Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Մայիսի 24 - 26 Բրյուսելում ՀԲԸՄ Եվրոպայի հովանու ներքո Պողոսյան հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ Երաժշտական շաբաթավերջ /Musical weekend / 2-րդ փառատոնը, որին մասնակցեցին մի շարք հայտնի երաժիշտներ։ Հայտնի դուդուկահար Լեւոն Մինասյանն ու իր ընկերները կատարեցին հայ ավանդական երաժշտություն, վիրտուոզ ջութակահար Դիանա Ադամյանն ու դաշնակահար Մամիկոն Նահապետովը հանդես եկան  Բախի, Կրեյսլերի եւ Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ։  Հայկական մշակութային հրավառությունը եզրափակեց Պորտուգալիայից հայտնի Դելլալյան եռյակը՝ դաշնակահար Մարինե Դելլալյանը, ջութակահար Նարինե Դելլալյանը և թավջութակահար Լևոն Մուրադյանը։ Այս համերգին եռյակին էր միացել նաեւ Նարինեի եւ Լևոնի որդին՝ ալտահար Արթուր Մուրադյանը։ 

Նրանց համերգը նվիրված էր հայ ավանդական երգի ռահվիրա, նվիրյալ Հայրիկ Մուրադյանին և հատկապես վերջերս Հայաստանում երրորդ անգամ վերահրատարակված,Հայրիկի միջոցով մեզ հասած 150 երգերից բաղկացած «Հայրենի երգեր» ժողովածուին, որը տարիներ առաջ Վարպետի  ձայնից վերծանել ու նոտագրել է պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը։  Գրքի թվով երրորդ այս հրատարակությունը լույս է տեսել ՀԲԸՄ ֆրանսիական գրասենյակի աջակցությամբ։

Համերգի սկզբին Նարինե Դելլալյանը հանգամանորեն անդրադարձավ Հայրիկ Մուրադյանի թողած մշակութային ժառանգությանը, նրա գործունեությանը, լույս տեսած գրքի անհրաժեշտությանն ու կարևորությանը։

Հայրիկի երեք երգերով ելույթ ունեցավ «Սրինգ» մանկական երգչախումբը, որը ղեկավարում էր Սյոզաննա Բարեղամյանը։

Համերգին առաջին անգամ Դելլալյան քառյակի կողմից հնչեց Վաչե Շարաֆյանի «Բարի լուսո» շատ յուրօրինակ ստեղծագործությունը, որը կոմպոզիտորը նվիրել է Հայրիկ Մուրադյանին և Դելլալյան քառյակին։ Այն գրված է Հայրիկի երգերից ընտրված չորս երգերի հիման վրա և ամեն մասը սկսվում է ձայնագրությամբ, որտեղ հնչում է Հայրիկի ձայնը։ Այնուհետև միանում է քառյակը, հնչած մեղեդին փոխակերպելով և ստեղծելով մեկ այլ, դասական ֊ժամանակակից լեզվով հնչեցրած մեկնաբանությամբ։ Համերգին քառյակի կողմից ներկայացված ծրագիրը ընտրված էր հատկապես այնպիսի ստեղծագործություններով, որոնք ներշնչված են ազգային մեղեդիներով։ Հնչեցին նաև Տիգրան Մանսուրյանի «Հինգ Բագատելը», Հարություն Դելլալյանի Սոնատ֊Պոեմը և կոմիտասյան մեղեդիների մի գեղեցիկ փնջով հագեցած Գրիգոր Առաքելյանի «Կոմիտաս Սկերցոն», որը նույնպես Գրիգորը մշակել է Դելլալյան քառյակի համար։

Համերգը ջերմությամբ ընդունվեց ներկաների կողմից եւ վերածվեց իսկական մշակութային տոնի։

Ի դեպ, համերգներից ստացված եկամուտը տրամադրվելու է  Հայաստանում երիտասարդ երաժիշտների համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու ծրագրին։

 

ՕՐԵՐ