Հունիսի 8-ին կրկին լեփ-լեցուն էր Հայաստանի Հանրապետության նկարիչների միությունն, որտեղ հավաքվել էր արվեստասեր հասարակությունը՝ վայելելու գեղանկարիչ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նախկին ձևավորող, գլխավոր նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի հերթական անհատական ցուցահանդեսը. ՞՞Եռապատկեր՞՞ խորագրով։ Ցուցահանդեսը նվիրված էր նրա ծննդյան 70 ամյակին:
Վիկտոր Հովհաննիսյանը ծնվել է Ախալցխայի Նորշեն-Ծղալթբիլա գյուղում։ 1966 թվականին տեղի միջնակարգն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան։ 1974 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտիԳեղագիտության բաժինը։ 1976 թվականից Պետական Հեռուստատեսության նկարիչ ձևավորողն է՝ տաղավարների և հաղորդումների նկարազարդումներով։Նրա ձևավորմամբ են եթեր հեռարձակվել ուսումնական խմբագրության համարյա ողջ հաղորդաշարերը «Հայ ժողովրդի պատմություն», «Պատմության և մշակույթի հուշարձանները», «Մեր լեզուն մեր խոսքը», ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն հեռուստադասերը, «Բարի գիշեր» իրիկնային հեքիաթի նկարազարդումները, երաժշտական, երիտասարդական, հասարակական, քաղաքական հաղորդումները։ Լրատվական «Լրաբեր», «Օր 7-րդ», երաժշտական «Հայ երգի ակումբ», հասարակական-քաղաքական «Հինգշաբթի», «Հայ տուն”», «Գավիթ», ժամանցային «Սրճարան տանգո», «Խոշոր շահում», «Ոսկե զառ», «Համով լոտո», «Բարի լոտո» և այլ հաղորդաշարեր։Եղել է եթերի անմիջական հսկող նկարիչ՝ ներդիրների և տաղավարների ձևավորումներով։
1993 թվականից՝ Պետական Հեռուստատեսության գլխավոր նկարիչ, «Նորք» հեռուստատեսության ստեղծումից հետո՝ այս հեռուստատեսության գլխավոր նկարիչ։2004 թվականից Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ է:Նրա նկարազարդումներով են տպագրվել մի շարք գրական գործեր. «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» (Արթուր Կոնան Դոյլ), «Ծաղիկներս մնացին հեռվում» (Բոգդան Վերդյան), «Պատերազմի ծուխը» (Հովհաննես Մելքոնյան), «12 ճանապարհորդություն դարերի խորքը» (Կարեն Մուսաելյան) «Կանաչ կամուրջ» (Սարգիս Խարազյան), մանկա-պատանեկան ինչպես նաև «Նորշեն-Ծղալթբիլա» և «Իմ բնօրրան Խաշուտ» գրքերը։ Ունեցել է անհատական և մասնակցել հանրապետական ցուցահանդեսներին։2008 թ. նկարել է Երևանի մարզահամերգային համալիրի սրահի ճակատային մասի «Հաղթական պար» (4000x100 սմ) պաննոն։
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ արվեստաբան Սուզաննա Փիլոսյանն,ով ներկայացնելով արվեստագետին ու նրա աշխատանքները, կարծես մի պատմական էքսկուրս անցկացներ՝ հանրությանը տեղափոխելով դեպի Վիկտոր Հովհաննիսյանի արվեստի աշխարհ:
Ելույթներով հանդես եկան նաև Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիր, հրատարակիչ Հովհաննես Այվազյանը, Մխիթարյան մայրավանքի քահանա Հայր Գևորգ Սարգսյանը և այլոք:
Վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ Վիկտոր Հովհաննիսյանն, ով հույս հայտնեց,որ մոտ ապագայում հանդես է գալու նոր աշխատանքներով ու ցուցադրությամբ:
Ցուցահանդեսը հոբելյանական լինելով նաև հավաքածու է, հին աշխատանքներ քիչ կան, նորերը շատ են, դրա համար ասելիքն վերնագրված է ,,Եռապատկեր,, . թեմաները բաղկացած են երեք կտորից։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ բացի գունանկարից ու գեղանկարից, ներկայացված է նաեւ գրաֆիկա, կոլաժ, այսպիսով այստեղ կարելի է հանդիպել ցանկացած ժանրի աշխատանքների:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի