Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
venetik dasentatsՊատմություն դարձավ Վենետիկի ՙՊո-Արաքս՚ ընկերակցության կողմից Կա’ Ֆոսկարի համալսարանում կազմակերպվող հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթացի ևս մեկ տարի։ Այս տարին հոբելյանական էր, լրացավ դասընթացի երեսնամյակը։ Կա՞ արդյոք Սփյուռքում մեկ այլ հաստատություն, որը երեսուն տարի անընդմեջ հանդես գա նման նախաձեռնությամբ։ Ինչպես նշում է դասընթացի հիմնադիր, գերապայծառ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, առաջին տարիներին իրենց մտքով, անշուշտ, չէր անցնում, որ ամառային դպրոցը կհասնի երեսնամյա հոբելյանին, որ կլինեն այլ զարգացումներ ևս։ Հիմնականում եվրոպահայերի համար նախատեսված դասընթացը տարեցտարի աճեց, ընդլայնվեցին դասավանդվող առարկաները, նրան մասնակցելու սկսեցին գալ Հայաստանից, մինչև անգամ՝ հեռավոր Չինաստանից և Ճապոնիայից… Դասընթացը տեղի է ունենում ճիշտ վայրում՝ Եվրոպայի սրտում, նմանը չունեցող մի քաղաքում, որը հարուստ հայկական ավանդներ և հայկական շարունակական ներկայություն ունի (բավական է նշել Վենետիկի բիենալեի կողմից հայկական տաղավարին այս տարի ՙՈսկե առյուծ՚ գլխավոր մրցանակի շնորհումը)։ Իր բնույթով եզակի այս դասընթացի նպատակը սոսկ արևմտահայերենի պահպանումը չէ, այլև հայ մշակույթի տարածումը, հայաշխարհին հուզող հարցերի արծարծումը, աշխարհացրիվ հայության և հայերենով հետաքրքրվող այլազգիների մի յուրօրինակ ցանցի ստեղծումն ու զարգացումը։ Իսկ նրանց թիվը վաղուց անցել է հազարը, նրանց մեջ կան այսօր աշխարհի տարբեր երկրների հայագիտական ամբիոնների աշխատակիցներ, իրենց արմատները փնտրող սփյուռքահայության տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մարդիկ, որոնց պարզապես հետաքրքրում է հայոց գիրը, լեզուն, արվեստը, պատմությունը, անձինք… Այս տարի ուսանողները տասներեք երկրից էին՝ Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Հունգարիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ռումինիա, ԱՄՆ, Կանադա, Հայաստան, Թուրքիա, Ճապոնիա։