Չեխիայի Սենատի Վալդշտեյնյան հրաշագեղ այգում մայիսի 28-ին բացվել էր ,, Խաղասեր ճարտարապետ,,/Hravý architekt/ միջազգային դպրոցական մրցույթի ցուցահանդեսը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Նախագծի բացմանը մասնակցել են Չեխիայի տարբեր շրջաններից Պրահա ժամանած 600-ից ավելի երեխաներ, իսկ բացման ժապավենը կտրել է Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսական։
Երեխաները մասնակցել են տարբեր խաղերի, նրանց համար երաժշտական կատարումով հանդես է եկել հայտնի երիտասարդ երգիչ Ադամ Միշեկը։
Հպարտության զգացում ես ապրում, երբ շրջում ես Վալդշտենյան այգում, եւ պատահաբար տեսնում ես Հայաստանը ներկայացնող վահանակ։
Պարզվում է, ,, Խաղասեր ճարտարապետ,, նախագծին մասնակցել են նաեւ Հայաստանի ԱՅԲ դպրոցի սաները, որոնց աշխատանքերն արժանացել են գնահատականի եւ առանձին վահանակով ցուցադրվել են Վալդշտենյան այգում։ Վահանակի վրա ներկայացվել են 9-ամյա Նարե Ավետիսյանի, 8-ամյա աշակերտներ՝ Էդգար Սահակյանի, Լեւոն Վարդանյանի, Մարիամ Մելիքյանի աշխատանքները, որոնք նվիրված են օպերայի շենքին, Կասկադին, Զվարթնոց օդանավակայանին եւ Արարատ կինոթատրոնին։ Նախագծին մասնակցել են նաեւ ԱՅԲ-ի դպրոցականներ Գագիկ Սոխիկյանը, Հայկ Ղազարյանը, Դանիել Մելիք-Մարտիրոսյանը, Միրիամ Մարգարյանը։ Վահանակի վրա նշված է նաեւ, որ դպրոցի տնօրենն է Արամ Փախչանյանը, ուսուցիչները՝ Ալեքսանդր Թամանյանն ու Ստեփան Քյուրքչյանը։ Ներկայացված է նաեւ ԱՅԲ դպրոցը՝ իբրեւ Հայաստանում մրցակցային կրթության լավագույն դպրոց, որը երեխաների մոտ զարգացնում է բարձր կրթական մակարդակ եւ վիրտուոզություն՝ աշխարհի համար լավագույն ապագա կերտելու համար։
,, Խաղասեր ճարտարապետ,, նախագիծը նպատակ ունի միջնակարգ դպրոցների 3-4-րդ դասարանների երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել ճարտարապետական ժառանգության նկատմամբ։
Այս միջազգային նախագիծը մաս է կազմում Պրահայի ճարտարապետության շաբաթ միջազգային փառատոնին, որի շրջանակներում 2019-ի հոկտեմբերի 1-30-ը Պրահայի ամրոցի Ռոզեմբերյան պալատում կբացվի ,,Իմ ճարտարապետական ժառանգությունը,, միջազգային ցուցահանդես-փառատոնը։
ՕՐԵՐ ամսագիր
orer.eu