Հաագա, 11 հունիսի 2019 թ. – Նիդերլանդների խորհրդարանը այսօր համարյա միաձայն ընդունեց բանաձև, որը ներկայացրել էր Քրիստոնեական միության (CU) խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեվինդը։
Բանաձևում խորհրդարանը նողկանք է արտահայտում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայոց ցեղասպանության մասին հնչեցրած խոսքերի հանդեպ։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շնորհակալություն է հայտնում պատգամավորներին այս հստակ և հետևողական արտահայտության համար։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) համառորեն պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունները դատապարտելու համար։
Խորհրդարանի բանաձևը դիմում է կառավարությանը մերժել Էրդողանի խոսքերը և այդ տեսակետը փոխանցել Թուրքիայի կառավարությանը։ Այդ բանաձևին կողմ են քվեարկել խորհրդարանի բոլոր խմբակցությունները բացի երեք հոգուց բաղկացած Դենկ խմբակցությունից։ Քվեարկությունից հետո պատգամավոր Ջոել Վորդեվինդը պահանջեց, որ կառավարությունը խորհրդարանին տեղեկացնի թե ինչպես են իրագործվելու բանաձևի դրույթները։
Արտաքին գործերի նախարար Բլոկի կարծիքը բացասական չէր բանաձևի նկատմամբ, երբ դա ներկայացվեց և դրա ընդունումը թողել էր խորհրդարանի հայեցողությանը։
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Էրդողանը իր ելույթում ասել է. «հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։
2019 թվականի մայիսի 15-ին Նիդերլանդների խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ, տարբեր խմբակցությունների պատգամավորներ դիմեցին արտգործ նախարար Ստեֆ Բլոկին կոչ անելով` դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը։
Տես նաև Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) 2019 թ. մայիսի 20-ի մանրամասն մամլո հաղորդագրությունը և 2019 թ. հունիսի 6-ի մամլո հաղորդագրությունը