Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Որբը՝  մոլոր գառ,  աշխարհքը   մսուր,

Ո՞վ  նայի  վրան,  կամ

 ո՞վ  տա  նրան 

մի  պատառ  ժպիտ,  Շոյանք  մի  փշուր։ 

Ապրիլի  12֊ ի  երեկոն, Վալանսահայությանը    հրավիրեց  հայ մշակույթի տուն՝  դիտելու  Անտուան  Պետրոսյանի 《Ցե

ղասպանությունից  որբացած  մանուկները  և  նրանց  ճակատագիրը》 խորագրով  ցուցահանդեսը։  

Գեղեցիկ ձևավորված, նկարազարդ  պաստառները  սրահի  խոսուն վկաներն էին։   Նրանցից  յուրաքանչյուրը  յուրովի պատմություն  ուներ։  Խուռներամ  բազմությունը  շրջում էր սրահում, դիտում, կարդում, թերթում, հուզվում։

Հայ մշակույթի տան  ատենապետ Նազո Ջինբաշիանը,  ողջունելով  ներկաներին, անդրադարձավ  1915թ֊ի  հայոց ցեղասպանությանը, նշելով, որ 20֊րդ  դարասկզբին  համայն մարդկության  գիտությամբ  ու անտարբեր  թողտվությամբ  կատարված  ոճրագործությունը, 104  տարի անց, դեռևս չի ստացել  իր արժանի  դատապարտումը։  Մոտ 2 մլն  անմեղ զոհերի  արյունը  ծանրացած  է ո՛չ  միայն  Թուրքիայի, որ Օսմանյան Թուրքիայի  《ժառանգորդն》 է, այլև  բոլոր այն  պետությունների  խղճին, որոնք  սակարկման  առարկա են դարձրել ոչ միայն  հայերիս, այլև ողջ մարդկության  դեմ կատարված  ցեղասպանությունը։ 

Նազո Ջինբաշիանը  վերհիշեց  նաև  ցեղասպանությունից  որբացած իր մեծ հոր և մեծ մոր կյանքի սահմռկեցուցիչ  ոդիսականը։   Այնուհետև՝  Անտուան Պետրոսյանը  ներկաներին ծանոթացրեց  դահլիճը  《զարդարած》  ցուցատախտակների իրական  պատմություններին, որոնք ստեղծվել են հեղինակի  տարիների քրտնաջան աշխատանքի  շնորհիվ։ Ճարտարագետ  Անտուան  Պետրոսյանը   ուսումնասիրել է բազմաթիվ  աղբյուրներ,  շրջելով և՛  Արևմտյան,  և՛  Արևելյան  Հայաստանի  այն բնակավայրերը, որտեղ գործել են որբանոցներ, ուսումնասիրել է արխիվային փաստաթղթեր, ձեռք  բերելով  հետազոտությունների  ստույգ  տվյալներ, լուսանկարներ, և այս բոլորի արդյունքը հետաքրքրական  և բացառիկ  ցուցահանդեսն էր,  որբ մանուկներից կազմված կենդանի քարավանի պատմությունը,  որբացած  մանուկներ, որոնք փորձում էին հաղթահարել բոլոր տեսակի ֆիզիկական ու հոգեբանական լլկանքները, քաղցն ու ծարավը, վերապրելու, գոյատևելու, հույսի նշյուլը  աչքերում։

Փաստացի, ստույգ  տեղեկություններով  համեմված այս բացառիկ աշխատանքը,  հեղինակի երկրորդ  ցուցահանդեսն էր, որ ներկայացվում էր Վալանսի հայ մշակույթի տանը։ 

Ցուցահանդեսին ներա էին  Դրոմ Նահանգի մարզպետ  Հուգես Մութոն, Դրոմի պատգամավոր Միրեյլ Քլապոտը, Ռոնալպի շրջանի և ագլոմերացիայի նախագահ, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն, Դրոմի վարչատարածքային միավորման նախագահ  Վերոնիկ Պուժեն ,  Բուրգլե Վալանսի քաղաքապետի տեղակալ Փոլ Լողենզոն, տարածաշրջանի խորհրդական Ֆրանսիս Քասալինոն, Վալանսի և Բուրգլե Վալանսի համայնքների խորհրդականներ՝ Պիեղ Ժան Վեյրեթ  և Վիլֆրիդ  Պայես, ինչպես նաև Լիոնում Հայաստանի փոխ հյուպատոս՝ Գայանե Մանուկյանը,  C24 Ապրիլ 24֊ի կոմիտեի համանախագահներ՝ Ջորջ Իսասիանը,  Գրիգոր Ամիրզայանը, Գևորգ Ռաստքելենիանը, ՀՕՄ֊ի շրջանային վարչության անդամ Արշո Յանբեկիանը, Վալանսի ՀՕՄ֊ի ատենապետուհի Շաքե  Թոփալիանը, Վալանսի հայ Առաքելական եկեղեցու  հոգևոր հովիվ,  Արժանաշնորհ Տեր Անդրանիկ  քահանա  Մալջիանը, Մարանաթա եկեղեցու պատվելի Լութեր Նասանիանը,  Վալանսի ՀՅԴ  Քրիստափոր ենթակոմիտեի հերթապահ Գրիգոր Բարդակչիանը, ռադիո  Ա֊ի փոխ նախագահ՝ Սիմոն Համամջիանը,  Համազգայինի նախագահ՝ Շանթ  Հարբոեանը, ինչպես նաև  հայ մշակույթի տան վարչության անդամներ՝ Սարգիս  Չոլաքիանը, Սյուզան  Փահլևանյանը, Արմինե Ռաստքելենիանը  և Ժիղոմ  Բոյաջիանը։   

Ավարտվեց օրվա միջոցառումը, բայց ներկաները կածես չէին ուզում հեռանալ։ Ջերմ ու անմիջական մթնոլորտը գամել էր նրանց։  Կամաց ֊ կամաց դատարկվեց սրահը։ Ներկաները իրենց հետ տարան մի փոքրիկ հուշ՝ ավարտվող օրից։

Սյուզան Փահլևանյան

հատուկ ՕՐԵՐ-ի համար