«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը», Գասպար Կարապետյան, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակ
Այսօր Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) հրատապ ընթացակարգով և ճնշող մեծամասնությամբ (635 կողմ, 2 դեմ, 42 ձեռնպահ) Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւ ընդունեց։
Մանրամասն անդրադառնալով խնդրի էությանը՝ ԵԽ լիագումար նիստի ընթացքում քննադատվեց Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը դիտարկվում է որպես այդ երկում պետական մակարդակով տարվող, համակարգված հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում առաջին անգամ օգտագործվում է «արմենոֆոբիա» եզրույթը։ Շեշտվում է, որ մշակութային ժառանգության ոչնչացումից բացի Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումներից են նաև պատմության սրբագրումը, հայերի նկատմամբ բռնության փառաբանումը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները, ինչը վտանգում է խաղաղությունը և խաթարում անվտանգությունը Հարավային Կովկասում։
Եվրախորհրդարանը քննադատում է Ադրբեջանի ծավալապաշտական, ռազմատենչ քաղաքականությունը և կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել առավելապաշտական նկրտումներից։ Բանաձևում նաև շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռևս կարգավորված չէ, և որ այն պետք է հստակեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ թույլ տալ իրականացնելու իր առաքելությունը տեղում՝ խորհրդակցելով նաև հայ մասնագետների հետ և առաջարկում է օգտագործել Եվրամիության արբանյակային հնարավորությունները փաստերն արձանագրելու համար։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն կոթողները ոչնչացնելով և վնասելով, այլեւ պատմությունը կեղծելով և փորձելով դրանք ներկայացնել որպես այպես կոչված Կովկասյան Ալբանիայի ժառանգություն։ Այս համատեքստում նշվում է Ադրբեջանի մշայկույթի նախարարության կողմից սույն տարվա փետրվարին աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակը պատմության սրբագրումն է։
Անդրադառնալով ԵԽ բանաձևին՝ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտեց․ «Վերջին ամիսներին Եվրապատգամավորների հետ տարվող անդադրում և նպատակաուղղված իրազեկման աշխատանքը թե՛ Բրյուսելում ՀՀ դեսպանատան, թե՛ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի կողմից տվեցին իրենց արդյունքը։ Դրան նպաստեց նաև Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի այցը Բրյուսել, Եվրախորհրդարանում փետրվար ամսին Արցախի հետ բարեկամության խմբի վերակազմումը, ինչպես նաև հունվարին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի այցը Բրյուսել»։
«Փաստ է, որ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։ Սա կարևոր լծակ է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այդ երկրի բարբարոսական քաղաքականության վերաբերյալ բարձրաձայնելու համար», ամփոփեց Գասպար Կարապետյանը։
.......................................................................................................................................................................................................................................
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևն ընդունվել է 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով:
Ինչպես ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը, բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը:
Այն փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր,
Բանաձևն ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավիրելու, բայց նաև պատմության կեղծման և այն որպես, այսպես կոչված, կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով, և արձանագրում, որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար պատասխանատու աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Բանաձևն ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում:
Այն ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին:
Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից:
Այն կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար: