2019 թ. մարտի 30-ին Սոֆիայի «Նաիրի» պարախումբը բուլղարական «Էստրեյա» բալետային խմբի հատուկ մասնակցությամբ կրկին, մեծ հաջողությամբ ներկայացրեց «Ճանապարհ» պարային ու պոետիկ բեմադրությունը: Պարարվեստի և Աահիտ Չալյովսկայի բանաստեղծությունների միջոցով, հիմնվելով իրական դեպքերի ու հուշերի վրա, ցուցադրվեց մի հայ ընտանիքի կյանքը 1915 թվականի Եղեռնի մռայլ օրերին:
Բեմադրության հիմքում մի տատիկի պատմությունն է թոռնիկներին՝ իր ընտանիքի վերապրած օրերի մասին: Ազդեցիկ չափածոն և ներդաշնակ պարերը ուղեկցվում են համապատասխան դրվագները: «Ուզունդարա», «Նազանի», «Կուժերով պար», «Հարսնացուի պար», «Հովիվների խաղը», «Շալախո» պարերը ներկայացրեցին խաղաղ ու անհոգ կյանքը Հայրենիքում: «Ադանա» և «Քաոս» պարերը պատկերեցին դաժան օրերը: Ապա հաջորդեցին բուլղար ժողովրդի ազգային պարերը և հայկական ուրախ «Ղափաման»: «Նաիրի»ի 7-9 տարեկան պարողները հանդես եկան «Գարնանային ծաղիկներ» պարով և մասնակցեցին «Ղափամա»յին: Համերգի ավարտին կատարվեց համատեղ «Բերդ» պարը:
«Նաիրի» հայկական պարախմբի գեղարվեստական ղեկավար Էմմա Շահինյան-Պալովան հանդիսատեսներին ներկայացրեց 40 ավել պարողների միջոցով պարային մոտ 20 տարբեր տարազներ, որոնցից մի քանիսը Հայաստանի վարպետների ձեռքի աշխատանքն են, իսկ մյուսները պատրաստած են բուլղարհայ դերձակներից:
Հիացած և ոգեշնչված ներկաները դահլիճից հեռացան՝ ակնկալելով նորանոր ելույթներ ու հրաշալի տպավորություններ:
Մեծ հաջողություն ունեցող ներկայացումը նախատեսվում է ցուցադրել նաև Բուլղարիայի այլ քաղաքներում:
Գոհար Խնկանոսյան
Լուսանկարները՝ Մարի Քնալյան, Միլեն Չալյովսկի և Նիքոլ Իվանովա