Հունիսի 3-ին Երեւանում կանցկացվի «Արևներ» ավանդական դարձած մանկապատանեկան երգի փառատոնը, որի կազմակերպիչն է անսամբլը եւ նրա գեղարվեստական ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ Արդեն 16 տարի շարունակ անցկացվող փառատոնը վեցերորդ տարին կրում է հիմնադրի՝ երաժշտաարվեստի ճանաչված գործիչ, վաղամեռիկ Արմեն Դիվանյանի անունը։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց անսամբլի գեղարվեստական ղեկավարը, փառատոնի նպատակը նոր մանկապատանեկան երգերի հայտնաբերումն ու կատարումն է։
Սակայն մեր զրույցի նպատակը նաեւ ,,Արեւներ,,ի վերջերս ունեցած հաղաթանակներ են։
Ինչպես նշում է Արփինե Հովհաննիսյանը, այս տարվա մարտի 25-ին նրանք մասնակցել են Չեխիայում անցկացված «Պրահայի աստղեր» ամենամյա միջազգային մանկապատանեկան մրցույթ-փառատոնին եւ «Արևներ»-ը միանգամից երկու ոսկե մեդալի է արժանացել։ Առաջինը տրվել է անսամբլին՝ «Լավագույն մանկապատանեկան կոլեկտիվ» անվանակարգում, իսկ երկրորդին արժանացել է խմբի պատանի սան Էլեն Նազարյանը՝ իբրեւ «Լավագույն անհատ կատարող»: Նա կատարել է Կոմիտասի »Մոկաց հարսներ»ը եւ Երեւանին նվիրված երգ։ Ղեկավարի ասելով, Էլենը փայլուն ելույթ ունեցավ եւ ջերմ ընդունելության արժանացավ։ Նրա կարծիքով, հայկական մանկական երգերը, հատկապես ժողովրդական մոտիվներով, շատ լավ են ընդունվում։ Ի դեպ, այս մրցույթին մասնակցել են 13 երկրների պատանի երաժիշտ կատարողներ։
»Շուրջ տասը տարի արտերկրի մրցույթներին մասնակցում ենք միմիայն հայկական ծրագրով։ Հիթեր չենք վերցնում եւ այլ լեզուներով երգեր չենք կատարում։ Եվ դա գնահատվում է։ Աշխատում ենք տարին մեկ անգամ դրսում մասնակցել, որպեսզի եւ աշխարհում կատարվող երաժշտական զարգացումներին ծանոթանանք, եւ մեր երեխաները շփվեն իրենց տարեկից երեխաների հետ ու հարստացնեն իրենց փորձառությունը։ Մինչ օրս եղել ենք Ամերիկայում, Կանադայում, Շվեդիայում, Հոլանդիայում, Կիպրոսում, Բուլղարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Սիրիայում, Լիբանանում։ Այս տարի որոշեցինք գալ Չեխիա եւ մասնակցել ,,Պրահայի աստղեր,, մրցույթին»,- պատմում է Արփինե Հովհաննիսյանը։
Պրահայում ,,Արեւներ,,ի կազմում հանդես են եկել 14 սաներ։ Ղեկավարի ասելով, քանի որ իրենք որեւէ ֆինանսական աջակցություն չեն ստանում պետությունից, ամեն մի ծնող ի վիճակի չէ ֆինանսավորելու իր երեխայի ճամփորդությունը, ուստի հաճախ շատ շնորհալի երեխաներ չեն կարողանում մասնակցել արտասահմանյան մրցույթների։
,,Արեւներ» անսամբլն ունի 38 տարվա պատմություն։ Արփինե Հովհաննիսյանի ասելով, այն հիմնել են իր ամուսնու՝ Արմեն Դիվանյանի հետ։ Նախկինում Հայաստանի ռադիոյի ,,Արեւիկ» անսամբլն էր, իսկ 2007թ. Եվրատեսիլից վերադառնալուց հետո առանձնացել են եւ անվանափոխել ,,Արեւներ»ի։
,,2013 թվականին, երբ Արմեն Դիվանյանը մահացավ, խումբը ես սկսեցի ղեկավարել։ Արդեն մեզ է միացել մեր աղջիկը՝ Անի Դիվանյանը, ով մեր վոկալի լավագույն մասնագետներից է, խմբի հետ մեծացել է, ավարտել է Չայկովսկու անվան դպրոցը, ապա՝ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Անիի փոխարեն այսօր մեր անսամբլում երգում է իր տասնամյա աղջիկը։
Մեր խումբը ճանաչում ստացավ հատկապես Եվրատեսիլի՝ 2007 թվականի ելույթից հետո, երբ նվաճեցինք երկրորդ տեղը եւ ընդամենը մեկ միավորով զիջեցինք բելառուսներին։ Երբ վերջիններիս հանձնում էին մրցանակը, սխալմամբ մեր երաժշտության տակ հանձնեցին, քանի որ բոլորին թվում էր, թե մենք ենք հաղթել, ուստի չէին հասցրել նույնիսկ հաղթող երգը փոխել։ Մեր խումբը Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում 500 ստեղծագործություն ունի ձայնագրած։ Տարիներ շարունակ հաղորդաշար ունեինք, որի միջոցով սովորեցնում էինք հայկական մանկական երգեր, որոնք սփռվում էին նաեւ սփյուռքում։ Այժմ ինչպես նշեցի, ամեն տարի անցկացնում ենք ,,Արեւներ» մանակական երգի մրցույթը, որը հնարավորություն է տալիս նոր երգեր բացահայտել, որպեսզի անընդհատ հին երգացանկով հանդես չգանք, ժամանակի հետ քայլենք։ Առաջնորդվում ենք մի սկզբունքով՝ երբեք չենք շեղվում մանկական աշխարհից։ Չենք փորձում ընդօրինակել մեծերին կամ նրանց երգերը։ Ի սկզբանե որոշել ենք, որ երեխաները պետք է երգեն միայն իրենց շրջապատի ու իրենց ներաշխարհի մասին։ Այդ իմաստով եզակի ենք»,- պատմում է Արփինե Հովհաննիսյանը։
Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին հաղթանակների առիթով, մաղթում նորանոր հաջողություններ, եւ Եվրատեսիլյան բարի փերիների վերադարձ։
ՕՐԵՐ
Լուսանկարում՝ Արփինե Հովհաննիսյանը եւ Անի Դիվանյանը