Կանոնը սահմանում է. ե-ն բառասկզբում արտասանվում է յէ, բառամիջում և բառավերջում՝ է։ Օրինակ՝ յէրգ, յէրկու, նէրէլ, բէրէլ, Նարինէ, րոպէ։
Բաղադրյալ բառերում բառարմատի սկզբի յէ-ն (ե-ն) բաղաձայնից հետո արտասանվում է է, օրինակ՝ համէրգ, բազմէրանգ, առէրես, անէլանելի, անէնթակա, ձայնավորից հետո՝ յէ, օրինակ՝ ամենայէրջանիկ, կիսայէզրափակիչ։
Չպետք է կարծել, որ եթե բառն առանձին արտասանվում է յէ-ով, օրինակ՝ երկու (յէրկու), երգ (յէրգ), երկիր (յէրկիր), ապա այդ արտասանությունը պետք է պահել նաև բառամիջում, ինչպես՝ տասնըյէրկու, զուգյէրգ, ստորյէրկրյա։ Սա ճիշտ չէ: Ինչպես ասվեց, բաղաձայնից հետո ե-ն արտասանվում է է։ Ուստի պետք է արտասանվի՝ տասնէրկու, զուգէրգ, ստորէրկրյա և այլն։
Հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս արտասանել ե-ն, եթե պայմանական (ենթադրական) եղանակի կ- /կը/ և ժխտական չ- /չը/ մասնիկներից հետո է, որոնք նույնպես բաղաձայն հնչյուններ են։ Օրինակ՝ ասել կէրգե՞մ, թե՞ կյէրգեմ, կէզրափակի՞, թե՞ կյէզրափակի, կէրկրպագե՞ն, թե՞ կյէրկրպագեն, չէրազե՞նք, թե՞ չյէրազենք, չէնթարկվե՞լ, թե՞ չյէնթարկվել և այլն։
Օրինաչափությունն այն է, որ պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանվում է յէ, քանի որ այդտեղ կ-ից և չ-ից հետո ը է արտասանվում (փաստորեն ե-ն ձայնավորի է հաջորդում)։ Ուստի պիտի արտասանել կյէրգեմ, կյէզրափակի, կյէրիտասարդացնեն, կյէռապատկենք, կյէրդվենք, կյէրկնի, չյէրազել, չյէզրատել, չյէռացնել, չյէռակցել, չյէրթևեկել և այլն։ Իհարկե, կարող են լինել բացառություններ և զուգաձևություններ (կէփեմ/կյէփեմ, չէնթարկվել/չյէնթարկվել, չէրկնչել/չյէրկնչել):
Հիմք ընդունելով ասվածը՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
- բաղադրյալ բառերում բաղաձայնից հետո ե-ն արտասանել է,
- պայմանական եղանակի կ- և ժխտական չ- մասնիկներից հետո ե-ն արտասանել յէ։
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ