Մայիսի 30-ին Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտը կազմակերպել էր փակ փորձագիտական ֆորում, որին մասնակցեց նաև Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:
Ֆորումին բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրեն դոկտոր Դան Պետրեն (Dan Petre), որին հաջորդեցին Ռումինիայի ԶՈՒ նախկին բրիգադային գեներալ, դոկտոր, «New Strategy Center» կենտրոնի ավագ փորձագետ Միրչա Մինդրեսկուի (Mircea Mîndrescu) և Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ելույթները:
Ֆորումի շրջանակներում քննարկումներ ծավալվեցին Ռումինիայի արտաքին և անվտանգային քաղաքականության, տարածաշրջանային անվտանգության, հայ-ռումինական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով հարաբերություններին առնչվող հարցեր` հաշվի առնելով Ռումինիայի ՆԱՏՕ և ԵՄ անդամ հանդիսանալու հանգամանքը:
Քննարկմանը ներկա էին Միացյալ Նահանգների գերմանական Մարշալ հիմնադրամի (The German Marshall Fund of the United States) «Սևծովյան վստահություն» կազմակերպության (Black Sea Trust for Regional Cooperation) աջակցությամբ Կովկասի Ինստիտուտի կողմից իրականացվող «Ռումինիայի և Հայաստանի միջև անցումային փորձի փոխանակում» ծրագրին մասնակցող ՀՀ Միգրացիոն ծառայության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, լրագրողներ և վերլուծաբաններ:
Հանդիպումից հետո պատվիրակության անդամներն այցելեցին Ռումինիայում ՀՀ դեսպանություն, որտեղ դեսպանը հյուրերին ներկայացրեց հայ-ռումինական հարաբերություններին՝ նշելով, որ Ռումինիան հատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ, մասնավորապես` Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիների նկատմամբ նրանց ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքի համար: Հանդիպմանը քննարկվեցին նաև գիտա-կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներին առնչվող հարցեր:
orer.eu