիմնել այս մրցանակը։ Երբ
Ալեք Մանուկյանը հարցրեց, թե ինչու Բարեգործականը ընտրեցիր, ասացի .,,Լավերի
մեջ լավին ընտրեցի,,։
Ալեք Մանուկյանն ասաց, սփյուռքում այսքան կազմակերպություններ կան եւ այսքան ծրագրեր ենք անում, ինչպես պատահեց, որ նման գաղափարը դու
առաջարկեցիր,,։ Ես էլ ասացի, որ մի կույր հավն էլ քուջուջ որ անի, ոսկե հատիկ կգտնի,,-պատմում է հայ բարերարը։
Արդեն 28 օտարազգի անհատների տրվել է այդ մրցանակը։
Կարպիս Փափազյանը նաեւ շատ համեստորեն լռում է, որ ժամանակին Գարեգին
Նժդեհի Եվրոպայում գտնվելու ընթացքում, եղել է նրա թիկնապահը։
Նրան նաեւ ընտրել են Ավստրո-Հայկական Մշակութային Ընկերութեան Պատվո անդամ (1979), Վիեննայի Հայ Ուսանողական եւ Երիտասարդական Միության Պատվո անդամ (1980), Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի Պատվո անդամ (1985 թ.), ,,Արարատ,, մարզական միության Պատվավոր մարզիկ (2010)։ 2000թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ազգային մեծ բարերարին շնորհել է ,,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ,, շքանշանը։
ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին։
Աւստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական համայնքն նույնպես ի դեմս հոգեւորականաց դասի եւ եկեղեցական վարչութեան անդամների սգում է Կարպիս Փափազեանի մահը եւ աղօթում, որ Երկնաւոր Տէրը լոյսերի եւ խաղաղութեան մեջ ընդունի Իր հաւատաւոր ծառայի հոգին: Ցավակցություններ է հայտնել նաեւ Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։
orer.eu
Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի/Հ.Ասատրյան/