Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Նկարչուհի Զարուհի Մխիթարյանի աշխատանքներն այսուհետ վաճառվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի թանգարանի հուշանվերների խանութում։ Սա առաջին դեպքն է, երբ հիմնադրամի թանգարանը հայ արվեստագետի գործերը այլ հուշանվերների շարքում ներկայացնում  է թանգարան այցելած զբոսաշրջիկներին։

Զարուհին 1995 թ ավարտել է  Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան՝ դառնալով  առաջին շրջավարտներից  մեկը՝ ստանալով 1990թ բացված Հագուստի Մոդելավորման ֆակուլտետի տեքստիլի գեղարվեստական ձևավորման մասնագետի վկայական։

Մեզ հետ զրույցում Զարուհին նշում է, որ դեռևս ուսանողական տարիներին աշխատել է հայկական նորաձևության նորաստեղծ ընկերությունների հետ՝ նկարելով էսքիզներ, մշակելով և կարելով հավաքածուների նմուշները։

,,Դեռեւս 2003թ. ամուսինս՝ Արա Բաբայանը՝ հայտնի նկարիչներ Յուրի Բաբայանի և Լաուրա Ավետիսյանի որդին, ստեղծեց առաջին հայկական արվեստի կայքը՝ “Artmenia”-ն, որտեղ ներկայացվում  և ցուցադրվում  էին  ժամանակակից նկարիչների(այդ թվում իմ ) և արհեստագործերի աշխատանքները արտերկրում։ Այդ տարիներին  Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական բաժինը ինձ պատվիրեց Հայաստանի եկեղեցիների ջրաներկ աշխատանքների շարք։ Իսկ այս տարի, երբ նշվում էր Գ.Գյուլբենկյանի 150-ամյակը՝ Հիմնադրամի և թանգարանի դիզայնի պատասխանատուն առաջարկեց , որ իբրեւ հայ նկարիչ  ներկայացնեմ մեկ աշխատանք։

Մեծ սիրով ընդունեցի առաջարկը և Գալուստ Գյուլբենկյանի հայկական հավաքածուի մի քանի թանգարանային նմուշներից ընտրեցի 18 դարի Քյոթահիայի նկարազարդ լուսամփոփը: Վերամշակված և ձեռքով նկարված, այնուհետև թվայնացված և մետաքսե շարֆերի վրա տպագրված զարդանախշերն ոգեշնչված են հայկական լուսամփոփից: Քյոթահիայի հայկական հախճապակու արվեստը (16-20-րդ դարերը) հայտնի է իր յուրօրինակությամբ և ստեղծարարությամբ: Այս արտադրությունը զարգացել է մոտ չորս դար և զարգանում է մինչ այսօր, Քյոթահիայի հախճապակին կարելի է գտնել տարբեր միջազգային հավաքածուներում: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք էր նկարել այն և ինչ-որ կերպ առնչվել այդ պատմությանը և Գալուստ Գյուլբենկյանի հզոր ժառանգությանը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այս դիզայնն իրականացնելու առաջարկի համար, ինչի արդյունքում  աշխատանքնս  վաճառվում է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի և թանգարանի խանութներում»,- պատմում է Զարուհի Մխիթարյանը:

Անցած տարիների ընթացքում նա մի քանի անգամ մասնակցել է  Հայաստանի Նկարիչների Միության գարնանային ցուցահանդեսներին,ստեղծել է մետաքսյա և կաշվե զարդերի հավաքածուներ, շարունակում է նկարել  շարֆեր, ամուսնու ստեղծած հայտնի “Artmakers” ձեռագործ յուրօրինակ կահույքի ընկերությունում  նկարազարդում է  նաև կահույք։  Նրա աշխատանքները վաճառվում են  տարբեր երկրներում ։

 Խոսելով ընտանիքի մասին ,Զարուհին հպարտությամբ նշեց, որ դուստրը՝ Տաթև Բաբայանը,  շարունակել է  ընտանեկան ավանդույթները,  եւ  գերազանց սովորում է Տոկիոյի աշխարհահռչակ “Bunka” արվեստի համալսարանում` իր լուման ներդնելով Ճապոնիայի համար անծանոթ հայկական արվեստը և մշակույթը ներկայացնելու գործում։

ՕՐԵՐ