Այսօր Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչեւ 12 տարեկանների մրցույթում առաջին տեղը գրավեց Մամիկոն Ղարիբյանը, իսկ մինչեւ 18 տարեկանների մրցույթում՝ Մանուել Պետրոսյանը։ Նրանց պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը։ Հայաստանի եւս երեք ներկայացուցիչներ գրավեցին մրցանակային տեղեր եւ արժանացան մեդալների ու գավաթների։ Հայկ Մարտիրոսյանը, ով 4 տարի առաջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Պրահայում, այս անգամ 18 տարեկանների մրցույթում գրավեց 5-րդ տեղը։ Մինչեւ 12 տարեկան աղջիկների մրցույթում Մարիամ Մկրտչյանը գրավեց 4-րդ տեղը, իսկ Արամ Հակոբյանը 16 տարեկանների մրցույթում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Եւս մեկ հայուհի՝ 12 տարեկան Եվա Ստեփանյանը Ռուսաստանից գրավեց 3-րդ տեղը։