Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի խոսքը Իտալիայի Պատգամավորների պալատում #Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման առթիվ
Ողջունում ենք ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատի կողմից 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը։
Շնորհակալություն ենք հայտնում Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին Նախաձեռնությանը սատարելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Նախաձեռնության հեղինակ իշխող "Լեգա" կուսակցության անդամ, պատգամավոր Պաոլո Ֆորմենտինիին և 34 համահեղինակներին, ինչպես նաև իրենց ելույթներով Նախաձեռնությունը սատարող բոլոր խորհրդարանականներին։
Պատգամավորների պալատը, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընդգծեց, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ արեց Իտալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն հաղորդել։
Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումն ունենալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ճանապարհին։
Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
ՕՐԵՐ
Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն։
Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցանքի կանխարգելման և պատժի կոնվենցիայով ընդունված իր հանձնառությունները և պարտավորությունները։
Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ կարևոր ներդրում է ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների հարգման և վերականգնման միջազգային հանրության ջանքերում։
Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության բարձրացումը ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ուղերձ է։