Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 5-ին Պրահայի Ցուցահանդեսների պալատում հանդիսավոր պայմաններում բացվեց 14-րդ միջազգային Քվադրինալեն։ Բացումը կատարեցին մնջախաղային ներկայացումով, ապա ներկա հյուրերին եւ մասնակից 80 երկրների 800 ներկայացուցիչներին դիմեցին Չեխիայի մշակույթի փոխնախարար Կատերինա Կալիստովան եւ Քվադրինալեի գլխավոր տնօրեն Պավլա Պետրովան։ Թատերական արվեստին նվիրված եվրոպական ամենահեղինակավոր փառատոնի բացումը խորհրդանշեց կարմիր օդապարիկի բարձրացումը։ Հանդիսությանը ներկա էին նաեւ Պրահայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, այդ թվում՝ Չեխիայում Հայաստանի դեսպանության Առաջին քարտուղար Անահիտ Կարապետյանը։
Հայաստանն ինչպես նշել էինք, ներկայանում է հայտնի արվեստագետ Արշակ Սարգսյանի «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիայով:
Թե Արշակ Սարգսյանը, եւ թե Հայաստանից նախագիծն իրականացնող «Էյվա» արվեստների հիﬓադրամի ներկայացուցիչներ՝ համադրող Լիա Մխիթարյանը, թատերանկարիչ-էքսպերտը՝ Լիլիթ Ստեփանյանը մասնակցում են Քվադրինալեին։ Հայկական տաղավարը գտնվում է երկրների բաժնում, Վրաստանի ցուցադրության հարեւանությամբ։ Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը այստեղ չեն մասնակցում։ Թուրքիան ներկայացված է Քվադրինալեի ուսանողական աշխատանքների բաժնում։ Ի դեպ, այս տարվա ուսանողական աշխատանքներն իրենց մտահաղացումներով եւ ներկայացման ձեւերով շատ ավելի հետաքրքիր էին, քան բուն մրցութային բաժնի աշխատանքները։
Այս տարվա ցուցադրությունները նույնպես բազմաժանր են՝ բեմական ձեւավորումից մինչեւ հագուստների դիզայներական ներկայացում, լուսանկարչական, վիդեո ինստալացիաներ, նաեւ իրական ներկայացումներ՝ այցելուների համար։
Ստորեւ ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր տեսարաններ բացումից եւ ներկայացվող աշխատանքներից։
ՕՐԵՐ