Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
zatik kristosՀիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: