Օքսֆորդի Բոդլեյան գրադարանային ցանցի արխիվային հատուկ հավաքածուներում Հայոց ցեղասպանությանն առնչվող շատ արժեքավոր նյութեր կան։ Տարբեր հավաքածուներում ցրված այդ նյութերը հանձնված են Վեսթոն գրադարանի պահպանությանը։ Դրանք հիմնականում անգլերեն և ֆրանսերեն են, սակայն կան նաև հայերեն, գերմաներեն ու արաբերեն նյութեր։ Իբրև Հայոց ցեղասպանության հետազոտության Օքֆսորդյան ցանցի (The Oxford Network for Armenian Genocide Research) առաջին գիտական այցելու ամփոփել ու 2022-ի հունվարին կենտրոնին եմ հանձնել արխիվի ծանոթագրված մատենագրությունը՝ ապագա գիտական հետազոտությունները դյուրացնելու նպատակով։
Բոդլեյան գրադարանային ցանցի արխիվային հատուկ հավաքածուների մեջ Հայոց ցեղասպանության մասին նյութերով գլխավոր մի քանի հավաքածուներ կան, որոնց մեջ առաջնային են վիկոնտ Ջեյմս Բրայսի հսկայածավալ արխիվի «Հայաստանին առնչվող 1876-1922 թթ. Փաստաթղթեր» մակագրությամբ գրեթե 25 արկղներում պահվող նամակագրությունն ու տարբեր նյութերը, Արնոլդ Թոյնբիի արխիվի «Հայկական հարց 1914-1928» հավաքածուն, և բնականաբար Բրիտանական Հայաստան հանձնախմբի (British British Armenia Committee) 1915-1938 թթ. Արխիվը։ Զեկուցագրեր ու վկայություններ են պահվում նաև կոմս Ջոն Ուոդհաուսի, Դրամմոնդ-Հայի ընտանիքի, վիսկոնտ Միլների, Ջոն Վիլյամ Դոդսոնի (Մոնք Բրետոնի երկրորդ կոմս) արխիվներում։
Զեկուցագրերի, բայց հատկապես նամակա•րությունների հիման վրա կարելի է կազմել Արևտմյան Հայաստանում գործող տարբեր կազմակերպությունների, ընկերությունների, դպրոցների քարտեզը, ինչպես նաև հետևել Հայկական հարցի լուծման ուղղությամբ եվրոպական քաղաքներում ակտիվորեն աշխատող հայերի գործունեությանն ու եվրոպացի և ամերիկացի գործիչների հայանպաստ ջանքերին։ Արխիվացված օրագրերը զգալի մանրամասներ են փոխանցում Օսմանյան կայսրության հայաբնակ վիլայեթների փաստացի իրավիճակի մասին։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հայկական պոեզիայի եզակի նմուշների անգլերեն թարգմանությունները։ Հայտնաբերվել է նաև ազգությամբ դանիուհի Ինգա Նալբանդյանի Հայաստանին նվիրված եռագրության առաջին մասի նախորդ դարասկզբին բնագրից կատարված թարգմանությունը «Հայաստանի ճիչը» (Armenia’s Outcry) վերնա•րով, ինչը միայն 2006 թվականին է Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի ջանքերով ամբողջապես թարգմանվել ու հրատարակվել անգլերենով «Քո եղբոր արյան ճիչը» վերնագրով (Your Brother’s Blood Cries Out)։
Իռլանդական ծագումով ազատական քաղաքական գործիչ, Միացյալ Նահանգներում 1907-1913 թթ. Միացյալ թագավորության դեսպան, Օքսֆորդի պատմաբան և բրիտանական խորհրդարանին ներկայացված հանրահայտ «Կապույտ գրքի» համահեղինակ Ջեյմս Բրայսը տարիներ շարունակ ականատեսների վկայություններ, իրազեկման ու աջակցության խնդրանքով բազմաթիվ նամակներ է ստացել Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից, Թիֆլիսից, Երևանից, Փարիզից, Վենետիկից, ԱՄՆի տարբեր քաղաքներից։ Մշտական նամակագիրների մեջ են Արշակ Չոպանյանը, Մինաս Չերազը, Կարապետ Փափազյանը, հաճախ են գրել Յոհաննես Լեփսիուսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Արնոլդ Թոյնբին, Պոլսո Հայոց պատրիարքը, Չարլզ Վիքարին, Ջեյմս Բարթոնն ու Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույցի պաշտոնյաներ, դպրոցների ու որբանոցների տնօրեններ, խաղաղության բանակցություններում հայկական պատվիրակությունների ղեկավարներ Նուբար Փաշան ու Ավետիս Ահարոնյանը, նամակներ կան նաև Ամենայն Հայոց կաթողիոս Խրիմյան Հայրիկից։
Օքսֆորդի մեկ այլ պատմաբան Արնոլդ Թոյնբիի արխիվում առավելաբար պահպանված են տարբեր գրքույկներ ու զեկուցագրեր, ներառյալ Լոնդոնի Լորդ քաղաքապետի հայկական ֆոնդի հրատարակությունները, Հայկական հարցի լուծման տարբեր առաջարկների, Մշո կոտրածների, Վանի ինքնապաշտպանության մասին, նամակագրություն տարբեր պաշտոնյաների և «Հայաստանի բարեկամներ» կազմակերության հետ։ Թոյնբիի արխիվում են նաև հայկական նկրտումների և հեղափոխական շարժումների մասին երկու ալբոմներ, որոնք ուշագրավ են նրանով, որ ներառում են մի քանի հեղափոխական կուսակցությունների հերոսների ու նրանց գործունեության մասին, առանց խտրական առանձնացումների։
Անհրաժեշտ է նաև նշել, որ արխիվներում պահպանվել են նաև Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից հետո ծա•ած Ղարաբաղյան խնդրին առնչվող նամակներ ու զեկուցագրեր։
Աննա Կարապետյան
ՊՐԱՀԱ -ՕՔՍՖՈՐԴ
ՕՐԵՐ ԱՄՍԱԳԻՐ, 8-12, 2021 Թվական