Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

 

Մարտի 30-ին Պրահայում ավարտվեց ,,Ոսկե Եվրոպա,,  միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանից ժամանած շնորհալի պատանի երաժիշտներ։

Մրցույթի գալա-համերգի ավարտին հայտարարվեցին նաեւ հաղթողների անունները։  Գրան Պրի մրցանակին արժանացավ Երեւանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սան, 12 ամյա դաշնակահարուհի  Արփինե Գեւորգյանը, որը հիանալի կատարեց Արամ Խաչատրյանի ,,Տոկատան,,։ Նա նաեւ առաջին տեղի մրցանակի արժանացավ վոկալի անվանակարգում։ Անցյալ տարի Մալթայում անցկացված մրցույթում Արփինեն կրկին արժանացել էր ,,Գրան Պրի,, մրցանակի։ Պրահայի փառատոնում նրա ստացած միավորները մի քանի անգամ գերազանցել են մյուսների միավորներից։

18-ամյա երգչուհի Սեդա Պապոյանն էլ արժանացավ 1-ին մրցանակի՝ կատարելով Արմենյանի ,,Կարոտը,, եւ Ջիզմոնդայի արիան Հենդելի ,,Օտտոն,, օպերայից։ Ի դեպ, անցյալ տարի նա բարձրագույն մրցանակի էր արժանացել նաեւ Իտալիայում անցկացված մրցույթում։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սեդան, նման մրցույթները տալիս են ինքնավստահություն, փորձառություն, ինչպես նաեւ կարեւորվում են վարպետության դասերով ու խորհուրդներով։

Ժյուրիի անդամ , Կատարողական արվեստների միջազգային ֆեդերացիայի նախագահ Արման Ղուկասյանն էլ նշեց, որ արդեն 5-րդ տարին է մասնակցում  այս մրցույթին եւ տարեցտարի մասնակիցների մակարդակն ավելի է բարձրանում, եւ շատ դժվար է ընտրություն կատարել։ Նա շնորհավորեց բոլոր հաղթողներին եւ մաղթեց մասնագիտական նոր նվաճումներ։ Իսկ ժյուրիի մեկ այլ անդամ, Երեւանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, Միրզոյանի անվան հիմնադրամի նախագահ, Բաբաջանյանի հիմնադրամի փոխնախագահ  Նաիրա Վահանյանն էլ արձանագրեց, որ ըստ էության բոլոր մասնակիցներն էլ հաղթողներ են։։ Նա հորդորեց մասնակիցներին ուշադրություն դարձնել հատկապես արտիստիզմի եւ պրոֆեսիոնալիզմի վրա։ Նաիրա Վահանյանի ասելով, ինքը տարիներ շարունակ իբրեւ ժյուրիի անդամ մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, այդ թվում Իտալիայում, Մալթայում, որոնցում հայ երեխաները մշտապես առաջատար դիրքեր են գրավել։ Նրա ասելով, նման մրցույթները շատ են ոգեւորվում պատանի երաժիշտներին, նրանք մրցակցության մեջ են մտնում իրենց հասակակիցների հետ եւ ավելի լավ են պարապում։ ,, Տաղանդավոր երեխաներ շատ ունենք, բայց քանի որ ճանապարհածախսը հոգում են ծնողները, ոչ մի պետական աջակցություն չենք ստանում, ապա գալիս են նրանք, ովքեր ե՛ւ շնորհալի են, ե՛ւ ի վիճակի են իրենց ծախսերը հոգալու,,- ասաց դպրոցի տնօրենը։  Նրա կարծիքով, պետությունը պետք է սատարի տաղանդաշատ երեխաներին, քանի որ նրանք արտերկրում հանդես գալու հնարավորություն չունեն։ Տարիներ առաջ մշակույթի նախարարությունը գոնե օդանավի տոմսի գումարն էր վճարում,  բայց այս տարի ոչ մի օգնություն չեն ստացել, թեեւ աջակցություն ստանալու համար չեն էլ դիմել ։ Նաիրա Վահանյանի կարծիքով, փառատոնի մասնակիցների ընդհանուր մակարդակն այնքան էլ վատը չէր։ Մասնակիցներ կային ԱՄՆ-ից, Չեխիայից, Սլովակիայից, Հայաստանից, ՈՒկրաինայից եւ այլ երկրներից։  

Հայ մասնակիցներից մրցանակների արժանացավ նաեւ Համիկ Յոլչյանը՝ հարվածային գործիքներ անվանակարգում գրավելով երկրորդ պատվավոր տեղը, իսկ դաշնամուրի անվանակարգում՝ երրորդ։ Դաշնակահարուհի Սոնա Ասլանյանը նույնպես գրավեց երկրորդ տեղը։

Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։

ՕՐԵՐ