Մարտի 31-ին Մադրիդում 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ իսպանացի ճանաչված լրագրող, Մամուլի միջազգային ակումբի երկար տարիների նախագահ, Հայոց ցեղասպանության հարցի նվիրյալ պաշտպան Խոսե Անտոնիո Գուռիարանը:
Նրա վերջին գրքի՝ «Հայերը. մոռացված ցեղասպանություն՚ հիման վրա ֆրանսահայ կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանը 2015 թվականին նկարահանց «Մի խենթի պատմություն» ֆիլմը, որը ոչ միայն ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում, այլեւ «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնում։ Ինչպես ժամանակին գրել ենք մեր ամսագրում, այս ստեղծագործությամբ հեղինակը անդրադարձել է նաեւ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) գործունեությանը:
Դեռեւս 2015-ին ՕՐԵՐ-ում տպագրել էինք Գուռիարանի խոսքերը՝ նվիրված ցեղասպանությանը. ՙՑեղասպանությունը զանգվածային սպանությունն է, որը նպատակ է հետապնդում կանխել նաեւ ծնելիությունը սոցիալական խմբի ներսում։ Կոտորածի ենթարկված հայերի մեջ կային կանայք ու տղամարդիկ, երիտասարդներ ու երեխաներ, ծերեր ու հաշմանդամներ։ Մի ողջ ժողովուրդ ենթարկվեց բռնագաղթի՝ առանց գոյատեւելու հնարավորության անգամ՝ բռնելով մահվան ճանապարհը՚։
Հայ ժողովրդի նվիրյալ բարեկամի եւ մեծ մարդասերի հիշատակը վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ։
Ստորեւ ներկայացնում ենք ՕՐԵՐ ամսագրում 2008 թվականին տպագրված հոդվածը, որի հեղինակը մեր ամսագրի թղթակից, իսպանահայ լրագրող Արթուր Ղուկասյանն է։ Նա այս հոդվածում ներկայացնում է նաեւ Անտոնիո Գուռիարանի հետ կարճ հարցազրույց՝ նվիրված Իսպանիայում Թուրքիայի դեսպանության բողոքներին։
ԻՆՉՈ¯Ւ ԱՅՍՔԱՆ ԱՂՄՈՒԿ
ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՌԻԱՐԱ. ԻՍՊԱՆԱՑԻ ՀՈՒՄԱՆԻՍՏԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ
ՙՀայեր. մոռացված ցեղասպանություն՚ գիրքը թրքական աղմուկի պատճառ
ՙՀավատում ենք լիարժեքորեն պատմաբանների աշխատասիրություններին ու վերլուծություններին եւ ոչ թե խորհրդարաններին արձակագիրներին կամ ճամփորդագրությունների հեղինակներին՚,- նշված է ՙԷսպասա՚ հրատարակչությանը Իսպանիայում Թուրքիայի դեսպանատան կողմից հղված նամակում։
Բայց ի՞նչը պատճառ դարձավ Մադրիդում թուրք դիվանագիտական մարմնի այդչափ մեծ դժգոհության համար։ Պարզվում է,այդ իսպանական հաստատությունը հանձն առավ եւ լույս ընծայեց հայտնի լրագրող, Մամլո միջազգային ակումբի նախագահ Խոսե Անտոնիո Գուռիարանի ՙՀայեր. մոռացված ցեղասպանություն՚ նոր գիրքը։ Անկարայի դեսպանն էլ անձամբ հարկ համարեց գրավոր գրեթե նույն անհանգստություններն արտահայտելու, այս անգամ արդեն հենց Գուռիարանին հղված նամակում։ ՙՈչ մի կառավարություն Թուրքիայում,- նախազգուշացման պես ընդգծվում է տվյալ գրության մեջ,- թույլ չի տա, որպեսզի շանտաժների ճնշման տակ, որտեղից էլ լինեն դրանք, 1915 թ. ողբերգական դեպքերը դիտվեն որպես ցեղասպանություն՚։
Եվ ո՞ւմ են հասցեագրում իրենց համոզմունքները։ Մի մարդու, ով հայոց Մեծ Եղեռնին վերաբերող պատմության էջերին եկել է որոշ հանգամանքների ներքո, որոնց արդյունքում անձնապես տուժել եւ ցմահ հաշմանանդամ է մնացել մայրաքաղաքի Գրան Վիա պողոտայի վրա պայթած ռումբի հետեւանքով։ Ահավոր փորձության այդ ժամերին նա չգիտեր էլ, թե ի՞նչ է հայ ժողովուրդը ներկայացնում իրենից, երբ նրան հայտարարում են հանկարծ, որ գործողության հեղինակները մի խումբ երիտասարդ հայերն էին։ Ճշմարիտ, պրոֆեսիոնալ լրագրող լինելով, ծանր վիրավորված իսպանացին սկսում է այդուհանդերձ որոնել դրդապատճառները, եւ այդ թելը տանում է նրան մինչ 1,5 մլն. անմեղ նահատակների իրողությունը, որի մասին կխոսի շատ շուտով իր ՙԼա բոմբը՚, ՙՌումբը՚) մի քանի անգամ վերահրատարակված գրքի էջերում։ Սպասելի՞ էր որ հեղինակն հանդես գար այդտեղ համակրողի դիրքերից, որոնք կուղեկցեին մինչեւ հայասիրություն։ Թուրքերի համար դա հաստատապես անսպասելի ու անհասկանալի էր։ Նման պայմաններում, ըստ երեւույթին, դժվար էր պատկերացնել, որ հենց Գուռիարանը քաջությունը կունենա առաջինն Իսպանիայում խոսելու մի ամբողջ ազգի բնաջնջման հրեշավոր ծրագրի իրականացման մասին։
Որքա՛ն ավելի մեծ է ,ուրեմն, նրանց հիասթափությունը հիմա՝ շուրջ 30 տարի անց, երբ նորից գրողը վերադարձավ նույն թեմային, այցելելով նաեւ Հայաստան եւ Արցախ։ Նա հանդես եկավ հենց այդ վերնագրի ընտրությամբ։ Գուռիարանը ծանոթ էր Հենրի Մորգենթաուի, գեներալ Ռաֆայել դե Նոգալեսի, գրող Արմին Վեգների եւ տասնյակ այլ ականատեսների ապագայի դատի համար թողած բազմաթիվ վկայություններին։ Գիտեր, որ Գլադսթոնից մինչեւ Չերչիլ, եւ Ֆրանց Վերֆելից մինչեւ Հրանտ Դինք, եթե մտադրություն լինի ակնարկելու բոլորի անունները, ովքեր համառոտ, թե ընդարձակ կերպով հիշատակել են Հայոց հոլոքոստի մասին, ապա այդ գործը մի հաստ տեղեկագրի պատրաստմանը կբերի։ Բայց նա իր առջեւ նպատակ էր դրել հանդիպելու եթե ոչ ողբերգությունը վերապրածների, ապա գոնե նրանց ժառանգների հետ։ Նրանց թվում պետք է լիներ նաեւ ինքը, Դինքը, ում, սակայն, տխրահռչակ 301 հոդվածով մեղադրելուց հետո սպանեցին։ Լուրն ստանալուն պես Խ. Ա. Գուռիարան, որպես Մամլո միջազգային ակումբի նախագահ հանդես եկավ առաջարկությամբ հեղինակավոր այդ հաստատության մրցանակը՝ խոսքի ազատության համար, հետմահու շնորհել ՙԱկօս՚ի զոհված խմբագրապետին, որը նրա այրի Ռաքելին հանձնեց Իսպանիայի փոխվարչապետ Մարիա Տերեսա Ֆերնանդես դե լա Վեգան։ Միջոցառմանը ներկա պետք է գտնվեր նաեւ նրա զավակը, սակայն… Դրանք այն օրերն էին, երբ Ստամբուլում վճիռ էին կայացնում Արատ Դինքի ու թերթի պաշտոնյա Սարգիս Սերոբյանի նկատմամբ՝ նույն հոդվածով եւ նույն համառ անհանդուրժողականությամբ։ Պատճառը այն էր, որ վերատպել էին Հ.Դինքի վերլուծություններից մեկը։
Իհարկե, եթե խորհրդի կարիքն անգամ ունենար, խոսքի ազատության վրա բռնացած Թուրքիայից չէ, որ Գուռիարանը կհայցեր։ Իսկ իսպանացի գրողին ամենեւին պետք չէ, թե ի՞նչ են իրենց գրասենյակներում մտածում ու կարծում թուրք դիվանագետները։ Թե պատմական աղբյուրներին գեթ հավատում են, թող սկսեն Արնոլդ Թոյբիի եւ Ջեյմս Բրայսի ՙԿապույտ գրքից՚ ու ավարտեն մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ի Կլարկ համալսարանի հայոց ցեղասպանության ուսումնասիրման ամբիոնի ղեկավար նշանակված Թաներ Աքչամի աշխատություններով։
-Երբ ես դեռ աշխատում էի ՙՌումբ՚ գրքի վրա,- հիշեց գրողը մեր զրույցի ընթացքում,-ինձ համար տակավին անծանոթ եղեռնի այդ խնդրո շուրջ թուրքական կողմի տեսակետները պարզելու համար դիմել էի այդ երկրի դեսպանատուն։
-Եվ ի՞նչ պատասխանեցին ձեզ,-չեմ թաքցնում հետաքրքրությունս։
-Նրանք բոլոր դռները փակեցին իմ առջեւ։ Գրքի լույս ընծայումից հետո մեր բեմադրիչ Խայմե Կամինոն ցանկացավ ՙԼա բոմբա՚-ի հիման վրա ֆիլմ նկարահանել եւ ինքն էլ իր հերթին Թուրքիայի դեսպանատուն դիմեց։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դուրս եկավ դրանից։
-Ոչինչ,-պատասխանում եմ վստահ։
-Պարզապես նույն վերաբերմունքին արժանացավ՝ դուռն իր քթի առջեւ փակեցին։
-Իսկ հիմա՞,- հարցնում եմ զրուցակցիս։
-Հիմա ի՞նչ։ Դեսպանատունն ինքն է առանց խնդրելու Անկարայում հրատարակված աշխատություններն ուղարկում։ Ինչպես այս մեկը. ՙՀայերի պնդումները եւ պատմական փաստերը՚, որի նպատակն է, բնականաբար, եղելիության հերքումը։ Եվ ցավն այն է, որ իրենք ամենից լավ գիտեն, որ դա եղել է, գերազանց գիտեն, թե ինչպե՞ս ու ինչո՞ւ համար է եղել, բայց ընդունել չեն կամենում, քանզի ճանաչման հետ մեկտեղ նաեւ ստիպված կլինեն ամբողջ պատասխանատվությունը կրել։ Եվ հատկապես ի՞նչ կցանականայի այս կապակցությամբ շեշտել, որ ոչ մի կիրթ մարդ այսօր աշխարհում այլեւս չի կասկածում, որ 1915թ. Թուրքիայում կատարվածը կոչվում է ցեղասպանություն՚։
-Իսկ ինչպիսի՞նն էր ձեր առաջին արձագանքը նամակին ծանոթանալուց հետո։
-Գիտեք, ազնվորեն ասած, այն ինձ բնավ անակնկալի չբերեց։ Ճիշտ հակառակը. ես հպարտ եմ, որ նրանք կարդացել ու չեն հավանել։ Որովհետեւ,եթե հավանեին, այս անգամ արդեն ես կտխրեի՝ կնշանակեր, որ թերեւս նոր գրքիս էջերում լուրջ վրիպումներ եմ ունեցել։
ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Իսպանիա
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր 42\ 2008 թվական