Երեք տարի առաջ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։ Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։
«Քառօրյա պատերազմը» ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի միակ պաշտպանն ու դաշնակիցը հանդիսանում է հայկական բանակը: Այն նաև ցույց տվեց, որ հայ ժողովորդի ներուժի համատեղման դեպքում հնարավոր է լայնածավալ խնդիրներ լուծել: Միֆը, որ ժողովուրդը կխուսափի ներգրավվել նոր պատերազմում, հօդս ցնդեց։ Նույնիսկ կամավորների շրջանում հումոր էր շրջանառվում, որ միայն կաշառքի միջոցով է հնարավոր առաջին գիծ մեկնել: Այս ամենը խոսում է այն մասին, որ ահռելի մեծ պոտենցիալ կա հայ ժողովրդին միավորելու և հայկական աշխարհ կառուցելու համար, որի հիմնական կենտրոնը կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը: Հենց Հայաստանն է հանդիսանում Արցախն ու Սփյուռքը իրար միավորող գլխավոր օղակը, որի որակական հատկանիշներից էլ կախված է լինելու հայկական աշխարհի ապագան:Այսպիսով՝ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Հայկական կողմ/երը չեն թաքցնում զոհերի իրական թվերը՝ ավելի քան 100 հոգի: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն նվազեցնում է իր կորուստները. եթե պաշտոնապես խոսվում է մոտ չորս տասնյակ զոհերի մասին, ապա ընդդիմադիր Մեյդան TV-ն անուն առ անուն, համապատասխան նկարներով, տվել է ավելի քան 100 սպանվածի մասին տեղեկատվություն: Արցախյան կողմը, մարդկային զոհերից զատ, տվեց նաև տարածքային կորուստներ շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում: Այսպիսով, 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր տեղի ունեցավ, թեև ոչ այնքան էական, ստատուս-քվոյի փոփոխություն: Այդ օրը դարձել է համազգային ու համախմբման օր: Մեր երկրում, ինչպես նաև Արցախում ու Սփյուռքում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝հուշ-երեկոներ, կլոր-սեղաններ, քննարկումներ, այցելություն դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն և այլն:
Հիշատակի միջոցառում էր կազմակերպվել ապրիլի 6-ին Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասում:
Այստեղ ականատեսն եղանք ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից,զոհված ազատամարտիկ Նիկոլայ Օսիպյանի հուշաքարի բացմանը: Նրա մահվան տարելիցի կապակցությամբ այսօր հարազատները, մտերիմները, Արմավիրի մարզպետը, Էջմիածնի քաղաքապետը և պետական այլ պաշտոնյաներ այցելել են Զվարթնոց թաղամասի եղբայրական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ազատամարտիկի հիշատակին: Նիկոլայ Օսիպյանի շիրիմի մոտ տեղի է ունեցել նաև հոգեհանգստի արարողություն։Արմավիրի մարզպետարանից տեղեկացրեցին, որ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկի մահվան տարելիցի կապակցությամբ հուշաքար է տեղադրվել այն տան պատին, որտեղ նա ապրել է: Հուշաքարի բացման պատիվը վերապահվել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին: Զոհվածի այրու նախաձեռնությամբ պատրաստված հուշաքարի վրա գրված է. «Այս տանը ապրել է ապրիլյան պատերազմի հերոս, ազատամարտիկ Նիկոլայ Սարգսի Օսիպյանը»: Ողջունելով ներկաներին և իր խոնարհումը հայտնելով Նիկոլայ Օսիպյանի հիշատակին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասել է, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմին, միշտ կանգնած է եղել առաջնագծում, պայքարել է հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի, հանուն հող ու ջրի, հանուն պետականության և հանուն խաղաղության: «Եվ երբ թվում էր, թե ամեն ինչ արդեն ավարտված է, հայրենիքի հանդեպ պարտքը մատուցված է` 2016 թվականի ապրիլ ամսին վրա հասավ չարաբաստիկ ապրիլյան պատերազմը: Օսիպյանը չկարողացավ հանգիստ նստել, մասնակցություն չունենալ ռազմական գործողություններին` գիտակցելով, որ թշնամուն պետք է լրջորեն հակազդել: Նա դարձյալ մեկնեց սահման: Նրա մարտնչող ոգին նրան մղեց առաջնագիծ, և նա պայքար մղեց իր մարտական ընկերների հետ միասին: Ցավոք, քառօրյա պատերազմում մեր սահմանները գծվեցին նաև Նիկոլայ Օսիպյանի արյամբ: Եվ այսօր նրա և իր նման քաջերի շնորհիվ է, որ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում, ունենք կայուն, անսասան պետական սահմաններ և այդ ամենի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր հերոսներին և այս միջոցառմամբ էլ հիշում ենք մեծ մարդու մեծ սխրանքները: Հավերժ հիշատակ և փառք ու պատիվ մեր հերոս ազատամարտիկին»,- նշել է մարզպետը:
Հուշաքարի բացման արարողությունից հետո մարզպետն այցելել է Նիկոլայ Օսիպյանի բնակարան, նրա հիշատակի անկյունում ծանոթացել հերոս ազատամարտիկի կենդանության օրոք և հետմահու ստացած կոչումներին և պարգևներին:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Արմավիրի մարզպետարանի պաշտոնական էջի և panorama.am կայքի