Իսպանական հանրահայտ ,,Carena ,, հրատարակչությունը լույս է ընծայել հայ արդի բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի նոր իսպաներեն-հայերեն ,,Días de paz-Խաղաղ օրեր" երկլեզու գիրքը։
2019 թվականի մայիսի 22-ին Վալենսիայում կայացավ հայ բանաստեղծի գրքի առաջին շնորհանդեսը, իսկ մայիսի 29-ին Բարսելոնայի ,,Casa del libro " գրախանութի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ շնորհանդես-հանդիպումը։
Միջոցառման կազմակերպիչը "Carena,, հրատարակչությունն էր համատեղ Կատալոնիայի ,,Արարատ,, հայկական միության հետ։
Բացման խոսքով հանդես եկավ հրատարակչության գլխավոր խմբագիր ու տնօրեն Խոսե Մեմբրիվեն. ,,Սլավի- Ավիկ Հարությունյանը արդի եվրոպական պոեզիայի նշանավոր դեմքերից մեկն է,նման խորքային ու անհատական ոճ այսօր քչերն ունեն,,։
Այնուհետեւ իսպանացի հրատարակիչը պատմեց հեղինակի հետ իր համատեղ աշխատանքի մասին, շեշտելով,որ սա նրա թվով երրորդ գիրքն է,որ տպագրել է ,,Carena,, հրատարակչությունը։
Գրքի թարգմանական աշխատանքների մասին պատմեց,այնուհետեւ իսպաներեն Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունները կարդաց գրքի թարգմանիչ Նարինե Այվազյանը։ Շնորհանդեսի առանցքային մասն էր նաեւ ,,Արարատ,, հայկական միության կից կիրակնօրյա դպրոցի սաների ելույթը։ Միության նախագահ Սարգիս Հակոբյանը խոսեց հայ բանաստեղծի ստեղծագործությունների շուրջ,կարեւորեց հայ համայնքի ու կիրակնօրյա դպրոցի դերը բարսելոնահայերի կյանքում ու ներկայացրեց դպրոցի պատրաստած երեկոյի ծրագիրը։
Երեխաները իսպաներեն եւ հայերեն արտասանեցին բանաստեղծի ,,Հայրենիք," "Հայաստան", "Լռությունը", եւ այլ բանաստեղծություններ։ Իսպանացի հանդիսատեսի համար անսպասելի այս ելույթները տպավորվեցին մանավանդ դպրոցի սաների հայերեն երգով, որն ընդունվեց երկար ծափահարություններով։ Վերջում հեղինակն իր շնորհակալական խոսքի հետ ընթերցողներին մակագրեց իր նոր գիրքը:
Կարինե Դավթյան
Բարսելոնա
ՕՐԵՐ