Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի արտգործնախարարությունն իր ֆեյսբուքյան էջում գուժեց պրոֆեսիոնալ դիվանագետ, Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Գառնիկ Բադալյանի անժամանակ մահը։

Արտգործնախարարության գրության մեջ ասվում է. ,,Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։

Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Գառնիկ Բադալյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Բադալյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը,,։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ի հրամանագրերով Հայաստանի նախագահը նրան համատեղության կարգով  դեսպան էր նշանակել նաեւ Տաջիկստանում եւ Աֆղանստանում։ 

Թուրքմենստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2018 թվականի նոյեմբերի 19-ին։ Նա եղել է Հայաստանի արտգործնախարարության առաջին մամուլի քարտուղարներից մեկը, երկար տարիներ աշխատել է Իրանում Հայաստանի դեսպանությունում։  Արտգործնախարարության տարածած ամենօրյա լրահոսից երեւում էր, թե ինչպիսի ակտիվությամբ է նա աշխատում Թուրքմենստանում, եւ ըստ էության գերծանրաբեռնվածությանը չդիմացավ նաեւ նրա սիրտը։ Խորապես ցավում ենք պրոֆեսիոնալ դիվանագետի եւ ավագ գործընկերոջ կորուստը։ 

ՕՐԵՐ-ի խմբագրակազմը խորին ցավակցություններն է հայտնում Գառնիկ Բադալյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։ 

 

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական մահախոսականը

 
Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։
 
Գառնիկ Բադալյանը ծնվել է 1958թ., Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: 1986թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժինը:
 
1991թ-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1992թթ.ԱԳՆ մամուլի քարտուղար և տեղեկատվության բաժնի վարիչ, 1993-1994թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, այնուհետև՝ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար: 1994-1997թթ. աշխատել է որպես ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվող օբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավոր մասնագետ:
 
2004-2010թթ. ընթացքում հանդիսացել է ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, այնուհետև՝ դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար, ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի պաշտոնակատար:
 
2018թ․ նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ 2019թ․ մայիսից, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշխաբադ):
 
Արժանացել է ԽՍՀՄ և Աֆղանստանի կառավարական և ռազմական պարգևների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԳՆ խրախուսանքների։
 
Գառնիկ Բադալյանը նաև նշանակալի ավանդ է ունեցել գիտական ասպարեզում՝ հեղինակելով մի շարք գրքեր և գիտական աշխատանքներ։

Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Գառնիկ Բադալյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
 
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Բադալյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։
 
Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 18:00-20:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
 
Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
 

 

orer.eu