ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ՍԴ որոշ անդամների և Հրայր Թովմասյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում:
«Հանդիպումներ եմ ունեցել և երեկ, և այսօր ՍԴ անդամների մի մասի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները»,- ասաց Գրիգորյանը:
Վահե Գրիգորյանը նշեց, որ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում:
«Նախանշված հարցը քննարկում եմ նրանց հետ առանձին քննարկումներում: Երբ ամենը կվերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,- նշեց Վահե Գրիգորյանը:
Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ հունիսի 20-ի նիստում:
«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը: Մա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված ԱԺ-ի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է: Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դա եղել է բաց ու թափանցիկ: Շուրջ մեկ տարի առաջ, երբ կայացնում էի այս որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին և հավակնել այդ պաշտոնին, ի վերջո ընտրվել և ստանձնել այդ պաշտոնը, ես բոլոր հանգամանքներով հանդերձ պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում»,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ այդ անցումային տրամաբանության մեջ ՍԴ-ն իր կազմով արդեն ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ինքը մտադիր է ամենայն մանրամասնությամբ սկզբում քննարկել գործընկերների հետ, այնուհետև նրանց հետ համատեղ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ:
Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի սահմանադրականության հարցերում և հետաքրքրվածությունը՝ Գրիգորյանը խնդրեց ու խիստ պահանջեց, որ իսպառ բացառվեն ՍԴ-ի անդամների կամ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան:
Գրիգորյանը երդվեց, երդվելուց հետո նա պաշտոնը ստանձնում է անհապաղ:
Աղբյուր՝ «Արմենպրես»