Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունիսի 1-ին հայ հոգեւոր երգի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը  Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվեց հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, մեծանուն երգչուհու տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ:   

«1965 թվականին Պալյանը հրաժարվեց հոգևոր գործունեությունից և անցավ աշխարհիկ կյանքի։ Նա սկսեց աշխատել ԵՊՀ-ում: Ես էլ էի համալսարանում աշխատում: Այդ ժամանակներից սկսած նվագակցել եմ նրան, մարզերում նաև`Լուսինե Զաքարյանին», պատմեց  Զաքարյանի  ընտանիքի բարեկամ  և  թանգարանի տնօրեն Սուսաննա  Դավթյանը: Նա շեշտեց, որ մինչ օրս չի պատկերացնում Երևանն առանց Լուսինեի և Խորենի: « Նրանք մեր բեմի զարդն էին ու նպաստեցին հայ հոգևոր զարթոնքին»,- ընդգծեց Դավթյանը: Այս մասին հայտնել է Արմենպրեսը։ 

Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի խոսքով` մեծ ջանքեր են գործադրել թանգարանը բացելու համար: «Սա մեծ իրադարձություն է ոչ միայն Պալյան ընտանիքի, այլև հայ ժողովրդի համար: Հպարտությամբ ենք հանրությանը հանձնում այս մշակույթի կենտրոնը, որը պետք է ծառայի հոգևոր երաժշտությանը: Այստեղ պետք է հնչեն Զաքարյանի և Պալյանի անզուգական ձայները՝ մարդկանց, որոնք կարողացան հայ հոգևոր, տոհմիկ, միջնադարյան երաժշտությունը հասցնել բարձր մակարդակի»,- եզրափակեց նա:Լուսինե Զաքարյանի քույրը` Լյուդմիլա Զաքարյանը փաստեց, որ բազմաթիվ երիտասարդներ այսօր չեն ճանաչում մեծ սոպրանոյին: Նա հույս հայտնեց, որ տուն-թանգարանը կարող է նպաստել իր քրոջ թողած ժառանգության հանրահռչակմանը: Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ 2016 թվականին սկսվել են հայ անվանի արվեստագետներ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները: Այն բնակարանը, որտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին տուն-թանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունը, իրագործել է նրա եղբորորդի, բժիշկ Րաֆֆի Պալյանը, ում ֆինանսավորմամբ 2018 թվականին իրականացվել են վերանորոգման աշխատանքները: 2019-ին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները: Ցուցադրության համակարգման ևձևավորման աշխատանքները իրականացվել են «Քվադրում» ճարտարապետականարվեստանոցի աջակցությամբ: Հյուրասենյակը վերստեղծվել է այնպես, ինչպես նրանցկենդանության օրոք էր: Թանգարանի հավաքածուի համալրման, հաշվառման, վերականգնման, թվայնացման և այլ աշխատանքներում աջակցություն են ցուցաբերել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Չարենցի անվան գրականության և արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Տուն-թանգարանի կազմակերպման աշխատանքներում մեծ է Րաֆֆի Պալյանի կրտսեր դստեր՝ Ալեյնա-Մարալ Պալյանի, Էդիկ Ավետիսյանի, Մարինե Օթարյանի, Սուսաննա Դավթյանի, Գուրգեն Մելիքյանի, Հովհաննես Զարդարյանի, Արփենիկ Ղազարյանի ավանդը: Այսպիսով՝այսուհետ տուն-թանգարանում երգչուհու կյանքին ու կենսագործունեությանը ծանոթանալուց բացի, հնարավորություն կընձեռվի լսել նրա ձայնը՝ աուդիո տարբերակավ:

Գարիկ Ավետիսյան

 

 Տեղեկանք. Հայ հոգևոր երգերի ու տաղերի, հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Վրաստանի Մեցխեթի շրջանի Ախալցխաքաղաքում: Մինչև 15 տարեկանը ապրել և մեծացել է Ախալցխայում։ 1952 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, սովորել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա: Այդ տարիներին նրա տաղանդն արդեն բացահայտ էր։ Լուսինե Զաքարյանը սերում է երաժիշտների գերդաստանից։ Մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշեվիչը (ծագումով լեհահայ) եղել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում։ Տատը՝ Ելենա Տոմաշեվսկայան, դաշնակահարուհի էր։ 1970-1983 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Այդ ընթացքում երգել է նաև Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում։ Գերազանց կատարել է ինչպես արևմտաեվրոպական ստեղծագործություններ, այնպես էլ՝ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն։ Դեռևս խորհրդային տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ։1972 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները։ Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ։ Լուսինեի համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա ԿապուտիկյանըՎահագն ԴավթյանըԱրշալույս Մարգարյանը, այլազգի բանաստեղծներ (Էդուարդաս ՄեժելայտիսԱնտոն Խիժնյակ, Միխայիլ Մատուսովսկի)։ Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան։Լուսինե Զաքարյանը ծանր հիվանդությունից վախճանվել է 1992 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում: Քանի որ այդ ժամանակվա ՀՀ կառավարությունը թույլ չի տվել նրա հուղարկավորությունը կատարել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի համաձայնությամբ Լուսինեի մարմինը 1993 թվականի հունվարի 4-ին հողին են հանձնել Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը, ուր և այժմ գտնվում է ժողովրդի կողմից շատ սիրված մեծանուն երգչուհու շիրիմը:Մինչև այժմ հրատարակվել է մեծանուն երգչուհու մասին պատմող երեք գիրք: Դեռևս Լուսինեի ստեղծագործական գործունեության բուռն շրջանում գրականագետ Կարլեն Դանիելյանը գրում և 1981 թվականին Երևանում հրատարակում է «Լուսինե Զաքարյան» 204 էջից բաղկացած աշխատությունը: Լուսինեի մահից հետո նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի և բանասեր Լիդա Գևորգյանի կողմից կազմվում և 1999 թվականին Երևանում հրատարակվում է «Լուսինե» ժողովածուն: Սակայն, տեսնելով ընթերցող հասարակության անտարբերությունը, Խորեն Պալյանը գնել է «Լուսինե» գրքի բոլոր չվաճառված օրինակները և տեղափոխել իր բնակարան: 2015 թվականին հրատարակվել է Լուսինե Զաքարյանի մասին պատմող թվով 3-րդ գիրքը՝ Սերգեյ Մանվելյանի աշխատասիրությամբ հրատարակված «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուն: