Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2019 թ. մարտի 30-ին Սոֆիայի «Նաիրի» պարախումբը բուլղարական «Էստրեյա» բալետային խմբի հատուկ մասնակցությամբ կրկին, մեծ հաջողությամբ ներկայացրեց «Ճանապարհ» պարային ու պոետիկ բեմադրությունը: Պարարվեստի և Աահիտ Չալյովսկայի բանաստեղծությունների  միջոցով,  հիմնվելով իրական դեպքերի ու հուշերի վրա, ցուցադրվեց մի հայ ընտանիքի կյանքը 1915 թվականի Եղեռնի մռայլ օրերին:

Բեմադրության հիմքում մի տատիկի պատմությունն է թոռնիկներին՝ իր ընտանիքի վերապրած օրերի մասին: Ազդեցիկ չափածոն  և ներդաշնակ պարերը ուղեկցվում են համապատասխան դրվագները: «Ուզունդարա», «Նազանի», «Կուժերով պար», «Հարսնացուի պար», «Հովիվների խաղը», «Շալախո» պարերը ներկայացրեցին խաղաղ ու անհոգ կյանքը Հայրենիքում: «Ադանա» և «Քաոս» պարերը պատկերեցին դաժան օրերը: Ապա հաջորդեցին բուլղար ժողովրդի ազգային պարերը  և հայկական ուրախ «Ղափաման»: «Նաիրի»ի 7-9 տարեկան պարողները հանդես եկան «Գարնանային ծաղիկներ» պարով և մասնակցեցին «Ղափամա»յին: Համերգի ավարտին կատարվեց  համատեղ «Բերդ» պարը:

  «Նաիրի» հայկական պարախմբի գեղարվեստական ղեկավար Էմմա Շահինյան-Պալովան  հանդիսատեսներին ներկայացրեց 40 ավել պարողների միջոցով պարային մոտ 20 տարբեր տարազներ, որոնցից մի քանիսը Հայաստանի վարպետների ձեռքի աշխատանքն են, իսկ մյուսները պատրաստած են բուլղարհայ դերձակներից:

Հիացած և ոգեշնչված ներկաները դահլիճից հեռացան՝ ակնկալելով նորանոր ելույթներ ու հրաշալի տպավորություններ:

Մեծ հաջողություն ունեցող ներկայացումը նախատեսվում է ցուցադրել նաև Բուլղարիայի այլ քաղաքներում:

 

Գոհար Խնկանոսյան

Լուսանկարները՝ Մարի Քնալյան, Միլեն Չալյովսկի և Նիքոլ Իվանովա