Մարտի 30-ին Պրահայի ,,Ու Վալշու,, թատրոնում կայացավ ամերիկյան հրեա գրող Ռիչարդ Կալինոսկու պիեսի պրեմիերան։ Բեմադրությունը իրականացրել էր դեռեւս 15 տարի առաջ Պրահայի Վինոհրադիի թատրոնում նույն պիեսը բեմադրած Միխայիլ Տարանտը, ում համար ներկայիս բեմադրությունը թվով երրորդն էր։ Տարիներ առաջ նա Կալինոսկու պիեսը բեմադրել էր նաեւ չեխ-լեհական թատրոնում՝ լեհերեն լեզվով։
Տարանտի ներկայիս բեմադրությունը տարբերվում էր նախորդից թե՛ իր բեմական լուծումներով , թե՛ հուզականությամբ , եւ՛ թե երաժշտական ձեւավորումով ու դերասանների ընտրությամբ։ Նաեւ ներկայացման անվանման մեջ կատարվել էր ավելացում՝ ,,Գազանը լուսնի վրա- Լուսանկարի հարսնացուն,,։ Ըստ էության սա Կալինոսկու պիեսի չորրորդ բեմադրությունն էր Չեխիայում, քանի որ Տարանտի երեք բեմադրություններին նախորդել էր դեռեւս 2000 ականների սկզբին Պարդուբիցեում ռեժիսոր Սայլերի բեմադրությունը։ Իսկ առաջին անգամ բեմադրվել է 1996 թվականին ամերիկյան Լուիզվիլում։ Թեման Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկայում հայտնված հայ որբերի՝ Արամի ու Սեդայի պատմությունն է, որ ամեն օր հիշում են իրենց ծնողներին, որ դարձել են ցեղասպանության զոհ։ Արամը Թուրքիայից իրեն ուղարկած 15 հայ աղջիկների լուսանկարներից ընտրել էր Սեդային եւ նրան հրավիրել ԱՄՆ՝ ամուսնության առաջարկով։ Ամեն մեկն իր հետ Միացյալ Նահանգներ է բերել մի մասունք՝ Արամը հոր վերարկուն եւ ընտանեկան լուսանկարը, իսկ Սեդան՝ մոր նվիրած տիկնիկը։ Թվում է զարհուրելի հիշողություններն անցյալում են եւ զույգն այլեւս կաորղ է երջանիկ ապրել ու բազմացնել ընտանիքը։ Սակայն պարզվում է, որ Սեդան չի կարող երեխա ունենալ։ Այդ անորոշություն մեջ նրանց կյանքում հայտնվում է մի այլ որբ անչափահաս՝ Վինսենթը, որին կարեկցում է Թոմասյանների երիտասարդ ընտանիքը։
Թե Արամի դերակատար, երիտասարդ, բայց արդեն ճանաչված 36-ամյա Մարտին Կրաուսը, եւ թե Սեդայի դերակատարուհի, Պրահայի գեղարվեստի կոնսերվատորիայի ավարտական կուրսի ուսանողուհի Դենիսա Լիցկովան հրաշալի ներկայացրեցին հայի կերպարը։ Նրանց խաղն այնքան անմիջական էր ու զգացմունքային, որ հանդիսատեսներից ոմանք կարծել էին, թե իրականում գլխավոր դերակատարները ազգությամբ հայեր են։ Վինսենթի դերակատար, նույնպես ուսանող Յոզեֆ Բանովեցը լիովին կարողացավ փոխանցել փողոցային որբի ողբերգական պատմությունը, իսկ հեղինակի դերակատար Իգոր Բարեշը դարձավ ներկայացման գլխավոր մեկնաբանը։
Վինսենթի եւ հեղինակի դերերը փոխարինում են նաեւ դերասաններ Ստանիսլավ Լեհկին եւ Միխալ Պազդերկան։
Հատկանշական է, որ ,,Կյանք 90,, չեխական հումանիտար կազմակերպությունը, որի հովանու ներքո գործում է ,,Ու Վալշու» թատրոնը, միայն ներկայացման բեմադրությամբ չէր բավարարվել։ Թատրոնի նախասրահում բացվել էր հայ ժողովրդի պատմությանն ու արվեստին նվիրված ցուցահանդես, իսկ ներկայացման ծրագրերին կից տրվում էր նաեւ Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվական թերթիկ։ Իսկ օրեր առաջ, կազմակերպությունում հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված ձեռնարկ անցկացվեց, որի նպատակն էր հանրությանը ծանոթացնել ոչ միայն հայկական մշակութային ու պատմական ժառանգությանը, այլեւ ,,Գազանը լուսնի վրա,, ներկայացմանը։
Մարտի 30-ի առաջնախաղն անցավ լեփ-լեցուն դահլիճում եւ ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից։
Ներկայացմանը հաջորդեց ընդունելություն, որի ընթացքում ներկաներին ողջունեց ,,Կյանք 90,, կազմակերպության նախագահ Յան Լորմանը։ Անդրադառնալով այս պիեսի նախորդ բեմադրություններին, նա նշեց, որ ռեժիսոր Տարանտի ներկա աշխատանքը եզակի եւ այլընտարանքային բեմադրություն է։ Նա կարեւորեց հայոց ցեղասպանության թեմայի արծածումը եւ ընդգծեց, որ թատրոնի կոլեկտիվն անհավատալի բարդ ճանապարհ է անցել, որպեսզի ունենա նման արդյունք։ Նա շնորհակալություն հայտնեց բեմադրության աջակիցներին, իսկ ռեժիսոր Տարանտը շնորհավորեց ներկայացման առաջնախաղի կապակցությամբ՝ թե դերասաններին, թե տեխնիկական աշխատողներին եւ թե՛ հանդիսականներին։
Ներկաներին ողջունեց եւ շնորհակալանքի խոսք ասաց նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով ընդգծեց, որ եթե ներկաներից շատերի համար սա ընդամենը թատերական խաղ է, ապա հայերիս համար անձնական պատմություն է։ ,, Երբ դիտում էի ներկայացումը, չէի պատկերացնում, որ դերասանները հայեր չեն,,- ասաց նա, ավելացնելով, որ ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը նշում են ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, եւ նման ներկայացումը այդ տարելիցի նախաշեմին եւս մի անգամ հիշեցնում է, որ անկախ անցյալը մոռանալու մասին կոչերին, հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չի մոռացվի։ ,,Ուրախ ենք, որ կան Ձեզ նման մարդիկ, որոնք այս թեման ներկայացնում են չեխ հանդիսատեսին,,- ասաց Հայաստանի դեսպանը։
Ի դեպ, կազմակերպության ջանքերով ընդունելությանը ներկաների համար ապսպրել էին հայկական գինի, լավաշ եւ հրուշակեղեն։
Հ.Ասատրյան, ՕՐԵՐ
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ ներկայացման փորձերից, գլխավոր փորձից եւ առաջնախաղից, ինչպես նաեւ ընդունելությունից։
Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի եւ Վիկտորիա Պերլովայի
Հ.Գ. Նրանք ովքեր ապրիլ ամսին կլինեն Պրահայում, ներկայացումը կարող են դիտել նաեւ ապրիլի 11-ին, 18-ին եւ 23-ին։
Տոմսի գինը՝ 250 կրոն