ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդամներ Վահագն Հովակիմյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Կորյուն Մկրտչյանը մայիսի 6-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը խոսել է երկու երկրների պատմական նմանությունների մասին, կարեւորել բարեկամական խմբերի համագործակցության հետագա խորացումը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ: Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին՝ նա արժեւորել է այս հարցում Չեխիայի հարուստ փորձի ուսումնասիրումը:
Միլան Շտեխը նշել է, որ Չեխիայի խորհրդարանի Սենատում չկան բարեկամական խմբեր, սակայն Սենատը համագործակցում է Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի, այդ թվում Չեխիա-Հայաստան խմբի հետ: Սենատի փոխնախագահը տեղեկացրել է, որ Չեխիայում վերջին 30 տարում տարբեր ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, այժմ իրենց երկիրն արագ զարգացողների շարքում է ու կարիք ունի որակյալ մասնագետների:
Հայ եւ չեխ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում համագործակցությունից, համատեղ ծրագրերի իրականացումից: Միլան Շտեխը նշել է, որ Չեխիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, կարող է աջակցել Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող բնագավառների զարգացմանը:
Գայանե Աբրահամյանն անդրադարձել է նաեւ հարկային օրենսդրության փոփոխությանը՝ ուղղված ներդրումների ներգրավման ավելի պարզ ընթացակարգերի սահմանմանը: Սենատի փոխնախագահն ընդգծել է, որ չեխ գործարարները հետաքրքրված են Հայաստանով, ինչն իր հերթին խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծմանը:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ, որի անդամները հիմնականում Գյուղական տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներն են:
Ողջունելով հյուրերին՝ Վարազդատ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ փոխայցերն առավել կամրապնդեն երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները: Նա անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը եւ նկատել, որ Չեխիան եւս տարիներ առաջ անցել է նման հեղափոխության ճանապարհով, հաստատել կառավարման արդյունավետ փորձ, որի ուսումնասիրությունը դրական կարող է լինել Հայաստանի համար:
Սենատի փոխնախագահ Միլան Շտեխը տեղեկացրել է, որ Գյուղական տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նպատակը Չեխիայի մեծ եւ փոքր քաղաքների, համայնքների հավասար զարգացման ապահովումն է:
Զրուցակիցները քննարկել են համայնքների զարգացմանն ու խոշորացմանը, տարածքային կառավարմանը, բնապահպանությանն ու գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, միմյանց ներկայացրել հանձնաժողովների աշխատանքների ուղղությունները, ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:
Չեխիայի Սենատի գյուղական տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները ներկայացրել են փոքր քաղաքների եւ համայնքների զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ 10,5 մլն բնակչություն ունեցող Չեխիան ունի 6300 տեղական ինքնակառավարման մարմիններ, եւ այնտեղ եւս արդյունավետ կլիներ համայնքների խոշորացումը: Ըստ հյուրերի՝ խնդիրը կա, սակայն համայնքների խոշորացման գործընթաց չեխական օրակարգում այսօր չկա:
Վարազդատ Կարապետյանը չեխ գործընկերներին է ներկայացրել Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող փոփոխությունները, անդրադարձել համայնքների խոշորացման գործընթացին՝ նշելով, որ դրա նպատակը տարածաշրջանների զարգացման ապահովումն է:
Հանձնաժողովի նախագահը նաեւ խոսել է գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում առկա խնդիրներից, դրանց կարգավորման համար արժեւորել միջազգային լավագույն փորձի ներգրավումը:
Նա ընդգծել է, որ մեր երկրի նպատակներից մեկը գյուղատնտեսության ոլորտում էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրությունն է եւ արտահանումը: Մաքուր սննդից բացի Հայաստանը շահագրգիռ է կարգավորել բնապահպանական խնդիրները, որոնցում մեծ տեղ են գրավում հանքարդյունաբերությունն ու Սեւանա լճի պահպանությունը:
Հայ եւ չեխ գործընկերներն անհրաժեշտ են համարել բազմաշերտ խնդիրների քննարկումը հետագայում եւս:
orer.eu