Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի հստակ նպատակ` հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

« Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը արվել է նաև խորհրդային տարիներին և Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կողմից մշտապես վարվել է այնպիսի քաղաքականություն, որ հայերի կյանքը Արցախի տարածքում լինի ոչ այնքան նպաստավոր և ավելի նպաստավոր լինի, օրինակ` ադրբեջանական այս կամ այն քաղաքում, որ թողնեն ու հեռանան և այդ քաղաքներում փոքրամասնություն կազմեն, հնարավորինս լքեն Արցախի տարածքը: Այդպիսով, Արցախի տարածքը կբնակեցվի Ադրբեջանի տարբեր շրջաններից բերված ադրբեջանցիներով»,- ասաց Ստեփանյանը:

 
 

Արցախի ՄԻՊ-ի խոսքով`Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ կնքվեց հրադադարը, կարծես թե Արցախի անվտանգությունը և բնակիչների կյանքի իրավունքի ապահովումը սեփական ուժերով հնարավոր եղավ ապահովել, բայց դրանից հետո ավելի մեծ թափ ստացավ Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը:

« Դա մտավ դպրոցներ, կոնկրետ ուղղորդված տարբեր միջոցառումներ էին կազմակերպվում, ամեն գնով արվեց այնպես, որ Ադրբեջանում դաստիարակվի մի սերունդ, որը բառացիորեն ատում է և չի հանդուրժում հայ մարդուն, ընդ որում, հայ քրիստոնյա մարդուն, որովհետև երկու բաղադրիչները կան` և էթնիկ ատելությունը, և կրոնական»,- ընդգծեց Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ ատելությանն ականատես եղան, որովհետև ադրբեջանցիները ոչ միայն դաժանորեն սպանում և խոշտանգում էին հայ զինվորներին, այլ նաև պղծում էին հայկական քրիստոնեական ժառանգությունը: