Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր՝ հունիսի 8-ին Պրահա 6 թաղամասի Հաղթանակի հրապարակում արդեն 4-րդ անգամ  անցկացվեց Չեխիայում հավատարմագրված  մոտ 30 դեսպանությունների  գաստրոնոմիայի ,,Մթերք եւ մշակույթ,,  փառատոնը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի դեսպանությունը։ Բոլոր դեսպանությունները ներկայացնում էին իրենց ավանդական սննդամթերքը, ճաշատեսակները, պահածոներն ու խմիչքները, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, որը միայն անգլերեն գրքեր էր վաճառում։ Առանձին մի քանի տաղավարներով ներկայացված էր նաեւ Չեխիան։ 

Հայկական տաղավարում ավանդական խորովածից զատ, վաճառվում էին նաեւ չրեղեն եւ անուշեղեն։ Տարբեր երկրներ նաեւ ներկայացնում էին երաժշտական համարներ։ Հայկական տաղավարին մոտենում էին շատերը, ովքեր ճամփորդել են Հայաստանում եւ իրենց հիշողություններն էին պատմում։  Նրանցից մեկն էլ 83 ամյա Յիտկա Վիչկովան էր, ով տասնամյակներ շարունակ ընկերություն է արել Հայաստանում բնակվող ակադեմիկոս Հակոբյանի ընտանիքի հետ։ 

Փառատոնի բացումը ողջույնի խոսքերով կատարեցին Չեխիայի արտգործնախարարի տեղակալ Մարտին Սմոլեկը եւ Պրահա 6-ի թաղապետ Օնդրեյ Կոլարը։ Այնուհետեւ ներկա դեսպաններն ու դիվանագետներն իրենց մայրենի լեզուներով ողջունեցին եւ բարի ախորժակ մաղթեցին փառատոնի հյուրերին։  Հայաստանը ներկայացնում էին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ դեսպանության անձնակազմը։ 

Ինչպես միշտ, Հայաստանի հարեւանությամբ Վրաստանի տաղավարն էր, դիմացը՝ Իսրայելի, մյուս կողմում՝ Բալկանյան երկրների դեսպանությունների տաղավարները։ Մեր հարեւան  մյուս երեք երկրների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի  դեսպանությունները չէին մասնակցում։ 

Դեսպանությունների փառատոնը իրոք վերածվել էր հանգստյան օրվա տոնի, քանի որ բոլորն այստեղ էին եկել ընտանիքներով, երեխաներով, ոչ միայն գնումներ էին կատարում, այլեւ կանաչ տարածքների վրա նստած ճաշակում միջազգային խոհանոցի ամենաբազմազան եւ համեղ խորտիկներ։ 

 

ՕՐԵՐ