Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ապրիլի 3-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կողմերն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների գործակցության ընդլայնման հեռանկարներին:

Ողջունելով և խորհրդանշական որակելով Բուխարեստ-Երևան առաջին ուղիղ չվերթով ռումինական պատվիրակության ժամանումը Հայաստան՝ փոխնախարար Ադոնցը նշեց, որ այն կարևոր դերակատարություն կունենա երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթամշակութային համագործակցության ակտիվացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարվա աշնանը ՀՀ ԱԳ նախարարի Ռումինիա նախատեսվող այցի մանրամասներին: Կողմերը վերահաստատեցին երկկողմ տնտեսական ու մշակութային հարուստ օրակարգ ձևավորելու իրենց պատրաստակամությունը:

Շնորհավորելով Ռումինիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու առթիվ՝ փոխնախարար Ադոնցը հաջողություն մաղթեց Եվրոպական օրակարգն արդյունավետորեն իրականացնելու համար՝ նշելով, որ Հայաստանը նշում է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ իր համագործակցության 10-ամյակը:

Ռումինիայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Արման Եղոյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Orer.eu