Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ապրիլի 12-ին Բեռլինի Պանկով թաղամասում բացվեց ,,Վոլֆ եւ Գալենց,,  պատկերասրահը, որի հիմնադիրներն են հայտնի արվեստագետներ, գեղանկարիչներ Անդրեաս Վոլֆը եւ Արչի Հարություն Գալենցը։  

25 տարի շարունակ այս տարածքում գործել է Յոախիմ Պոլի ցուցասրահը, որտեղ ցուցադրվել են 1945 թվականից հետո Հարավային Բեռլինի եւ ԳԴՀ արվեստագետների գործերը։ Արչի Գալենցը տեղեկանալով, որ այն փակելու մտադրություն ունի, քանի որ Պոլն արդեն 70 տարեկան է եւ ուզում է հանգստի կոչվել, իր գործընկեր Վոլֆի հետ որոշեցին շարունակել այս ցուցասրահի բարի ավանդույթները՝ նոր անվանումով՝ Վոլֆ եւ Գալենց։ Հիշեցնենք, որ Արչի Գալենցը 2008 թվականին հիմնադրել եւ ղեկավարում է Բեռլինի InteriorDAsein/Berlin ցուցասրահը։ Վոլֆն իր հերթին ղեկավարում է Ֆին արվեստագետներին նվիրված ցուցասրահը։

Բացման հանդիսավոր արարողությանը ելույթներ ունեցան Յոաախիմ Պոլը, Արչի Գալենցն ու Անդրեաս Վոլֆը։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արչի Գալենցը, իրենց նպատակն էր  այս տարածքը օգտագործել 20-րդ դարի արվեստի հանրայնացման եւ տարածման համար, արդի արվեստի տարբեր ճյուղերի համադրման եւ համեմատությունների համար։

Ցուցասրահի բացումը կատարվեց նոր՝ ,, Մոբիուսի ժապավենի վրա,, ցուցահանդեսի ներկայացմամբ, որտեղ Վոլֆն ու Գալենցը ներկայացրել էին իրենց հավաքածուներից մոտ 40 արվեստագետների 50ից ավելի գործեր, այդ թվում Իսպանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Դանիայի եւ Գերմանիայի արվեստագետների, այդ թվում՝ Günther Baumgart, Hans Bellmer, Ruprecht Geiger, Lea Grundig, Gisa Hausmann, Aude de Kerros, Jelisaweta Klutschewskaja, Chantal Labinski, Katsui Mitsuo, Rolf Münzner, Roland Paris, Jürgen Peters, Christine Perthen and Claus Stolz/։ Հայ նկարիչներից ներկայացված էին Գայանե Խաչատրյանի, Ռուբեն Գրիգորյանի եւ Բաժեբուկ Մելիքյանի գործերը։ Ցուցադրվել է նաեւ Արչի Գալենցի 2003 թվականի Հայաստանի քարտեզներով հայտնի քանդակը։

Ապրիլի 15-ին ժամը 15-ին ցուցասրահում տեղի կունենա արդի արվեստի խնդիրներին նվիրված զրույց, որին կմասնակցեն Վոլֆն ու Գալենցը։ Թեման կլինի արվեստի, արվեստագետի եւ շուկայի հարաբերությունները։

Ցուցասրահը կիրականացնի նաեւ միջազգային նախագծեր, այդ թվում փոխանակման ծրագրեր։ Այս տարվա հունիսին նախատեսվում է բացել Լոս Անջելեսի արվեստագետների ցուցահանդեսը։  Նպատակ ունեն նաեւ տարեկան 6 ցուցահանդես բացել, որոնց զուգահեռ կանցկացվեն մշակութային ձեռնարկներ, համերգներ,  դասախոսություններ եւ ֆիլմերի ցուցադրություններ։  Ցուցասրահի հիմնադիրները նաեւ արվեստի շուրջ խորհրդատվություններ կտրամադրեն, կհրատարակեն պատկերագրքեր եւ ալբոմներ։

Նշենք նաեւ, որ ցուցահանդեսի եւ ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը եւ հոգեւոր հովիվ Եղիշե վրդ. Ավետիսյանը։

ՕՐԵՐ